Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հեռավար կրթության անցկացման ժամանակ ուսուցիչների մի մասն այլ բանով է զբաղված եղել: Ինչպես ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ կրթություն կազմակերպելու փոխարեն նրանք քաղաքական «վերլուծություններով» են զբաղվել:
Պատգամավորը նիստում որպես զեկուցող հանդես եկող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս ամիսներին երկու տիպի դասախոսներ են աչքի ընկել. «Առաջինները գիշեր ցերեկ աշխատողներն են, որոնք գիտելիքը հասցնում են ուսանողներին: Երկրորդ տիպի դասախոսները, որոնց անուններն անհրաժեշտության դեպքում կփոխանցեմ, օգտվելով հեռավար կրթության վերահսկողությունից դուրս լինելուց՝ բոլոր դասերը նվիրել են կառավարությանը մեղմ ասած քննադատելուն, մասնավորապես՝ վարչապետի մասին հորինվածքներ պատմելով ուսանողներին»:
Լուսինե Բադալյանի բնորոշմամբ՝ երբ անցնենք նորմալ դասապրոցեսի, գուցե կարիք կա մտածելու դասախոսներին վերաիմաստավորելու, նրանց «մաղելու» մասին, որպեսզի դասավանդեն միայն իսկապես գիտելիք փոխանցող մասնագետները:
Լուսինե Բադալյանի խոսքով՝ դասախոսների մեկ այլ խումբ էլ կա, որն առիթից օգտվելով՝ աշակերտների եւ ուսանողների հետ պայմանավորվում են 500 դոլարով «պարապելու» եւ հետագայում քննությունների ժամանակ գնահատականներ «տալու» համար: Ի պատասխան Արայիկ Հարությունյանն արձանագրեց՝ եթե պարապելու եւ քննություն նշանակելու համար գումար են պահանջում, դա հաղորդում է հանցագործության մասին:
Կարդացեք նաև
«Վստահ եմ, որ իրավապահները դրանով կզբաղվեն՝ ձեր հայտարարությանն ընթացք տալու համար: Եթե տվյալներ ունեք, փոխանցեք մեզ: Ինչ վերաբերում է նրան, թե դասախոսներն ինչ են անում դասերի ժամանակ, դա հեռավարի հետ հիմնականում կապ չունի, որովհետեւ լսարանում դասախոսությունների ժամանակ եւս նման խոսակցություններ կարող են ծավալվել: Երկու դեպքում էլ դա կարող է վերահսկվել կամ ոչ»,-նշեց Արայիկ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