Ցանկացած հայի համար հաճելի է, երբ հայ ժողովրդի, նրա նշանավոր զավակների մասին լսում է գովեստի խոսքեր: Մանավանդ, երբ գովաբանողները այլազգի տաղանդավոր ու հանճարեղ մտածողներ են: Եվ փառք Աստծո, դրանց թիվը քիչ չէ, որոնք երկուսուկես հազար տարվա ընթացքում հայ ժողովրդի հասցեին շռայլել են գովեստի հազարավոր էջեր:
Չնայած այդ ամենին, այնուամենայնիվ, երբեմն զարմանալ կարելի է առանձին բնութագրումների, եզրակացությունների վերաբերյալ, չգիտես դա չափազանցություն է, գերարժեւորում այն աստիճանի, որ սկսում ես կասկածել, անգամ չհավատալ: Բայց երբ այդպիսի եզրահանգման հեղինակը հանրաճանաչ մեծ մտածող է, ապա այդ ամենն անտեսել պարզապես չի կարելի: Իսկ եթե այդպես է, հետեւաբար պետք է փորձել հասկանալ նման եզրահանգման բանական, տրամաբանական հիմքերը: Այստեղ նշեմ, որ գիտության պատմությանը հայտնի են բազմաթիվ գիտական հիպոթեզներ (օրինակ՝ ատոմի գաղափարը), որոնք բանական բացատրություն են ստացել շատ տարիներ, նույնիսկ տասնամյակներ ու հարյուրամյակներ անց: Այսինքն՝ մեծ մտածողները հաճախ ինտուիտիվ եզրակացություններ են կատարում, որոնք իր ժամանակակիցների մեծամասնության համար անըմբռնելի են, անգամ սկսում են քննադատել գաղափարի հեղինակին, մեղադրել չիմացության մեջ: Նույնը վերաբերում է ոչ միայն գիտնականներին, այլեւ մյուս բոլոր մեծերին, որոնք էլ հենց առաջ են մղել մարդկությունը:
Տասնյակ տարիներ ինձ համար մտորումների առիթ է եղել ֆրանսիացի մեծ մտածող, Փարիզի ակադեմիայի անդամ Ժոզեֆ-Պիտոն դը Տուռնեֆորի (1656–1708) տեսակետը. «Հայերն աշխարհի լավագույն ժողովուրդն են, առաքինի են, բարեկիրթ, համակված են ողջախոհությամբ ու պարկեշտությամբ»:
Առաջին տպավորությամբ այդպիսի եզրահանգումը կարող է ընկալվել իբրեւ չափազանցություն, ոչնչով չհիմնավորված պնդում: Ամենաազգայնամոլ հայն անգամ չի համարձակվի բարձրաձայնել նման եզրակացությունը: Բայց արի ու տես, որ մի այլ մտածող, ֆրանսիացի պատմաբան, հանրահայտ աշխարհագրագետ Է. Ռեկլյուն (1830–1905) գրում է. «հայ գյուղացուն կարելի է վերագրել Տուռնեֆորի ասածը. «հայերը աշխարհի ամենալավ ժողովուրդն են՝ առանց մեծ չափազանցության»: Սա արդեն լուրջ է, նշանակում է նման պնդում կատարելու համար ինչ-որ լուրջ հիմքեր այնուամենայնիվ կան:
Կարդացեք նաև
Բայց սա ամենը չէ: Տուռնեֆորից ավելի քան հարյուր տարի անց նմանատիպ եզրակացություն է կատարում անգլիացի մեծ պոետ լորդ Ջ. Գ. Բայրոնը («լորդ» բառը անտեղի չեմ գրում, որովհետեւ դա նշանակում է, որ նա ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը): Նա գրում է. «Հայերի առաքինությունը իրենցն է, իսկ թերությունները՝ ուրիշներից առած»: Կարճ ասած՝ հայերը առաքինի են եւ անթերի:
Եվ այսպես շարունակ: Կարելի է գովեստի նման խոսքերն անընդհատ բազմապատկել, սակայն միեւնույն է՝ հարցական են մնում այդպիսի եզրակացության հիմքերը: Առաջին հայացքից թվում է, որ նման եզրակացության համար անհրաժեշտ են շատ ավելի բազմապիսի գիտելիքներ բազմաթիվ ժողովուրդների վերաբերյալ, ինչն էլ հնարավորություն կտա համեմատության միջոցով հանգել քիչ թե շատ որոշակի եզրակացությունների: Այսինքն՝ անհրաժեշտ են ուսումնասիրված որոշակի ամբողջություն ունեցող քանակական գիտելիքները, ինչը նշված հեղինակների ժամանակ դեռեւս բավականին սուղ էին: Հետեւաբար, եզրակացությունների համար պետք էր ունենալ այլ մեկնակետ:
Սակայն մեր կարծիքով, այդ մեկնակետի հիմքում ընկած են ընդամենը մի քանի հանրահայտ պատմական իրողություններ. 1) հին հունական եւ հռոմեական պատմիչների վկայությունները հայերի եւ Հայաստանի վերաբերյալ, 2) այն փաստը, որ թեեւ Հայկական լեռնաշխարհում եւ Միջագետքում դեռեւս անտիկ շրջանում ապրել են մի քանի տասնյակ ժողովուրդներ, բայց գոյատեւել են դրանցից ընդամենը մի քանիսը, այդ թվում՝ հայ ժողովուրդը, 3) սկսած Հռոմեական եւ Պարսկական հին ժամանակաշրջանից եւ ամբողջ Միջնադարում թեեւ Հայաստանը եղել է բազմաթիվ վայրագ արշավանքների թատերաբեմ (արաբներ, մոնղոլներ, սելջուկներ, օսմանցիներ, եւ այլն), սակայն հայերը շարունակել են գոյատեւել Հայկական լեռնաշխարհում, 4) հայ ժողովրդի խաղաղասիրությունը, ինչը դրսեւորվել է ինչպես Հայկական հզոր թագավորությունների, այնպես էլ պետականության կորստից հետո, 5) աշխարհում հայերի հեղինակության բարձրացմանը նպաստել է նաեւ անշուշտ հայկական գաղթօջախների առկայությունը բազմաթիվ, այդ թվում՝ եվրոպական պետություններում, որտեղ հայերը նպաստել են այդ երկրների բարգավաճմանը, 6) հայոց լեզվի գոյությունը եւ անընդհատ զարգացումը եւ այդ լեզվով ստեղծված աստվածաբանական, փիլիսոփայական, գիտական, գրական ժառանգությունը, ինչպես նաեւ գրահրատարակչական ժառանգությունը եւ ուրույն մշակույթի ստեղծումը, 7) հայկական քաղաքակրթության առկայությունը եւ հայերի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Նշված ելակետային գաղափարները, իհարկե, սպառիչ համարել չի կարելի, անշուշտ կան եւ չեն կարող չլինել այլ գաղափարներ, սակայն առայժմ բավարարվենք այսքանով: Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ նշված գաղափարներն արտահայտվել են վերջին երկուսուկես հազար տարվա ընթացքում, եւ անհրաժեշտ է հասկանալ, թե այդ ամենի հիմքում ինչն է ընկած: Այլ կերպ ասած, պետք է պատասխանել, թե ո՞վ է հայը, ի՞նչ առանձնահատկություններ ունի, ի՞նչն է ապահովել նրա գոյությունը բազում հազարամյակների ընթացքում: Այստեղ ցանկանում եմ մեծ մտածող Ի. Կանտի հայերի մասին տված բնութագրումից առանձնացնել հետեւյալը. «աշխատասեր եւ խելոք ժողովուրդ», ունի «հատուկ ծագում», «բոլոր ժողովուրդները նրանց ընդունում են գրկաբաց», նրանք ունեն «գերազանց խառնվածք», նրանց «նախնական ձեւավորման մասին ի զորու չենք խոսել» (Կանտի հայերին տված բնութագրմանը հակիրճ անդրադարձել ենք «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի եւ արմենիզմի մասին» էսսեում):
