Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետ. «Ինչո՞ւ շրջիկ առեւտրի ժողովուրդը չէին անում այս գործողությունը, որովհետեւ իրենց ֆիզիկապես կոչնչացնեին»

Հունիս 24,2020 16:22

Մինչեւ հեղափոխությունը տնտեսվարողների եւ պետության ներկայացուցիչների համար երկու կյանք կար՝ գրված եւ չգրված օրենքներ: Այսպիսի միտք արտահայտեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստում, երբ քննարկվում էր շրջիկ առևտրի նախագիծն ու քաղաքապետն արձագանքում էր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին:

«Կարծես թե քննարկում ենք քաղաքային տնտեսության մասին մի հարց, որը լոկալ բնույթ ունի, բայց իրականում, այս լոկալի մեջ շատ մեծ, գլոբալ հարց կա՝ այդ ինչո՞ւ այս հարցը 2018 թվականի մայիսից հետո, հեղափոխությունից հետո դուրս եկավ ջրի երես: Պատասխանը շատ պարզ է եւ հետաքրքիր՝ որովհետեւ միայն այդ ժամանակ շուկան ազատվեց, օրենքները սկսեցին գործել, իսկապես գործել, եւ սկսեցին երեւալ օրենսդրական այն մեծ բացթողումները, որոնք մինչեւ 2018 թվականի գարունը կային մեր պետությունում, եւ այդ խնդիրների լուծմանը բացարձակ ոչ մի ընթացք չէր տրվում: Հետո եղավ այն, որ նոր իշխանությունները հայտարարեցին՝ այսուհետ ամեն ինչ լինելու է օրենքով, բոլորը հավասար են օրենքի առաջ: Տնտեսվարողներն ասացին՝ էս ինչ լավ բան եք ասում: Հանեցին օրենքը, տեսան, որ բացթողում կա, ասացին՝ եղբայր, ես հիմա շրջիկ առեւտուր եմ իրականացնելու որտեղ ուզեմ, ոնց ուզեմ, որովհետեւ համապատասխան կետը չկա, կարգավորված չէ»,-ասաց Մարությանը:

Նա նշեց՝ եւ քաղաքային իշխանությունը ոչ մի բան չէր կարող անել, որովհետեւ հայտարարել էր՝ ամեն ինչ օրենքով է. «Եվ պետք է սկսեինք: Վստահեցնում եմ՝ այսպիսի հարյուրավոր բացթողումներ կան: Դրանք նախկինում ի հայտ չէին գալիս, որովհետեւ երկու կյանք կար՝ մեկը՝ թղթի վրա գրված օրենքներն էին՝ մի տեղ դարակում փակված, եւ իրական կյանքը, որը կարգավորվում էր մարդկանց մի խմբակով, որոնք ըստ իրենց ցանկության էին կարգավորում այս պետության մեջ բոլոր գործընթացները: Եվ հարց՝ ինչո՞ւ շրջիկ առեւտրի ժողովուրդը չէին անում այս գործողությունը, որովհետեւ իրենց ֆիզիկապես կոչնչացնեին, չեմ ասում՝ կսպանեին, բայց ֆիզիկապես այնպիսի ցավ կպատճառեին, որ զբաղվեր դրանով: Իրենք դա գիտակցելով մոտ չէին գալիս: Օրենք գոյություն չուներ, գոյություն ուներ ֆիզիկական բիրտ ուժ եւ մարդկանց ցանկություն:

Ես սա կարեւորում եմ, սա սկիզբն է, որ մենք սկսել ենք, եւ դա անցյալ տարվանից ենք սկսել՝ օրենսդրական բոլոր բացթողումների քայլ առ քայլ ուղղումը, բերում ենք ամեն ինչ ճիշտ հանձնում թղթին, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինեն օրենքները, որոնցով պետք է առաջ շարժվեն, որպեսզի կարողանան ծրագրավորեն իրենց գործունեությունը տաս տարի հետո: Խնդրում եմ բոլորին ուշադրությամբ մոտենան այս հարցերին, որովհետեւ սա տեսանելի փոփոխություններ են մեր պետությունում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930