«Ամերիկայի ձայն». ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին
Կոնգրեսականը իր խոսքն ուղղել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում է 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:
Կոնգրեսական Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր իրենց աջակցույունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որը իրականացնում է HALO Trust բրիտանական կազմակերպությունը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ընդգծվել է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ոլորտներ, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:
Կարդացեք նաև
Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալությունն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծում են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը: