«Մենք այս տարի, փաստորեն, մրցում չունենք: Եվրոպայի առաջնությունն է հետաձգվել մինչեւ դեկտեմբեր, բայց ցանկացած դեպքում մենք չէինք մասնակցելու, որովհետեւ այն անցկացվելու է Բաքվում: Ի դեպ, Բաքուն նաեւ կանանց առաջնությունը Ֆրանսիայից վերցրեց,- «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:- Այնպես որ, ստացվում է, որ այս տարի մենք ոչ մի լուրջ մրցում՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթ, օլիմպիական խաղեր, որ հետաձգվել է, չունենք: Այս պայմաններում մենք միջազգային այլ մրցումներ ենք որոնում, որպեսզի մարզվենք, նախապատրաստվենք, նորմալ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող դահլիճներում, կարողանանք ուսումնամարզական հավաքներ անցկացնել, որովհետեւ տեղում չունենք: Դա տղաներին պետք է տոնուսը պահելու համար: Մրցումների բացակայությունը խանգարում է թե՛ մարզիկների, թե՛ մարզիչների մոտիվացիային այն առումով, որ չենք իմանում, թե որ ուղղությամբ է պետք ընթանալ եւ ինչ ծրագրով մարզվել: Եթե մենք մեկ-մեկուկես ամիս առաջ իմանանք, որ այսինչ մրցումն է լինելու, եւ մասնակցելու ենք, տղաները անհրաժեշտ բազան ունեն, ու մարզիչներս հստակ ու կոնկրետ կունենանք մեր անելիքը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