Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյանի ու Գերմանացի, Ճապոնացի պրոֆեսորների խորհուրդը ՀՀ նախագահին ու ԱՆ-ին՝ ինչպես հաղթահարել կորոնավիրուսը

Հունիս 24,2020 18:50

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարի ժամանակ, որին մասնակցում էին Միացյալ թագավորության, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի մասնագետները, ասաց, որ աշխարհում եւ նաեւ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը ողբերգական է: Նախագահի խոսքով, Հայաստանում վարակից մահերը գրեթե 400-ի են հասնում եւ այդ թիվն    ամեն օր աճում է: Նախագահի խոսքով, օրական մոտ 2000 թեստ ենք իրականացնում եւ դրանց մեկ երրորդը վարակված է լինում: Ըստ նրա, կարծես թե պիկին չենք հասել, բայց, հատկապես` վերջերս շատ ավելի մեծ էներգիա ու ջանքեր են ներդնում վարակի դեմ պայքար մղելու համար: Նախագահն ասաց, որ տարբեր երկրներից գործընկերներն արձագանքել են եւ փորձել համատեղ լուծումներ գտնել:

Արմեն Սարգսյանի խոսքով, պետք է առաջ նայել եւ նաեւ հասկանալ, որ վերջին համավարակը չէ եւ պետք է ներդրումներ անել կենսաբանության, գիտության ուղղությամբ, պետք է փոխել վարքագիծը, վերաձեւակերպել բոլոր այն քայլերը, որոնք արել ենք անցյալում բնության նկատմամբ, բիզնեսը կառավարելու տեսանկյունից, անգամ զբոսաշրջության ոլորտում:

Ըստ պարոն Սարգսյանի երկրները եւ նաեւ Հայաստանը նույնպես կանգնած են այդ խաչմերուկին ու պետք է ձեւավորեն այդ առաջնահերթությունը: Նախագահը կարեւորեց Էլեկտրոնային առողջապահության ներդրումը: Նաեւ կանխատեսեց, որ  պարենային անվտանգության խնդիրներ կառաջանան. «Ցանկացած երկիր բախվելու է այդ խնդրին, ՀՀ-ն էլ ավելի խոցելի է այս տեսանկյունից: Ցամաքային երկիր ենք, չորս հարեւաններից երկուսի հետ հարաբերություն չունենք: Մի քանի տարի պարենային անվտանգությունը մեզ որպես խնդիր հետապնդելու է»: Հանրապետության նախագահը համաժողովի մասնակիցներին հարցրեց՝ ի՞նչ խորհուրդ կարող են տալ Հայաստանին, առողջապահության նախարարությանը այս իրավիճակում:

Moderna ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, դոկտոր Նուբար Աֆեյանն ասաց, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ներգրավվի պատվաստանյութի մշակման եւ հետագա աշխատանքներին, երկիրը կապվի այդ ցանցերի հետ, որպեսզի պլանավորի ապագան:

Առողջապահության տնտեսագիտության եւ կլինիկական համաճարակաբանության պրոֆեսոր, Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առողջապահության փորձագետ պրոֆեսոր Կառլ Լաուտերբախը նույնպես  գտնում էր, որ Հայաստանը պետք է հասանելիություն ունենա պատվաստման ծրագրին եւ հնարավորություն ունենա պատվաստանյութ արտադրողների հետ պայմանագիր կնքել՝ անկախ ֆինանսական կարողություններից, որպեսզի այն պահին, երբ պատվաստանյութը պատրաստ լինի, կարողանա ապահովել բնակչության իմունիզացիան: Բացի այդ գերմանացի պրոֆեսորը գտնում էր, որ  պետք է ընդհանուր գնահատում իրականացնել՝ հասկանալու համար ինչ գիտենք վարակի տարածման մասին եւ գտնելով առավել վտանգավոր խմբերը, խուսափել նրանց՝ բանուկ վայրերում հայտնվելուց: Պրոֆեսոր Կառլ Լաուտերբախի խոսքով, դիմակ կրելու մոտեցումը շատ վայրերում, որպես այդպիսին, թերարժեւորված մոտեցում է, սակայն, ըստ նրա, շատերը չեն հասկանում, որ դա մեծ լուծում է:

Պրոֆեսոր Հիտոշի Օշիտանին, որը Տոհոկույի համալսարանի բժշկության դպրոցի վիրաբուժության ֆակուլտետից է եւ COVID19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ, ասաց՝ խուսափեք փակ տարածքներից, եւ վարակի տարածումը կհաղթահարեք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930