Սկիզբը՝ այստեղ
Ինչպես էր 2016թ. ապրիլի 7-ին Ստեփանակերտի մատույցներում ոչնչացվել անօդաչու թռչող սարք, եւ ինչ էր խոստովանել 2016թ. օգոստոսին Լեւոն Մնացականյանը
Հունիսի 19-ին Երեւանում կայացած Հայաստանի եւ Անվտանգության խորհուրդների համատեղ չորրորդ նիստին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջին անգամ էր մասնակցում: Նա իր ելույթում կարեւորեց գործող ձեւաչափով ու հարթակով նիստերի անցկացումը, ապա խոսեց Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի մասին:
«Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլեւ՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միեւնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի եւ նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու եւ պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով եւ՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, եւ՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, եւ՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, եւ՛, ինչո՞ւ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում»:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մի հայտարարությամբ է հանդես եկել, որը կրքեր է բորբոքել: Նա նշել է, թե 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցի ժամանակ նման աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։
2016թ. ապրիլյան պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը, երբ դեռ Արցախի վարչապետն էր, նկատել էր, որ՝ «այսօր ունենք շատ ավելի ապահով օդ»։ Այսօր արդեն Արայիկ Հարությունյանն այլ համատեքստում է նկարագրել իրավիճակը. «Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին: Չեմ ուզում ամբողջը մանրամասնել, այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն իրենց նշած հին կամ անպիտան, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են՝ նույն անօդաչու սարքերի, բացի դրանից նոր, նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք՝ ամենախոցելին մեզ համար օդն էր, եւ այդ վտանգը կար 92-94 թվականներին, հազիվ էինք պաշտպանում, չնայած Ստեփանակերտը միշտ բաց էր, եւ հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից եւ հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին, ոչ միայն Ստեփանակերտին, Ղափանին, Գորիսին եւ այլն: Այսօր մենք ունեն շատ ավելի անվտանգ, ավելի ճիշտ ապահով օդ, այսինքն` հակաօդային հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել, որ այդ խնդիրը չի լինի: Նույն ժամանակակից ձեռք բերված հակաօդային եւ ինչու չէ, նաեւ այն ավիացիան, որն ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը», – նշել է Հարությունյանը:
Լրատվամիջոցները այս համատեքստում հիշեցրել էին, 2016թ. ապրիլյան պատերազմից ընդամենը 3-4 օր անց տեղի ունեցած մի իրադարձություն: Ապրիլի 7-ին երեկոյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին եւ Ջեյմս Ուորլիքին, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս հանդիպմանը քննարկվում էր ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:
Արդեն հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ երբ Արցախի նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններ էին ընթանում, Ստեփանակերտի մատույցներում ոչնչացվել էր անօդաչու թռչող սարք: ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նշել էր. «Նման իրավիճակում ուղարկել անօդաչու թռչող սարք մայրաքաղաք Ստեփանակերտ, եւ այդ սարքը, երբ որ արդեն խփվել է, այդ ձայները, որը լսել են նաեւ համանախագահները, սա նորմալ, ողջամիտ բացատրություն պարզապես չունի»: Նրա փոխանցմամբ՝ համանախագահները զարմացել ու տարակուսել էին. «Ուղղակի չէին իմանում, թե ինչ ասեն նույնիսկ»:
Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք եւս: Դեռ 2016թ. օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության այն ժամանակվա նախարար Լեւոն Մնացականյանը կարծիք էր հայտնել, որ հայկական զինուժը ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում հնարավորություն չի ունեցել բացահայտել հակառակորդի կողմից նախապատրաստվող լայնածավալ գործողությունները՝ հետախուզության տեխնիկական միջոցների բացակայության պատճառով: 2016թ. օգոստոսի 11-ին Ստեփանակերտում հրավիրած մամլո ասուլիսում Մնացականյանը, ըստ «Արցախպրես» պետական գործակալության, մասնավորապես, նշել էր. «Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները