Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուսումնական տարուց բուհերում կգործի անվճար կրթության ծրագիրը

Հունիս 24,2020 21:50

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին:

Հանդիպմանը քննարկվել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լուսինե Ղարախանյանը հանրապետության նախագահին է ներկայացրել համավարակի պայմաններում նոր ուսումնական տարում առցանց և կենդանի ուսուցման արդյունավետ կազմակերպման համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի համար ուսուցման առցանց հարթակի մշակմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել անվճար ու որակյալ բարձրագույն կրթության կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հանրապետության նախագահը նշել է, որ համավարակի տեմպերի նվազման դեպքում  առաջնահերթությունը կտրվի կենդանի ուսուցմանը՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը: Անդրադառնալով անվճար բուհական կրթության ծրագրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով: Մասնավոր բուհերի դեպքում սկզբունքը կվերաբերի միայն ընթացիկ տարում ուսումնական հաստատություն ընդունվածներին: Նախագահի հանձնարարությամբ՝ որակյալ կրթություն ապահովելու նպատակով պարբերաբար աշխատանքներ կիրականացվեն նաև բուհերի դասախոսների վերապատրաստման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ:

ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների պարագայում անվճար ուսուցման ծրագիրը կգործի մասնակի: Մասնավորապես՝ անվճար ուսման հնարավորություն կունենան միայն այն ուսանողները, որոնց ընտրած մասնագիտությունները Արցախի բուհերի կողմից առաջարկվող ցանկում չկան: Բացի այդ՝ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Այն խախտելու դեպքում բուհերի շրջանավարտները պետք է պետությանը փոխհատուցեն ուսման համար ստացած ամբողջ գումարը և որոշակի չափով տուգանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930