«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանն այսօր Երեւանի ավագանու նիստում անդրադարձավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որն այսօր նույն նիստում հայտարարել էր՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Չէի կարող մի քանի դիտարկում չանել մեր քաղաքական հալածյալ գործընկերոջ ելույթի հետ կապված: Այն ինձ հիշեցրեց ոչ վաղ անցյալը, երբ մեր քաղաքական դաշտը լեցուն էր ամբիցիոզ, բայց իրենցից ոչինչ չներկայացնող երիտասարդներով, որոնք ներկայացնում էին մի կուսակցություն, երեւի գիտեք՝ ինչի մասին եմ խոսում, որոնք հանրային պաշտոնը եւ հանրային ծառայությունը տեսնում էին միայն որպես արտոնություն օրենքի առաջ»,-ասաց Երիցյանը:
Նրա խոսքերով՝ այդ ելույթը նրան տարավ մի մթնոլորտ, երբ կար երիտասարդների մի խումբ՝ ուսանողական խորհուրդ, հետո՝ քաղաքականություն, հետո՝ քաղաքականությունը ծառայեցնել իրենց անձնական նեղ նպատակներին. «Ես շատ ցավում եմ, որ մեր ավագանու կազմում կան գործընկերներ, որոնք հանրային պաշտոնը դիտարկում են, ոչ թե որպես պատասխանատվություն, այլ արտոնություն: Ո՞նց կլինի՝ իրավապահները համարձակվել են հարցաքննության կանչել մեր ընդդիմադիր գործընկերոջը, կամ ո՞նց կլինի, որ արտակարգ դրությունը խախտելու համար մեր որոշ գործընկերներ հրավիրվել են բաժին: Իսկ ո՞վ ասաց, որ մենք օրենքից վեր ենք, ով ասաց, որ մեզնից յուրաքանչյուրին, եթե դրա կարիքը լինի, չեն հրավիրելու եւ չեն հարցաքննելու: Իսկ ո՞վ ասաց, որ մենք օրենքից վեր ենք, իսկ ով ասաց, որ մեզանից յուրաքանչյուրին, եթե կարիք լինի, չեն կանչելու եւ չեն հարցաքննելու, ով ասաց, որ մենք վերին արտի ցորենն ենք եւ ավագանու անդամ լինելը մեզ տալիս է անձեռնմխելիություն կամ իրավունքներ, որոնք չունեն մյուս քաղաքացիները: Ցավում եմ, որ մեր գործընկերը այդ ժամանակ օգտագործեց որպես գովազդային ընդմիջում իրեն գովազդելու համար: 19 տարեկանում սա եմ արել, 20-ում սա եմ արել: Կներեք, ինձ բացարձակ չի հետաքրքրում ձեր կարճ կենսագրությունը: Տեսեք այդ գործչի վերաբերմունքն ավագանու նկատմամբ՝ եկավ, իր գովազդը արեց, թողեց գնաց: Ի վերջո, քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, իսկ այդ գործիչը, շատ կներեք, իրենից ոչինչ չի ներկայացնում»:
Երիցյանի ելույթին տեղից արձագանքեց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը, նշելով` Երիցյանի ելույթը օրակարգի հետ կապ չուներ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պարզաբանեց՝ ես անցած նիստին հայտարարել եմ՝ եթե լինեն թեմայի հետ կապ չունեցող ելույթներ, չեմ ընդհատելու, ինչ ուզում եք՝ խոսեք՝ առանց հայհոյանքների եւ ժամանակը պահեք. «Ես Դավիթ Խաժակյանին էլ չընդհատեցի»:
Կարդացեք նաև
Երիցյանն էլ արձագանքեց. «Եթե մարդիկ պատրաստ են խոսելու, պետք է պատրաստ լինեն լսելու»: Անի Խաչատրյանը վրդովվեց, նետեց Երիցյանին. «Գրիգոր, դու ո՞վ ես»: «Իսկ դու ո՞վ ես»,-Խաչատրյանին էլ նետեց Երիցյանը:
Անի Խաչատրյանն էլ իր ելույթի ժամանակ արտասանեց Թումանյանի «Չարի վերջ»-ից մի քանի տող. «Լինում է մի սար, էն սարում մի ծառ, էն ծառին փչակ, փչակում մի բուն, բնում երեք ձագ ու վրեն Կկուն: Կըկու, կըկու, իմ կըկուներ… Ժողովուրդ, ամոթ է, հերիք է կկվի տեղ ձեզ դնեք: Բան ունե՞ք ասելու, ասեք հարցուպատասխանին: Պարոն Խաժակյանը չի խախտել կանոն եւ խոսել է խմբակցության ղեկավարի իրեն լիազորված արտահերթ ելույթում: Պարոն Երիցյան, լավ կլիներ, պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք: Պարոն Խաժակյանն ասաց, որ գնում է 6-րդ վարչություն, որտեղ իրեն կանչել են: Պարոն Երիցյան, դուք վերջերս որդեգրել եք մի քաղաքականություն՝ միշտ բոլորի հետեւից եք խոսում: Տղա եղեք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