տեխնիկական համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել խորքային հետախուզություն իրականացնել եւ բացահայտել թշնամու կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների լայնածավալ մասշտաբները: Սակայն, այժմ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորության վրա հետախուզություն իրականացնել, եւ մշտապես դիտարկում ենք ադրբեջանական զինուժի բոլոր տեղաշարժերն ու գործողությունները»: Գեներալը նաեւ հավելել էր. «Հիմա մեր հնարավորություններն ավելի են մեծացել՝ մինչեւ մեզ անհրաժեշտ խորությունը հետախուզել, իմանալ հակառակորդի հետագա անելիքները եւ իհարկե՝ կատարել հետեւություններ: Մենք հնարավորություն ունենք, բացի ցերեկային պայմաններից, արդեն մեզ անհրաժեշտ խորության վրա իրականացնել նաեւ հետախուզություն գիշերային պայմաններում»:
Արայիկ Հարությունյանի հայտարարությունը առիթ հանդիսացավ, որ որպեսզի տեսակետ հնչեցնի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: News.am-ին տված հարցազրույցում նա նկատել էր, որ ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, եւ «բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր»: «Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ եւ հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, եւ անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է Պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության եւ բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, եւ ոչ երբեք Արցախի օդային սահմանը», – ասել էր Սերժ Սարգսյանը:
Այն, որ ապրիլյան պատերազմից հետո Արցախի բանակում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, տարբեր սարքավորումների տեղադրում եւ բանակը մեծ թափով վերազինվեց՝ բազմիցս գրվել է ապրիլյան պատերազմից հետո պարբերաբար: 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, իսկապես, իրականացվել է հսկայական աշխատանք: Բանակը, թերեւս, այն ոլորտն է, որն արդիականացման անհրաժեշտություն ունեցողներից ամենաառաջինն է, մանավանդ, եթե դիմացդ հակառակորդ է, որի ռազմական բյուջեն տարեցտարի մեծանում է եւ նրանք չեն էլ թաքցնում ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական տարբերակը՝ որպես միանգամայն հնարավոր ու գրեթե՝ միակ ընդունելի:
Հետեւաբար, բանակի բարեփոխումներով, վերազինման աշխատանքներով, իսկապես, միայն պետք է ուրախանալ ու հպարտանալ անկախ նրանից, թե որ իշխանությունն է այդ գործընթացն իրականացնում, շարունակում տեմպերով:
Այստեղ ցավալին բանավեճն է, որը ծավալվեց արդեն Արայիկ Հարությունյանի ու Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո: Թեմային անդրադարձավ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները եւ Արցախի նախագահի հասցեին անձնական վիրավորանքներ արտահայտող բառապաշարի օգտագործմամբ հասան մինչեւ հատակը: Հրամա՞ն էին ստացել, թե՞… Եվ դա այն դեպքում, երբ նախագահ Հարությունյանն իր խոսքում անձնապես չի վիրավորել որեւէ մեկին: Ասում են՝ ճշմարտությունը մերկ է, եւ օբյեկտիվ իրականությունը գուցե հաճելի չէր շատերի ականջին, բայց ո՞ւր մնացին մարդկային դաստիարակության տարրական կանոնները: Պարոնա՛յք, անկախ ձեր վարքից, բարեկրթության աստիճանից, անցած ուղուց, ժողովրդի հանդեպ իրագործած անհատական եւ կամ թիմային մեղքերից, այդ թվում՝ Արցախի հանդեպ ցուցաբերած «վասալական» վերաբերմունքից, որի մասին առաջիկայում հավանաբար առիթ կստեղծենք անդրադառնալու, միեւնույն է՝ դուք էլ ունեք մարդկային արժանապատվություն եւ ընտանիքի անդամներ. ուստի, ի տարբերություն ձեզ՝ մենք չենք պատրաստվում իջնել հատակը, հույսեր չփայփայե՛ք…»:
Հայաստանի ներքաղաքական կյանքում տարբեր թեմաների շուրջ քննարկման կարմիր գծերը, կարծես, վաղուց են հատվել: Թվում էր, թե բանակը այն դաշտն է, որտեղ նման քննարկումների ծավալման անթույլատրելիությունը կգիտակցեն բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը: 1994թ. զինադադարի հաստատումից ի վեր հայկական բանակը հզորացնելու, բարեփոխելու անհրաժեշտության մասին խոսվել է ամեն րոպե, եւ դա նորմալ է: Ցանկացած իշխանություն պետք է շարունակի նախորդի արածին ավելացնել՝ էլ ավելի կատարելագործելով ունեցածը, դրանով իսկ նպաստելով բանակը հզորացնելուն: Սակայն դրան չեն նպաստում նախկին իշխանության ջանքերը սեւացնելը՝ ներկայիս իշխանությանը փառաբանելու միջոցով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 24.06.2020