Կարծում եմ այսօր էլ «ի զորու» չենք լիարժեք պատասխաններ տալ Կանտի առաջադրած հարցերին, բայց, այնուամենայնիվ, առկա տվյալների հիման վրա որոշակի պատկերացումներ կարելի է եւ անհրաժեշտ է ձեւավորել, ինչպես նաեւ կատարել որոշակի ենթադրություններ:
Նախ՝ «հատուկ ծագման» մասին: Այսօր էլ պատմագիտությունը ի զորու չէ հայերի ծագման վերաբերյալ տալ ամբողջական եւ լիարժեք բացատրություն: Մի բան պարզ է, որ հայ ժողովրդի ծագումը, զարգացումը, ձեւավորումը թաքնված է վաղնջական, բազմահազար տարիների հեռավոր թանձր մշուշով: Համենայնդեպս նշեմ, որ արդի գենետիկական հետազոտությունների հիման վրա հայերն իրենց լեռնաշխարհում ապրում են ավելի քան 7-8 հազար տարի: Այդ մասին են վկայում թեկուզ նրա լեզուն եւ մշակույթը: Հասկանալի է, որ լեզվի կատարելությունը, մշակվածությունը, հարուստ բառապաշարը, մտքեր, գաղափարներ, գիտելիքներ, հույզեր արտահայտելու ունակությունը չէին կարող ստեղծվել անգամ դարերի ընթացքում, այդ ամենի համար հաստատ պետք էին հազարամյակներ: Մյուս կողմից, լեզվի զարգացման համար անհրաժեշտ էր նաեւ հարուստ մշակույթ, որի զարգացման համար նույնպես անհրաժեշտ էին հազարամյակներ: Լեզուն եւ մշակույթը, մեկը մյուսին լրացնելով՝ փոխհարստացնելով, ինչպես նաեւ ստեղծագործաբար յուրացնելով եւ սինթեզելով հարեւանների լեզուների եւ մշակույթների լավագույն արժեքներն ու ավանդույթները, դարձան տարածաշրջանային նշանակություն ունեցող, կարելի է ասել, տիրապետող լեզու եւ մշակույթ: Այդ է վկայում այն հանգամանքը, որ հազարամյակների ընթացքում հայկական լեռնաշխարհում հայ ժողովուրդը կարողացավ գոյատեւել:
«Հատուկ ծագման» մասին խոսելիս կարծում եմ չի կարելի չանդրադառնալ Հայոց լեռնաշխարհին: Սովորաբար լեռներում բնակվելը դիտվում է իբրեւ արտաքին հարձակումներից պաշտպանվելու լավագույն եղանակ, սակայն դրանով սահմանափակվելը չի տալիս բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ: Լեռնային շրջանների բնակիչը ստիպված է մշտապես մաքառել ու հարմարվել դաժան բնակլիմայական պայմաններին, իսկ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են մարդկանց համատեղ ջանքեր, ինչն էլ ստիպում է մշակել համակեցության հատուկ, ավելի խիստ ձեւեր, քան դրանք կարող են լինել հովտային շրջաններում: Մյուս կողմից լեռները մարդկանց տալիս են որոշակի առավելություններ, օրինակ, աշխատանքային գործիքներ, կացարաններ պատրաստելու հումք (օբսիդիան, պղինձ, անագ, երկաթ, բազմապիսի շինանյութ եւ այլն), պաշտպանության ավելի դյուրին միջոցներ եւ այլն: Եվ վերջապես համոզված եմ, թեեւ չեմ կարող հիմնավորել, լեռները մարդկանց տալիս են հոգեւոր լիցք, ոգեղենություն, ձեւավորում յուրահատուկ մտածելակերպ եւ դրան համապատասխան ապրելակերպ: «Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» բանաձեւը, կարծում եմ, ամբողջությամբ հատուկ է առաջին հերթին հենց լեռնցիներին: Այդ են վկայում ոչ միայն հայերի, այլեւ բոլոր լեռնային ժողովուրդների ապրելակերպը, վարքերն ու բարքերը:
