Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

100 եւ 500 հազար դրամ տուգանք՝ առանց թույլտվության շարժական առեւտուր իրականացնելու դեպքում

Հունիս 24,2020 15:54

Երեւանում շրջիկ առեւտրի համար մնացել է 52 տեղ: Ավագանու այսօրվա նիստում «Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը եւ շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու եւ պահպանման համար վճարների չափը սահմանելու մասին» նախագիծը ներկայացնող Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն ասաց՝ այս տեսակի առեւտուր իրականացնող տնտեսվարողների համար 2021 թվականի հունվարի 1-ից նոր պահանջներ կգործեն: Այդ 52 տեղը, ըստ Սաֆարյանի, կներկայացվեն հատուկ կայքի միջոցով էլեկտրոնային ամրագրումից հետո մինչեւ 3 օր ժամկետով, իսկ ամրագրման ժամկետը չի կարող գերազանցել օրական 14 ժամը, առավելագույնը՝ մինչեւ 23:00-ն:

Շրջիկ կամ շարժական առեւտուր իրականացնելու համար ներկայացված հայտի ընդունումից հետո 6 օրում ստուգում է լինելու: Շրջիկ առեւտրի համար թույլտվությունը մեկ ամսով է, բայց եթե հետագա ամիսներին տեղական տուգանքները վճարվում են, ապա թույլտվության ժամկետը համարվում է երկարացված:

Երեւանի քաղաքապետարանը հսկողություն է իրականացնելու, խախտումներ հայտնաբերվելու դեպքում, տնտեսվարողին տեղյակ կպահեն, եւ կտրամադրեն երեք օր դրանք շտկելու համար, եթե չշտկեն, ապա կարգելափակվի տնտեսվարող սուբյեկտի հասանելիությունը էլեկտրոնային հարթակին:

Սաֆարյանն ասաց, որ եթե նման առեւտուր իրականացնեն առանց քաղաքապետարանի թույլտվության կամ խախտումներով, վարչական պատասխանատվություն է սահմանված՝ առաջին անգամ առանց թույլտվության գործունեության համար տուգանքը 100 հազար դրամ է, երկրորդ անգամ՝ 500 հազար դրամ:

Ավագանու անդամները հետաքրքրվեցին շարժական առեւտրի կետի արտաքին տեսքի եւ դրա կցորդի վերաբերյալ սահմանված չափանիշներից: Սաֆարյանը ներկայացրեց՝ առեւտրի կետը պետք է ապահովված լինի անհրաժեշտ սարքավորումներով, լուսավորության համակարգով, արգելակման համակարգով, առողջապահական նորմերի պահպանմամբ էլեկտրաէներգիայի արտադրման ինքնավար համակարգով: Մեքենաները կամ կցասայլերը կարող են լինել մինչեւ 10 մետր երկարությամբ, 2,5 մետր լայնությամբ եւ 3 մետր բարձրությամբ: Եթե անհրաժեշտություն ծագի շարժական առեւտրի կետը հատուկ գոտի տեղափոխելու, ապա դրա համար կգանձվի 30 հազար դրամ, իսկ հատուկ գոտում գտնվելու ամեն ժամի համար կգանձվի 100 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930