Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առնվազն զարմանալի է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ արտահերթ ժողով հրավիրելու պահանջը

Հունիս 24,2020 23:30

Ի պատասխան «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբների ֆեյսբուքյան պաշտոնական էջերում այսօրվա հրապարակումներին, որում վերոնշյալ ակումբները պահանջում են հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով, տեղեկացնում ենք.

Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի և ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, զբաղվում է Հայաստանում պայմանավորված խաղերի ուսումնասիրությամբ և բացահայտմամբ: Հենց այդ նպատակով էլ, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե): Դրա ստեղծման մասին որոշումը կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում:

Այդ կոմիտեն արդեն իսկ հրավիրել է մի շարք նիստեր, որոնց արդյունքում եղել են քննարկումներ և վերլուծություններ: Դրանց արդյունքները շատ շուտով հասանելի կդառնան հասարակությանը: Ավելին, փորձագիտական կոմիտեն արդեն իսկ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ իր կողմից քննարկված դեպքերի հիման վրա համապատասխան որոշումներ կայացնելու միջնորդությամբ:

Հենց այդ որոշումների կայացման նախաշեմին «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբները «զարմանալի զուգադիպությամբ» որոշեցին հայտնել իրենց մտահոգությունը՝ ստեղծելով իրավիճակի վերաբերյալ շահագրգիռ անհանգստության պատրանք: Հետաքրքիր է, թե ինչու նույն ակումբները նման հայտարարությամբ հանդես չէին գալիս 1 կամ 3 ամիս առաջ: Առավել հետաքրքիր է, թե ինչու նրանց կողմից չկար որևէ «անհանգստություն» առաջնության առաջին հատվածում, երբ իրենք խոշոր հաշիվներով հաղթում էին իրենց իսկ կողմից հիշատակված «Երևան» ՖԱ-ին՝ ավելացնելով իրենց միավորների պաշարը:

Բացի այդ, առնվազն զարմանալի է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ արտահերթ ժողով հրավիրելու պահանջը՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ակումբը չի հանդիսանում ՀՖՖ անդամ և չունի վերոնշյալ նախաձեռնությամբ հանդես գալու իրավական հիմք: Ինչ վերաբերում է «Լոռի» ՖԱ-ին, ապա այս ակումբը, որպես ՀՖՖ անդամ, պետք է որ տիրապետեր ՀՖՖ արտահերթ ժողով հայտարարելու իրավական կարգին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

«Առավոտ». Նշենք, որ ավելի վաղ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:

Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում՝ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող Երևան ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:

Համաճարակի նմանվող այս արատավոր երեւույթը կանխելու եւ հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը: Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930