Կարծում եմ պատահական չէ, որ օրինակ, Միջագետքում, Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտային շրջաններում ձեւավորված քաղաքակրթությունները անընդհատ փոփոխվել են, իսկ Հայկական լեռնաշխարհում ձեւավորված հայկական քաղաքակրթությունը մշտապես պահպանել է իր կայուն զարգացումն ու գոյությունը:
Ամենեւին պատահական չէ, որ լեռնցին ուզի, թե չուզի պետք է լինի ազնիվ, առաքինի, հյուրասեր, աշխատասեր ու պրպտող, ֆիզիկապես ու հոգեպես առողջ, ավանդապահ, հասարակական ու անհատական կարգ ու կանոնի ջատագով, նախաձեռնող ու համարձակ եւ այլն, եւ այլն: Այնպես, ինչպես ինքն է գրկաբաց ընդունում հյուրերին, այնպես էլ իրեն կընդունեն գրկաբաց: Լեռնեցին կարոտ է հյուրերի, որովհետեւ լեռնաբնակը մեկուսացած է աշխարհից եւ կարիք ունի տեղեկանալու շրջապատող աշխարհի անցուդարձից: Եվ որպես հետեւանք ձեւավորվել է Ի. Կանտի նշած «գերազանց խառնվածքը»: Պարզ է, որ այս ամենի կրողը առաջին հերթին գյուղացին է, որին էլ Ռեկլյուն իրավացիորեն վերագրում է Տուռնեֆորի հայերի մասին ասված խոսքերը:
Մի քանի խոսք «գրկաբաց ընդունելության» մասին: Հանրահայտ է, որ հայ առեւտրականները հարյուրամյակներ շարունակ զբաղվել են առեւտրական գործերով, իսկ դա նշանակում է, որ նրանք առեւտրական գործարքներ կատարելիս, որքանով էլ որ հետապնդել են անձնական շահ, այնուամենայնիվ, չեն դիմել խաբեության, եւ ընդհակառակը՝ կարողացել են հաճախորդներին (իսկ դրանք եղել են թագավորական ընտանիքների անդամներ, խոշոր իշխաններ ու ֆեոդալներ, ազնվականներ, տեղական խոշոր առեւտրականներ) ապացուցել իրենց ազնվությունը, բարյացակամությունը, առանց որի չէին կարող արժանանալ «գրկաբաց ընդունելության», առավել եւս հաճախ կատարել են նաեւ թարգմանի, դիվանագիտական հանձնարարություններ կատարողի դեր: Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում հայ առեւտրականների ընտանիքների անդամները դարձել են դիվանագետներ եւ անգամ արտաքին գործոց նախարարներ:
Հայերին բնութագրող հատկանիշներից է նաեւ, ինչպես նշեցինք, նրանց խաղաղասիրությունը: Այս մասին է վկայում, օրինակ, Տուռնեֆորը. «(հայերը) իրենց երջանիկ են համարում, երբ զենքի հետ գործ չեն ունենում. ի տարբերություն այլ ազգերի, զենք վերցնում են միայն հարձակումներից պաշտպանվելու համար»: Արժանահիշատակ է ռուս պատմաբան Ս. Գլինկայի (1775-1847) հավաստիացումը. «Ես գովերգություն չեմ գրում, եւ որքան հեռու են (հայերի մասին) բոլոր պատմությունները գովերգությունից: …Հայերն իրենց ազգային ոգու բարոյական հատկանիշներով չեն տարվել նվաճողական բուռն պոռթկումներով. դրանք եղել են անցողիկ: Հայրենիքի պաշտպանությունը, սեփական անկախության պահպանումը, արտաքին բռնության փորձերին դիմակայելը, – ահա նրանց զինվելու գերագույն նպատակը: Սա է պատճառը, որ Միհրը, նրանց պատերազմի Աստվածը, եղել է ոչ թե թանձրացական, այլ հոգեւոր կրակ, որը պահպանել է եւ ոչ թե կործանել բնություն