Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող խոսել որեւէ լիազորությունից զրկել կամ չզրկելու մասին, եթե իրականում այդ լիազորությունը նախագահը չունի». Մակունց

Հունիս 24,2020 16:32

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հստակ արեց իր շեշտադրումները, թե երբ է դիմելու ՍԴ՝ շեշտադրելով, որ իրենք հարցի կարգավորումը տեսնում են բացառապես իրավական դաշտում: Նաեւ «Իմ քայլը» խմբակցությունն է տեսնում հարցի կարգավորումը իրավական եւ օրենքի դաշտում բացառապես»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Լուսավոր Հայաստանն» ասել էր, որ իշխանությունները ԱԺ-ով 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելով՝ զրկում են նախագահին իր լիազորություններից: Մակունցն ասաց. «Մենք չենք կարող խոսել որեւէ լիազորությունից զրկել կամ չզրկելու մասին, եթե իրականում, ըստ իրավաբանների մեկնաբանությունների, այդ լիազորությունը նախագահը չունի: Այսինքն, չկա լիազորություն, չկա նաեւ զրկելու մասին խոսք»:

Մամուլում հրապարակումներ կան, որ իշխանականները ՍԴ դատավորի թեկնածուներ չունեն ու պատրաստ չեն նրանց լիազորությունները դադարեցնել՝ Մակունցը պատասխանեց, որ կառավարությունը երբ ներկայացնի թեկնածուներին, կքննարկեն, դա «Իմ քայլը» խմբակցության դաշտում ու տիրույթում չէ:

Թե ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացու կյանքում, երբ ՍԴ դատավորները փոխարինվեն, արտակարգ դրության այս պայմաններում այդ հարցը քննարկելն ի՞նչ է տալու՝ Մակունցը պատասխանեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ չեն կասեցնելու ու չեն դադարեցնելու իրենց օրակարգային հարցերը քննարկելը, որի մեջ մտնում է նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումները. «ՍԴ-ի հարցը, քանի որ հանրաքվեն չէր կարող լինել, մենք հանրային կերպով հայտարարեցինք, որ շարունակելու ենք գտնել ուղիներ ու գտել ենք այսօր: Թե ինչ կփոխի սա հանրության կյանքում՝ քաղաքացին, երբ 2015-ին կայացրել է իր որոշումը՝ ընտրությունների արդյունքում ունենալ նոր Սահմանադրություն, այդ Սահմանադրությամբ պետք է ապահովվի ու դա մեր պարտականությունն է ապահովել, որ համապատասխանի բոլոր սահմանադրական ինստիտուտների, այդ թվում՝ ՍԴ-ի համար: Անձամբ իմ համոզմունքն է, որ ՍԴ-ն, որպես դատական իշխանության կարեւորագույն եւ բարձրագույն կենտրոններից մեկը, շատ մեծ ազդեցություն ունի ընդհանուր դատական համակարգի մեջ առնվազն մթնոլորտի առումով»:

Aravot.am-ի հարցին՝ ընդդիմությունը, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանը» ձեզ քննադատում է, որ ինչպես նախկինները, այնպես էլ դուք իրավաբանությունը ճկում եք՝ հարմարեցնելով ձեր անձնական ու իշխանական շահերին, ինչպե՞ս կարձագանքեք՝ Մակունցը պատասխանեց, որ համաձայն չէ. «Եթե կան օրենքներ, Սահմանադրություն, այդ Սահմանադրությունը հաստատվել է 2015-ի հանրաքվեի արդյունքում, ապա մեր բոլորի պարտքն է անել առավելագույնը, որ այն համապատասխանի իրականությանը, ինչը մենք հիմա անում ենք: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իրավաբանությունը մեկնաբանությունների արվեստ է, բայց եթե առանձին իրավաբաններ գտնում են, որ բացառապես ամեն ինչ պետք է պտտվի միայն այդ խմբի իրավաբանների շուրջ, այլ իրավաբաններ ունեն այլ կարծիք այդ առնչությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930