«Այսօր ես իմացա, որ փաստորեն, երկու տարբեր իրար հետ կապ չունեցող քրեական գործերով որպես վկա պետք է հարցաքննություն տամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Գործը վերաբերվում է «Լույս» խմբակցությանը օրենքով ամրակցված մեքենային։ Այդ մեքենայի վարորդին առավոտյան տնից տարել են քրեական վարչություն, հետո նաև նրա կնոջն են այդտեղ հրավիրել․ «Հարցերի բնույթը, գուցե նաև այն արդյունքը, որը կակնկալեին ոստիկանության ներկայացուցիչները այն էր, որ դուրս գար, թե ինքը ֆիկտիվ գրանցված վարորդ է, իմ վերաբերյալ են սկսել հարցեր տալ»։
Նա ընդգծեց, որ վարորդի՝ որպես աշխատակցի առնչությունները փաստաթղթավորվում են ամեն ամիս։ Հարուցվել է նաև մեկ այլ քրեական գործ, որտեղ նաև ևս ներգրավված է որպես վկա․ «Այս իշխանությունները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Երբ ավագանու ընդդիմադիր անդամին, որն, ի դեպ, նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամ է, Հայաստանից՝ պատվիրակ, վարորդին տարել են, և ասում են՝ գիտես՝ ի՞նչ հաճախականությամբ ես գնում աշխատանքի, ո՞վ է վարում։ Եվ պարզվում է՝ ինձ ամիսներ շարունակ, իմ մեքենան վարելիս, նկատի ունեմ խմբակցության մեքենան՝ այն մեքենան, որը ես վարում եմ, նկարահանել են, որքան հասկանում եմ՝ ձայնագրել են խոսակցությունները։ Եվ հիմա, ինչ-որ մի բան են գտել, ուզում են դրանով ճնշում գործադրել»։
Դավիթ Խաժակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ չէր էլ մտածի, որ բանը քրեական գործի հարուցմանը կհասնի․ «Ընդ որում, ուզում եմ տեղեկացնել, որ վարորդը քաղաքական որևէ առնչություն «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ չունի, նա կատարում է իր աշխատանքը, և այդ մասով ճնշումները ուղղված են դեպի մեզ»։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ մեղադրանք դեռ չկա առաջադրված․ «Ամբողջ հարցը նրանում է, որ այս քաղաքական թոհուբոհի մեջ, երբ մենք տարբեր քաղաքական որոշումներ ենք կայացնում, իշխանությունը այսպիսի քայլի է գնում, իսկապես ծիծաղելի գործ է»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