Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Առաքելյան. «Առյուծը նվիրվել է մինչ քաղաքական գործընթացները, դե հիմա պարզվեց, որ «царь не настоящий», առյուծը լավը չի»

Հունիս 24,2020 20:10

Այսօր Երեւանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը Կենդանաբանական այգուն նվիրած սպիտակ առյուծին անդրադարձավ, նշելով՝ շատերը կարծում էին, որ այն եզակի ցեղատեսակ է, բայց նա ամենասովորական աֆրիկյան առյուծ է, պարզապես սպիտակ գույնի։

Սիմբա անունով այս առյուծին կենդանաբանական այգուն է նվիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա տեսանյութ էր հրապարակել, հայտնելով. «Ինչպեսեւ խոստացել էի՝ եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծն արդեն իսկ Երևանի կենդանաբանական այգում է»։

Օվսաննա Հովսեփյանն իր ելույթում խոսելով առյուծի՝ սպիտակ լինելու եւ ոչ եզակի ցեղատեսակի մասին, ասաց. «Դա կապված է ազգակցական խաչասերումների արդյունքում ստացված ռեցեսիվ գենով եւ մելատոնին պիգմենտի բացակայությամբ։ Նման կենդանիներ ստացվում են անազատության պայմաններում բուծելու արդյունքում, ունենում են առողջական մի շարք խնդիրներ, նաեւ ոսկրային դեֆորմացիա։ Հենց մեր առյուծի մոտ կարելի է տեսնել։ Այնտեղ արդեն կա արու առյուծ, այսինքն՝ կենդանին դատապարտված է լինելու մենակ ու իզոլացված, դա բարեկեցության նորմերի կոպտագույն խախտում է»:

Եվրոպական Կենդանաբանական Այգիների եւ Ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) որոշմամբ, ինչպես ասաց Հովսեփյանը, անդամ կենդանաբանական այգիները չեն կարող ունենալ ռեցեսիվ գենով կենդանի, քանի որ դրանք բնության վերադարձման ենթակա չեն, ստացվում են բացառապես անազատության պայմաններում բուծելու շնորհիվ, իսկ իրենք պետք է ամեն գնով դա կանխարգելեն։
Ավագանու անդամն ասաց, որ կենդանաբանական այգում ունենալով ռեցեսիվ գենով կենդանի՝ մեծ ռիսկ է, որ ԵԱԶԱ-ին միանալու մեր թեկնածությունը կարող է մերժվել, եւ դա հետքայլ կլինի:

Առյուծին մինչեւ կենդանաբանական այգի ընդունելը, ինչպես վստահեցրեց քաղաքապետ Հայկ Մարությանը, զննել են, հարցը քննարկվել է մասնագետների հետ։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ հավելեց՝ կան այլ կենդանաբանական այգիներ, որտեղ կան նման կենդանիներ, օրինակ՝ Թբիլիսիինը եւ նրանք էլ գնում են այն ճանապարհով, ինչ Երեւանի Կենդանաբանական այգին։ Սպիտակ առյուծը զույգ կունենա. Վիրաբյանը փարատեց Հովսեփյանի մտահոգությունը, եւ վստահեցրեց՝ առյուծին զննել են նաեւ այգու մասնագետները, բացասական եզրակացություն չի եղել։ Հովսեփյանը պնդեց ՝ Թբիլիսիի Կենդանաբանական այգին ուզում է միանալ ԵԱԶԱ-ին, ունի նման կենդանիներ, բայց ուզում է նրանցից ազատվել, ընդ որում, տարիներ առաջ այդ կենդանիներին առաջարկել էր Հայաստանին ու մերժում ստացել:

Ավագանու ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ իր ելույթում Հովսեփյանի ելույթին ի պատասխան ասաց. «Այսօր այստեղ ելույթ լսեցի, նաեւ պատերի տակ խոսակցություններ, շատ տարօրինակ է ինձ համար։ Մենք այսօր Կենդաբանական այգում շատ լուրջ, դարակազմիկ խնդիր ունենք, որը վերաբերում է առյուծին: Ես հասկանում եմ, որ այս ամբողջ շղթան, խնդիրն ուղեկցվում է որոշակի քաղաքական գործընթացների հետ, բայց ես կարծում եմ նաեւ, որ մեր կենդանաբանական այգում տեղի է ունեցել եւ առյուծն ավելի շուտ էր նվիրվել, քան տեղի էին ունեցել քաղաքական գործընթացները, դե հիմա պարզվեց, որ «царь не настоящий», առյուծը լավը չի, ճիշտ առյուծ չի, ինքը ինչ-որ ծուռ բաներ ունի, առողջական խնդիրներ ունի։ Մենք չենք խոսում բարոյահոգեբանական ծռության մասին, որ ամեն ինչը չի կարելի այս աստիճան ցածրացնել, այս կերպ նսեմացնել: Ես նաեւ ուզում եմ ասել, որ օդում կախված լուրեր կան, որ այդ կենդանասիրության ռահվիրաները, որոնք «կրծքով պաշտպանում են», եւ փորձում են առյուծին դուրս վռնդել Կենդանաբանական այգուց, այս մարդիկ, ըստ օդում կախված լուրերի, ուղղակի կենդանիների հանդեպ տարբեր խեղումներով են զբաղված, եւ «աֆյորայի» միջոցով տարբեր փողեր ու գումարներ են հավաքում այդ կենդանիներին բուժելու նպատակով։ Այդ ելույթից հետո ինձ բազում այդպիսի նամակներ եկան, կարող եմ ներկայացնել: Ըստ օդում կախված լուրերի, այստեղ մի հատ ցըմփ՝ տարբեր կենդանիների թաթիկները, պոչիկները, ոտիկները կտրվում են, հետո ներկայացվում է, որ 10 հազար, 5 հազար, 6 հազար փող ենք հավաքում, օգնենք կենդանիներին, նորից եմ ասում՝ ըստ օդում կախված լուրերի: Եկեք այս կարգի ճղճիմ խոսակցություններից դուրս գանք, ես համակարգված սոցիալական մեդիայի պայքարը դեռ մի կողմ, մի հատ էլ այստեղ՝ «царь не настоящий», սա զավեշտալի է: Ես կարծում եմ, որ այդ առյուծը, որը նվիրվել է Կենդանաբանական այգուն, շատ լավ նվեր է երեխաներին:

Փոխաքաղաքապետն էլ նշեց՝ փաստաթղթային եւ օրենսդրական մասով, կարծես թե, որեւէ մեկը չէր բողոքում մինչ այսօր, բայց այսօր պարզվեց, որ մենք միջազգային կառույցների հետ խնդիր ենք ունենալու այդ փոքրիկ առյուծիկի հետ կապված՝ բա որ չզույգվի՞, բա որ չբազմանա այս խեղճ առյուծը: Մի մտածեք, առյուծ ունեցողներին կդիմեք՝ կբազմացնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930