Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Տիգրան Մուկուչյանը առոք-փառոք շարունակում պաշտոնավարել կամ ինչու են բոչկա գլորում հենց Մուկուչյանի վրա

Հունիս 25,2020 14:00

Ծառուկյանի հարցադրումը ստիպում է հիշել, թե ինչեր էր ասում Փաշինյանը Մուկուչյանի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս «բոչկա գլորեց» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի վրա՝ ասելով. «Ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, անընդհատ հների հետ են կապում։ Մուկուչյանն ո՞վ է եղել, որ դեռ կա. առաջին ընտրակեղծարարը, որ ասում էին ընտրությունների համար։ Ո՞նց է, որ հիմա Մուկուչյանը կա»:

«Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, պատասխանելով Ծառուկյանի հարցին, թե ինչու է մինչեւ հիմա իր փափուկ աթոռին նստած Մուկուչյանը, ասաց. «Եթե պարոն Ծառուկյանը կարողանա օգնել գլխավոր կեղծարարին կամ կեղծարարներին հայտնաբերելու, շնորհակալ կլինենք: Եթե ունի այդպիսի փաստեր, ուրեմն ինչ-որ բանի վրա հիմնվում է, որ այդպես է ասում»:

Հարցին՝ եթե Ծառուկյանին ընտրակեղծարարության մեջ են մեղադրում, ուղիղ գծով կապ չունի՞ նաեւ Մուկուչյանը, որն ամեն անգամ արձանագրում էր, որ խախտումներ չեն եղել կամ չեն եղել այնքան, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե, օրինակ, ես թեկնածու եմ եւ իքս մարզում գումար եմ բաժանում, քաղաքացիները գալիս, ինձ են ընտրում, ԿԸՀ-ն, որն ըստ էության կազմակերպում է ընտրական գործընթացը եւ ամփոփում է արդյունքները պարտավո՞ր է իմանալ, որ, օրինակ, ես ինչ-որ մարզում գումար եմ բաժանել քաղաքացիներին»:

Մենք հիշեցրինք, որ իրենց իշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմություն էին, ինչեր էին ասում Մուկուչյանի մասին: Սիսակ Գաբրիելյանն էլ հիշեցրեց, թե «Ելք» դաշինքը 2017-ի ԱԺ ընտրություններից հետո ինչ էր հայտարարել. «Այո, եղել է ընտրակաշառք, ընտրակեղծարարություն, բայց ընտրատեղամասերում քաղաքացին արտահայտել է իր կամքը: Այսինքն, եթե նախկինում ընտրատեղամասերում լցոնումներ էին արվում, հանձնաժողովի անդամներին ահաբեկում, քվեատուփեր գողանում, 2017-ին քաղաքացին արտահայտել է իր կամքը, այլ բան է, թե ինչպես են իր կամքի վրա ազդել դրսի գործընթացները: Եթե բողոքարկում, վերահաշվարկ չկա, ի՞նչ պետք է աներ ԿԸՀ նախագահը, բնականաբար, ՏԸՀ-երից ստանալ արդյունքները եւ ամփոփել»:

Ի դեպ, պարոն Գաբրիելյանը մոռանում է, որ Մուկուչյանը միայն 2017-ին չի եղել ԿԸՀ նախագահ, նա 2011 թվականից այդ պաշտոնում է:

Թե ինչու է մինչ օրս իր պաշտոնում մնացել Մուկուչյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր բացատրությունն ունի. «Երբ եկել էին եւ ասում էին, որ ՍԴ նախագահը հին է, պետք է փոխել, ես էլ ասում էի՝ ԿԲ նախագահը հին է, Հաշվեքննիչ պալատի նախագահը հին է, ԿԸՀ նախագահը հին է, գլխավոր դատախազը հին է, կարող եմ այսպես թվարկել նաեւ նախարարներին: Այդ հարցադրումները ես ավելի շուտ եմ բարձրացրել ու իշխանությունները դրա պատասխանը չունեն: Խտրական մոտեցում ու երկակի ստանդարտներ ունեն»: Հարցին՝ «օգտագործում» են նրանց, դրա՞ համար չեն ուզում համարել «հին»՝ Մարուքյանը պատասխանեց. «Դա պետք է իրենց հարցնել»:

Երբ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանին հարցրեցինք՝ իշխանականներն ասում են՝ փաստեր ներկայացրեք Մուկուչյանի՝ ընտրակեղծարար լինելու հետ կապված, դուք ունե՞ք նման փաստեր ու կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը ներկայացնել փաստ դրա մասին՝ նա պատասխանեց. «Որեւէ մեկը թող չմտահոգվի, թե ինչ քայլեր կիրականացնի Գագիկ Ծառուկյանը: Թե ինչ քայլեր կիրականացնի Գագիկ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն, դա բացառապես որոշում ենք մենք: Ինչի համար ենք մենք խոսում բացառապես Տիգրան Մուկուչյանի հետ կապված, որովհետեւ այս օրերին շատ մանիպուլյացիաների միջոցով փորձ էր արվել անընդհատ ԲՀԿ-ի քաղաքական օրակարգը բերել ինչ-որ հների կամ նախկինների հետ գործակցության դաշտ: Մենք, իհարկե, շատ լավ ենք հասկանում, թե այս ամեն ինչն ինչի համար է արվում, սակայն հենց այդ պարզ պատճառով ու նաեւ դրան նախորդ օրերին էլ մենք խոսեցինք, որ եթե դուք անընդհատ խոսում եք հների հետ օրգանական անհամատեղելիության մասին, որն անընդհատ հորջորջում են իշխանության ներկայացուցիչները, մենք հենց այդ մասով ենք խոսում: Իսկ ո՞վ է Արթուր Դավթյանը՝ հնից եկած ու հնի բազմաթիվ արատավոր երեւույթները մարմնավորող գործիչ եւ որին անվստահություն հայտնելու գործընթացով մենք հանդես ենք գալու: Տիգրան Մուկուչյան ընտրակեղծարարը, նրա հետ կապված նախկինում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե նույն Նիկոլ Փաշինյանն ինչ քննադատություններով է հանդես եկել կամ ներկայումս գործող բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են: Այնպես որ, երբ փորձում են սեւերի եւ սպիտակների տարանջատման տրամաբանության մեջ կամ նախկիններ եւ ներկաներ տրամաբանությամբ հանդես գալ, իշխանություններին հորդորում եմ ընդամենը իրենց մերձավոր շրջապատների, իրենց գործընկերներին նայել ու պարզել, թե ով նախկինների հետ ավելի շատ առնչություն ունի: Նույն Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր անգամ խոսել է Տիգրան Մուկուչյանի թվեր նկարելու մասին, սակայն այսօր Տիգրան Մուկուչյանը առոք-փառոք շարունակում է պաշտոնավարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930