Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը` Թեհմինա Վարդանյանին. «Այո, ես ձեզ համարում եմ հանցագործ»

Հունիս 24,2020 19:11

«Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ դիմակը հագած ելույթ ունեցեք»,-այսօր Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ Վարդանյանը պատրաստվում էր մոտենալ ամբիոնին:

«Պարոն քաղաքապետ, ես մեկ անգամ արդեն խոսել եմ, ինձ թվում է՝ դուք շատ լավ գիտեք՝ ես դիմակով չեմ կարողանում խոսել»,-ասաց Վարդանյանը: Ինչին ի պատասխան Մարությանը հիշեցրեց՝ այդպես նա վտանգում է իր դիմաց նստած անձանց:

«Կարող եք ինձ համարել հանցագործ, ոնց որ ձեր ճեպազրույցի ժամանակ ասացիք, դա ձեր խնդիրն է»,-պատասխանեց Վարդանյանը:

«Այո, ես ձեզ համարում եմ հանցագործ, որովհետեւ եթե դուք հիմա Covid-ի դրական արդյունք ունեք եւ ասիմպտոմ տանում եք հիվանդությունը, կարծում եմ վտանգի տակ եք դնում այստեղ նստած մարդկանց: Կոնկրետ իմ դիմակը պաշտպանում է կորոնավիրուսից, բայց այստեղ բազմաթիվ մարդիկ են նստած այնպիսի դիմակներով, որոնց դիմակները չեն պահում Covid-ից: Եթե դրական Covid ունենք, ու եթե ասիմպտոմ տանում եք, որը շատ հավանական է, որովհետեւ աշխատում եք բժշկական ոլորտում, կներեք, ինչու՞ եք վտանգի տակ դնում մարդկանց, ինձ համար զարմանալի է»,-ասաց Մարությանը, ապա դիմեց ավագանու անդամներին՝ նորմա՞լ է, ժողովուրդ ջան:

«Մենք պահում ենք սոցիալական հեռավորություն, եւ բավ է ինձ ընդհատեք, ես ունեմ իրավունք ելույթ ունենալու, ինչպես դուք ունեք իրավունք դիմելու եւ տուգանելու»,-վրդովված տոնով արձագանքեց Վարդանյանը: Մարությանը հիշեցրեց՝ կա պարետի որոշում, որ փակ տարածքներում պետք է կրել դիմակ ու բարկացած ասաց. «Հերիք եղավ այս ամեն ինչր արդեն, չի կարելի, օրինակ` պետք է ծառայեք մեր բնակչությանը, ոչ թե ինչ ուզեք անեք»:

Վարդանյանն ընդհատելով Մարությանին ասաց. «Ես հասկանում եմ, որ դուք ամեն անգամ իմ խոսքից առաջ լարվում եք, հիստերիկ ծիծաղում եք»: «Ոչ, ես չեմ լարվում, ինձ համար զարմանալի է, թե ինչքան կարելի է չհարգել օրենքը»,-պատասխանեց քաղաքապետը:

Վարդանյանն էլ ավելացրեց. «Օրենքը կիրառեք եւ տուգանեք, հերիք է»:

Մարությանն էլ հստակեցրեց՝ միայն տուգանելով չէ, դրանից հետո խախտումն է վերացվում. «Ի՞նչ է նշանակում տուգանել եւ վերջ: Կներեք, չեք կարողանում խոսել, խեղդվում եք, մի խոսեք»: Վարդանյանը շարունակում էր քաղաքապետին զուգահեռ խոսել. «Բավ է ինձ ընդհատեք»: Մարությանն ասաց՝ թույլ չի տա օրենքի խախտումով ելույթ, եւ հրահանգեց անջատել Վարդանյանի խոսափողը:

Վարդանյանը շարունակում էր խոսել անջատված խոսափողով, իսկ Մարությանն էլ զուգահեռ հայտարարեց հաջորդ ելույթ ունեցողի անունը ու նշեց. «Ես թույլ չեմ տալու այս դահլիճում օրենքի խախտմամբ ելույթ, սա անընդունելի է ինձ համար, որովհետեւ ձեր նմանների պատճառով այսօր այն վիճակն է մարդկանց մոտ, որ գիտեն` ամեն ինչ նորմալ է: Պարետի որոշում կա, փոխանակ դուք հորդորեք, որ մարդիկ դիմակ հագնեն, գալիս եք այստեղ հանում եք: Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտումներ, որը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքները, հերիք եղավ արդեն, բոլ եղավ»:

Վարդանյանը ստիպված հեռացավ ամբիոնից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930