Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանը՝ Երիցյանին. «Ինչ-որ մեկը, որը չունի որեւէ կենսագրություն, քաղաքական կողմնորոշում, մեծ-մեծ ելույթներ է ունենում»

Հունիս 24,2020 18:30

«Մի պահ դուրս էի եկել նիստերի դահլիճից եւ ինձ տեղեկացրեցին, որ ավագանու անդամներից մեկը, ասացին՝ չգիտենք ով է, բայց քաղաքական բնորոշմամբ՝ մի անդեմ մարդ, ելույթ է ունեցել, քեզ է պատասխանում»,-Երեւանի ավագանու նիստում այսպես սկսեց իր ելույթը «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի՝   Խաժակյանին ուղղված ելույթին:

«Հարգելի «Իմ քայլը» խմբակցության անդամներ, ես ձեզ հետ որեւէ վեճ չունեմ, հաշվի առնելով այն, որ եթե դուք բացեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից «Իմ քայլը» դաշինքի ցուցակը եւ տեսնեք անկուսակցականների եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համամասնությունը, կհասկանաք, որ քաղաքական իմաստով չկա քաղաքային իշխանության պատասխանատու, եւ մարդիկ, որոնք ինչ-որ տեղ, ինչ-որ գործունեություն են ծավալել, քաղաքական կենսագրություն չունեն ու եկել են ինչ-որ քաղաքական ելույթներ են ունենում: Մարդիկ այդ ելույթներին հետեւում են, ցավով են նայում, թե ինչ է կատարվում Երեւանի ավագանիում, եւ նայում են՝ ինչ-որ մեկը, որը չունի որեւէ կենսագրություն, քաղաքական կողմնորոշում, մեծ-մեծ ելույթներ է ունենում: Ես չէի պատասխանի սրան, եթե ինձ չասեին՝ այսպիսի ելույթ է եղել»,-ասաց Խաժակյանը:

Խաժակյանը դիմելով քաղաքապետին ասաց՝ որ հասկանում է գոնե Մարությանի, իր խոսքով՝ «մոտիվացիան»՝ իշխանության ներկայացուցիչ է, փորձում է պատասխանել: Ապա` խոսքն ուղղելով Երիցյանին, ասաց. «Բայց ես չեմ հասկանում, քաղաքական կողմնորոշում չունեցող մարդու համար ինչ տարբերություն՝ ես ինչ կարգավիճակում եմ, ինչ մտքեր ունեմ: Ասացին, որ նա ասել է՝ չի ուզում այստեղ այդ ելույթները լսել: Քաղաքական անդեմ մարդուն ասեմ՝ ինձ չի հետաքրքրում, թե ձեզ իմ ելույթները որքանով են հետաքրքրում: Մենք դժվարին ընտրական պայմաններում, երեք խմբակցության ներկայացուցիչներով, այստեղ ենք, եւ այդ ձայնը մեզ տվել է Երեւանի բնակիչը, եւ այս դահլիճում որեւէ մեկը չի կարող հիմնավորել, թե իր համար հետաքրքիր է կամ ոչ: Կարող եք գնալ բուլվարներում ման գալ, եթե ձեզ հետաքրքիր չէ: Ես ակնկալում եմ, որ նա ինձ նորից արձագանքելու է, բայց ես կնախընտրեմ նորից բարձրանալ խմբակցության գրասենյակ, որովհետեւ անիմաստ եմ համարում անդեմ մարդկանց անընդհատ պատասխանելը»:

Քաղաքապետն՝ արձագանքելով Խաժակյանին, ասաց. «Երբ ես հորդորում եմ՝ մի՛ վիրավորեք իրար, սա շատ պարզ, բացի մարդկայինից, նաեւ շատ պարզ տեխնիկական բնութագիր ունի՝ եթե դուք վիրավորում եք ինչ-որ մեկին, մյուսը ելույթ է ուզելու, վիրավորելու է ձեզ, հետո դուք՝ իրեն, նա՝ ձեզ: Մենք ժամանակ ենք կորցնելու, եւ մեր ավագանու ինստիտուտի որակը սկսում ենք այդպես ամեն մի ելույթով իջեցնել: Դա ձեռք չի տալիս բոլորիս միասին: Եթե ավագանու ինստիտուտի որակն իջնում է, ոչ մեկը չի կարող ասել՝ բա ես լավն եմ, ես՝ միջին եմ: Ո՛չ: Սա մի ինստիտուտ է եւ այդ ինստիտուտում բոլորս ենք, եթե որակն իջեցնենք, բարձրացնելը դժվար է լինելու: Զերծ մնացեք վիրավորանքներից, ելույթ ունեցող՝ քաղաքական, ոչ քաղաքական, բաց եմ թողել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930