եւ մարդ»: Ահա թե ինչ է գրում Ջ. Բայրոնը. «Դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որն ավելի զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները՝ բռնադատման հետեւանք»: Ուշադրության է արժանի նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքական, պետական խոշորագույն գործիչ Ու. Գլադստոնի (1805-1898) խոսքը. «Հայերը քրիստոնեական քաղաքակրթության ամենահին ժողովուրդներից են եւ աշխարհի ամենախաղաղ, ձեռներեց ու խելամիտ ժողովուրդներից մեկը»: Կարծում եմ հենց աշխատասիրությունը, խաղաղ ապրելու ձգտումը, ինչպես նաեւ ողջախոհությունն են այն հիմնական պատճառները, որ Հայաստանում ստրկատիրություն, որպես այդպիսին, չձեւավորվեց: Մեջբերումների այս շարքը կարելի է անընդհատ շարունակել՝ հիշելով գերմանացի արեւելագետ Վ. Բելքին, Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ս. Մ. Ժիրարդեին, ռուս ռազմական պատմաբան Վ. Աբազային եւ այլոց, սակայն բավարարվենք այսքանով: Պարզապես ավելացնեմ, որ հայերի խաղաղասիրության ապացույցը հայոց պատմությունն է՝ լեցուն անկախության եւ ազատագրական պայքարի դրվագներով, ամբողջ Արեւելքում հայտնի իր այրուձիով, մեծամեծ զորավարների, պատերազմական հերոսների մասին էջերով եւ վերջապես ապացույցներից լավագույնը «Սասնա ծռեր» դյուցազնավեպն է:
Խաղաղասիրության օրինակ կարող է լինել Մեծ Հայքի հզոր կայսրության արքայից արքա Արտաշես Բ-ն, ով իր թագավորության սահմանները գծանշեց ոչ թե զենքի ուժով, այլ՝ հայերեն լեզվով խոսող բնակչության առկայությամբ: Իր հերթին խաղաղասեր լինելը, կարծում եմ, պայմանավորված է աշխատասիրությամբ եւ սեփական քրտինքով ունեցվածք ձեռք բերելու ունակությամբ: Հազարավոր տարիներ ապրելով լեռնաշխարհի դաժան պայմաններում` սովորել են իրենց ապրուստը հայթհայթել, ապահովել քրտնաջան աշխատանքով, բնության օրենքները ճանաչելով, եւ միաժամանակ հասկանալով, որ ուրիշների ունեցվածքը թալանելով, աղքատացնում են իրենք իրենց: Այսպիսի պայմաններում մշտապես լինելով շրջապատող թալանչիների զոհը, մեկընդմիշտ յուրացրել են այն գաղափարը, որ թալանելը լավ ապրելու լավագույն եղանակը չէ:
Թալանը, գողանալը, ուրիշի ինչքին տիրանալը միշտ առաջացնում է դիմադրություն եւ թալանի արդյունքում ոչ միայն ձեռք ես բերում, այլեւ կորցնում ես: Կորցնում ես քո զավակներին, քո հոգեկան հանգստությունը, իսկ հաճախ նաեւ ինքդ ես դառնում թալանի զոհ: Հայերի աչքի առջեւ անհետացել են բազմաթիվ հզոր կայսրություններ իրենց ժողովուրդներով: Յուրաքանչյուր պատերազմ, անգամ հաղթականը, ծնում է նոր պատերազմ եւ, որպես կանոն, հաղթողը դառնում է պարտվող: Այդպես են աշխարհի երեսից վերացել շումերները, աքքադները, Ասորեստանը, Հռոմեական եւ Պարթեւական վայրագ կայսրությունները:
