Հունիսի 23-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ Կալիֆոռնիա, Կոնեկտիկուտ, Միչիգան, Նյու Յորք և Ռոդ Այլենդ նահանգներից ներկայացրեցին վկայություններ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև՝ ի աջակցություն Արցախին տրամադրվող շարունակական ականազերծման օգնության և Հայաստանին տրամադրվող աջակցության, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Կոնգրեսականներ Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), ԹիՋեյ Քոքսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Գարամենդին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Հայմսը (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ռաշիդա Տլաիբը (Դեմոկրատ, Միչիգան) հատուկ ընդգծեցին Արցախին տրամադրվող շարունակական աջակցության կարևորությունը, իսկ Կոնգրեսական Կոստան նաև կոչ արեց 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և մտահոգություններ հնչեցրեց Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության անհամաչափության վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից ներկայացված վկայությունները և շատ բարձր ենք գնահատում շարունակական աջակցությունն Արցախին և Հայաստանին»,– հայտարարեց Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մինչ հատկացումների գործընթացը շարունակվում է Ներկայացուցիչների պալատում և Սենատում, մենք կշարունակենք առաջ մղել մեր ընդհանուր նպատակները»:
«Որպես Լեռնային Ղարաբաղում ականներից և այլ պայթուցիկ նյութերից կյանքեր փրկելու համար պատասխանատու կազմակերպություն, մենք HALO Trust-ում շատ շնորհակալ ենք Կոնգրեսի այն անդամների աջակցության համար, ովքեր վկայություններ են ներկայացրել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին Անդամների օրը: Հուսով ենք շարունակել մեր աշխատանքը՝ անվտանգ պահելու ողջ տարածաշրջանի ընտանիքներին և գնահատում ենք Կոնգրեսի անդամների վճռականությունը, ովքեր շարունակում են պայքարել՝ ականազերծման այս վճռորոշ ծրագիրը փրկելու համար»,– ասաց HALO Trust-ի (ԱՄՆ) գործադիր տնօրեն Քրիս Ուաթլին:
Կարդացեք նաև
Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև Համագումարի վկայությունը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ամերիկայի հայկական համագումար