Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կամ Վարդազարյանը, կամ դատական համակարգի առողջացումը». Արման Բաբաջանյան

Հունիս 24,2020 19:22

ԱԺ անկախ պատգամավոր  Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որոնց ընդհանրական իմաստն այն է, որ արդարադատության ոլորտում առկա թերությունների համար մեղավոր են ոչ թե դատավորները, այլ քննչական մարմինները, քննիչներն ու դատախազները։ Վարդազարյանն, ըստ էության իր ամբողջական պաշտպանության տակ է առել ողջ դատական համակարգն ու դատավորներին՝ մեղքը բարդելով քննչական ու դատախազական մարմինների վրա։

Այն, որ վերջիններս ևս թերանում են իրենց աշխատանքում, նորություն չէ, սակայն իրավիճակն ամենևին այնպիսին չէ, ինչպես փորձ է անում ներկայացնել Վարդազարյանը։ Իսկ նա իրականում նենգափոխում է իրականությունը, այն իրականությունը, որ դատական համակարգում շարունակում են պատսպարվել նախկին իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ գտնվող տասնյակ դատավորներ, որոնք ուղղակի սաբոտաժի են ենթարկում երկրում արդարադատության իրականացումն ու արդարության հաստատումը։

Ցավով պետք է արձանագրել, որ Վարդազարյանը հատկապես վերջին ամիսներին կարողացել է որոշակիորեն բթացնել իշխանության զգոնությունը՝ որպես փաստարկ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու իրողությունը։ Հիմա դա այլևս չի գործում և Վարդազարյանը որոշել է մեղքը բարդել քննիչների ու դատախազների վրա, ինչը նրան վստահաբար չի հաջողվելու, քանի որ առնվազն դատական համակարգի առողջ հատվածը, ոլորտի բարեփոխման մեջ շահագրգիռ բոլոր կողմերը հասկանում են այս ավանտյուրայի ողջ էությունն ու նենգությունը։

Ռուբեն Վարդազարյանն՝ ինքը, ըստ էության դատական համակարգի բոլոր համակարգային արատների խտացումն է և ամենևին պատահական չէ, որ իր այդ որակներով հայտնվել է ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Դա նրան հաջողվել է շնորհիվ իր վաղեմի ընկեր, ներկա կարկառուն հակահեղափոխական, չկայացած անհաջող չեկիստ Արթուր Վանեցյանի, ով դեռևս ԱԱԾ ղեկավարի պաշտոնում՝ թերևս կանխատեսելով այս օրը, ներկայիս զարգացումները Վարդազարյանին կարողացավ կարգել ԲԴԽ նախագահի պաշտոնում։

Բայց, եթե Վարդազարյանին թվում է, որ նման հայտարարություններով ինքը կարողանալու է շարունակել Վանեցյանի կողմից իրեն պատվիրակված առաքելությունը, չարաչար սխալվում է։ Ճիշտ հակառակը՝ նման գործելաոճով նա արագացնում է դատական համակարգն առողջացնելու, դատաիրավական ոլորտում իրական, արմատական բարեփոխումներ իրականացնելու գործընթացը, որը, ըստ ամենայնի, պետք է սկսել հենց բարեփոխումների պատվար ու խոչընդոտ հանդիսացող Բարձրագույն դատական խորհրդից ու նրա նախագահից։

Դատական համակարգը պետք է արմատախիլ անել անցյալի մնացուկներից ու նրանց պահապանի դերակատարություն ստանձնած նորօրյա հակահեղափոխականներից։ Վեթինգն անխուսափելիորեն լինելու է ու այն ներառելու է ոչ միայն բուն դատական համակարգը, այլ նաև դրա հետ դույզն ինչ առնչություն ունեցող բոլոր ինստիտուտները, այդ թվում ու առաջին հերթին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, բայց հաստատապես առանց հանցավորության, կոռուպցիայի և նախորդ ռեժիմի արատավոր ժառանգության մարմնացում Վարդազարյանի հետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930