Դժբախտաբար այդ նույն ուղիով է ընթացել Եվրոպական քաղաքակրթությունը: Որդեգրելով հունական փիլիսոփայական ռացիոնալիզմը, եվրոպացիները կարողացան մեծապես խթանել գիտության եւ տեխնիկայի առաջընթացը, զարգացնել արվեստը եւ միաժամանակ ժառանգելով Հռոմեական կայսրության դաժան, վայրագ ու անբարո ամբողջ զինանոցը, հետամուտ լինելով այսրոպեական տնտեսական եւ քաղաքական շահին, կարողացան մարդկանց համար ապահովել բարեկեցիկ կյանք, բայց միայն «ոսկե միլիարդի» համար: Եվրոպական Լուսավորականության մեծ մտածողները, որ առաջադրեցին մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը, Ֆրանսիական հեղափոխության «ազատություն, հավասարություն, եղբայրություն» բանաձեւը, փաստորեն, չունեցան արժանի հետեւորդներ եւ չապահովեցին «եղբայրության» գաղափարի մարմնավորումը: Կարծում եմ հենց այս ամենը հանրահայտ հնագետ Հ. Շլիմանին հանգեցրել է այն եզրակացության, որ «Եվրոպայի ողբերգությունն այն է, որ նրա քաղաքակրթության հիմքում ընկած է հունական, այլ ոչ թե հայկական մշակույթը»:
Արեւմուտքն այսօր քաղում է իր ցանած բերքը՝ միջազգային ահաբեկչությունը եւ միջազգային միգրացիան, որոնք իր անցյալ մեղքերի պատասխանն են: Դրանք միայն ծիլերն են: Եվրոպան դեռ շատ բան ունի հատուցելու վայրագությունների, թալանի, մշտական պատերազմների, հարյուրավոր ժողովուրդներին պատճառած վնասների դիմաց:
Մի քանի խոսք հայկական գաղթօջախների մասին, որոնք ունեն հազարամյակների պատմություն եւ այդ մասին ստեղծվել է ահռելի գրականություն, ուստի ցանկանում եմ անդրադառնալ միայն մի առնչությամբ: Դրանց մի մասն ստեղծվել է շնորհիվ հայերի գաղթի, երբ տարբեր պատճառներով հայերն ստիպված են եղել հեռանալ իրենց բնօրրանից, մյուս մասը՝ վայրագ պետությունների բռնի տեղափոխման հետեւանքով: Բռնի տեղահանումը հետապնդել է մի քանի նպատակ՝ հայաթափել հայկական տարածքները, դրանք մեկընդմիշտ յուրացնելու համար, մյուս կողմից՝ թշնամի հարեւան պետությունների համար այդ տարածքները դարձել են ոչ գրավիչ նրանց համար (հարձակվող զորքն այլեւս չի կարող ունենալ ավար, զորքը կզրկվի պարենից եւ այլն): Մի քանի պետություններ (Բյուզանդիա, Պարսկաստան եւ այլն) բռնագաղթեցնելով եւ այլ միջոցներով հայ բնակչությանը իրենց տարածքներում տրամադրում էին հողատարածքներ, շնորհում էին արտոնություններ, անգամ տրամադրում նյութական միջոցներ, ապահովում էին կրոնական ազատություն, թույլատրում ներքին ինքնավարություն եւ այլն: Կարճ ասած՝ ապահովում էին ազատ զարգացման բոլոր հնարավորությունները: Մի շարք այլ պետություններ, որտեղ ստեղծվել էին հայկական խոշոր համայնքներ, դրանց շնորհում էին բազմաթիվ արտոնություններ (Լեհաստան, Տրանսիլվանիա, Ռուսաստան եւ այլն):
Այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել Ղրիմի պատմությունից մի դրվագ: Երբ Եկատերինա կայսրուհին իշխան Պոտյոմկինին հանձնարարեց գրավել Ղրիմի խանությունը, նա դիմեց հետեւյալ քայլին. Ղրիմի հայերին ու հույներին տրամադրեց ընդարձակ հողատարածքներ, շնորհեց բազմաթիվ արտոնություններ, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց խանությունը զրկվեց աշխատող տարրից, տնտեսապես քայքայվեց, որի արդյունքում Ղրիմի խանությունը դադարեց գոյություն ունենալ: Դրան զուգահեռ Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում շնորհիվ հայության կարողացավ քաղաքակրթել այդ տարածքը եւ դյուրացրեց Ռուսաստանի տիրապետությունը: Բնականաբար հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված նման բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է. հայերն աշխատասեր են, խաղաղասեր եւ իրենց աշխատանքով կնպաստեն այդ պետության զարգացմանն ու բարգավաճմանը, հետագա առաջադիմությանը: Այլ կերպ ասած, կունենան քաղաքակրթական դերակատարություն:
Խոսելով հայերի քաղաքակրթական դերակատարության մասին, կարծում եմ կարելի է միանշանակ պնդել, որ թուրքերը նույնպես կարժանանան Ղրիմի խանության ճակատագրին: Այնպես, ինչպես ժամանակին Բյուզանդիան թուլացնելով Հայկական թագավորությունները, հայաթափելով Հայաստանը, ճանապարհ հարթեց թուրք հրոսակների համար եւ կործանվեց, այնպես էլ թուրքերը չխորշելով ոչ մի միջոցից, անգամ դիմելով ցեղասպանության եւ հայրենազրկման, զրկվելով ամենակենսունակ քրիստոնյա տարրից, իրենք իրենց դատապարտեցին ոչնչացման:
Դրան մեծապես կնպաստի նաեւ Արեւմուտքը, երբ կձերբազատվի Մեծ Բրիտանիայի որդեգրած «Մենք չունենք անփոփոխ դաշնակիցներ, չունենք հավերժական թշնամիներ: Միայն մեր շահերն են անփոփոխ եւ հավերժական» բանաձեւից (Հենրի Թամփլ, լորդ Փալմերսոն, 1848), որը կործանարար է եւ անհրաժեշտ է ունենալ «մշտական բարեկամներ», որոնց կարելի է ձեռք բերել միայն փոխշահավետ համագործակցությամբ:
Կարճ ասած՝ այլազգի մեծ մտածողների՝ հայ ժողովրդի հասցեին ասված չափազանց ընդհանրացված եզրակացությունները կարող էին արվել ընդամենը մի շարք հանրահայտ պատմական իրողությունների հիման վրա, ամենեւին կարիք չունենալով գիտենալ հայ ժողովրդի պատմության մանրամասները: Այս առումով կարող եմ ասել, որ այդ ընդհանրացումները որքան էլ չափազանցված թվան, այնուամենայնիվ, լրջորեն հիմնավորված են:
Սակայն դրանով հանդերձ, ամենեւին չեմ ուզում պնդել, որ հայ ժողովուրդն աշխարհի լավագույն ժողովուրդն է. մեր կարծիքով լավ ժողովուրդներ շատ կան, որքանով դրանք մարդկային քաղաքակրթության զարգացման գործում ունեցել են մեծ նպաստ: Այսօր այդպիսի պնդման հետ չի կարելի համաձայնել նաեւ այն պարզ պատճառով, որ հարյուրամյակներ շարունակ հայերը լինելով օտար վայրագ տիրապետությունների ներքո, վերցրել են նրանց բազմաթիվ ու բազմապիսի մարդկային արատներ եւ ներկայումս շատ են հեռացել իրենց նախնիների բարոյական արժեքներից: Մեր խնդիրն է, ոչ թե պարզապես հպարտանալ տարբեր գովեստներով, այլ ջանքեր ներդնել վերականգնելու մեզ հատուկ նախկին առաքինությունն ու ձերբազատվել օտարներից վերցրած արատներից: Այդ դեպքում միայն կարող ենք ինքներս մեզ համարել առաքինի ժողովուրդ, ինչն ավելի կարեւոր է, քան այլոց գովեստները:
Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2020