Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյանը հույս ունի, որ գալիք տարվա առաջին եռամսյակներում կլինեն COVID-19-ի հաստատված պատվաստանյութերը

Հունիս 24,2020 20:33

Moderna ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն, դոկտոր Նուբար Աֆեյանը, որն այսօր մասնակցում էր «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին, հայտնեց, որ կորոնավիրուսի պատվաստանյութից դեռ նորություն չկա եւ տարբեր երկրներ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Նրա խոսքով, մի շարք նման փորձարկումներ արված են եւ շատերը ուշադրություն են դարձնում պատվաստանյութի անվտանգությանը՝ փորձելով ցույց տալ, որ այն արդյունավետ ու անվտանգ է: Նուբար Աֆեյանն ասաց, որ բանավեճ կա, թե պատվաստանյութ ստեղծելու մասով արագությունը որքանով է ողջամիտ.

«Արդյոք այդ արագությունը հնարավորություն կտա մեզ թռիչքներ անել թե դա ավելի շատ սխալ եւ անզգույշ մոտեցում է»: Նուբար Աֆեյանի խոսքով, մի խնդիր էլ կա՝ ոչ ոք չի ցանկանում ներդրում անել, մինչեւ որ վստահ չլինի, որ պատվաստանյութը կաշխատի. «Թե որտեղ ենք մենք գտնվում այդ գործընթացի ընթացքում, հուսով եմ, որ կլինի բավարար ապացույց, որ կարողանանք եզրակացություն անել այն մասին, թե ինչպես կարող են պատվաստանյութերն արտադրվել եւ տարածել համաշխարհային մասշտաբով: Պարզապես բազմաթիվ բաներ առաջին անգամ են արվում, մեծ արագությամբ: Ես իմ տեսակետն ունեմ գործընթացի վերաբերյալ, բայց կարող եմ ասել հետեւյալը. բոլորը պատվաստանյութը դիտարկում են, որպես ասպիրին, այսինքն՝ բոլորի ասպիրինը նույնն է ինչպես ասում են, բայց պատվաստանյութերը կարող են տարբեր ազդեցություններ ունենան մարդկանց վրա, տարբեր ծածկույթ ունենալ, տարբեր մոտեցումներ պարունակել: Եվ միայն մարդկային փորձարկումների տվյալները, որոնք կարողանանք հավաքագրել, կապացուցեն տարբեր մոտեցումների իրական արդյունավետությունը: Համաճարակաբանական մոդելները, հաշվարկները, մարդկանց համաձայնությունը եւ այլն, այդ ամենը կորոշի թե ինչ ծածկույթ պետք կլինի ապահովել երկրի կամ աշխարհի մասշտաբով եւ, հետեւաբար, անվտանգությունից զատ բազմաթիվ այլ բաներ պետք կլինի սովորել   արդյունավետության տեսանկյունից»:

Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գալիք տարվա առաջին եռամսյակներում կլինեն հաստատված պատվաստանյութեր՝ հարյուր հազարավոր քանակներով:

Դոկտորի խոսքով, թե ինչ կարող է լինել հետո, միանշանակ չէ եւ կորոնավիրուսն այն վարակը չէ, որը կարելի է համարել սեզոնային, բայց հստակ է, որ պատվաստանյութի կիրառումը կկանխարգելի վարակի հարատեւությունը: Նրա խոսքով, հիմա շատ քիչ մարդ է հավատում, որ վարակի նկատմամբ կարելի է մինչեւ կյանքի վերջ իմունիտետ ձեռք բերել. «Բայց դե գիտենք, որ պատվաստանյութերը պատմականորեն ապացուցված արդյունավետ միջոց են պաթոգենների դեմ պայքարում: Իհարկե գիտենք, որ ցանկացած նոր պատվաստանյութ տասնամյակների ուսումնասիրություն է պետք՝ արդյունավետության գնահատման տեսանկյունից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930