«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում խոսեց կորոնավիրուսով վարակված իմքայլականների մասին: Նա ասաց. «Հաստատված դեպքեր կան, անձանց անունները չեմ հնչեցնի: Ինչ վերաբերում է խորհրդարանի աշխատանքներին, ապա անում ենք ամեն ինչ, որպեսզի որեւէ կերպ այն չխոչընդոտվի»:
Նշենք, որ խմբակցության երկու պատգամավոր՝ Քրիստինե Պողոսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հաստատել են, որ իրենք վարակակիր են ու նրանք երկու օր առաջ մասնակցում էին նիստին, քվեարկությանը: Մակունցն ասաց, որ այս պահին կա մեկ հաստատված դեպք, մյուսները դեռ չեն հաստատվել. «Չգիտեմ, կհաստատվեն, թե չէ, բայց հիպոթետիկ եթե ընդունենք՝ հաստատվել է, որեւէ կերպ չի խանգարի դա խորհրդարանի աշխատանքներին: Իրենցից որեւէ մեկի մոտ սիմպտոմներ չեն եղել»:
Հարցին՝ խմբակցության պատգամավորները թեստեր չե՞ն հանձնելու՝ Մակունցը պատասխանեց, որ ոչ, թեստ կհանձնեն միայն այն անձինք, որոնց մոտ ախտանշաններ ի հայտ կգան կամ ովքեր հնարավոր կոնտակտավոր են. «Հաստատված պատգամավորներից մեկը, որը հանրային հայտարարել է, որ վարակակիր է, դուք նույնպես իր հետ շփվել եք եւ հիմա ինձնից հարցազրույց եք վերցնում»:
Հարցրեցինք՝ Վահե Էնֆիաջյանն էլ է հայտարարել, որ վարակակիր է ու նա շփում էր ունեցել ԱԺ ղեկավարության՝ Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի հետ, գոնե նրանք չե՞ն թեստավորվելու՝ Մակունցը պատասխանեց. «Դուք թեստավորվե՞լ եք, դուք էլ եք չէ՞ շփվել Էնֆիաջյանի հետ: Բժիշկների հետ նաեւ անհատական խորհրդակցության արդյունքում կորոշվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