Հյուսիսային Կորեայի պետական զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ղեկավարությունը դադարեցրել է «ռազմական գործողությունների ծրագիրը» Հարավային Կորեայի դեմ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Yonhap հարավկորեական գործակալությանը, Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցուցադրաբար ապամոնտաժել են բարձրախոսները, որոնք տեղադրվել էին նախորդ շաբաթ քարոզչական նպատակով:
Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին ամիսներին Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները կտրուկ վատացել էին: Հունիսի 16-ին Փխենյանը պայթեցրել էր Հարավային Կորեայի հետ փոխգործակցության կապի միասնական շտաբի շենքը, որը տեղակայված էր սահմանամերձ Քեսոն քաղաքի մոտակայքում:
Միևնույն ժամանակ Կիմ Չենը Ընը Հարավային Կորեայի իշխանություններին մեղադրում է, թե վերջիններս չեն խոչընդոտում են ակտիվիստների գործունեությանը, որոնք փուչիկների օգնությամբ ուղարկում են «քարոզչական նյութեր»: Երկրի ղեկավարի փոքր քույրը՝ Կիմ Յո Չժոնն էլ զինված ուժերին հրահանգել էր «վճռական գործողություններ ձեռնարկել»: Իսկ այժմ հյուսիսկորեական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը նիստ է հրավիրել և հրահանգել դադարեցնել ռազմական ծրագրի իրագործումը:
Որոշ փորձագետներ ենթադրում են, որ հյուսիսկորեացի առաջնորդը, հավանաբար, «բարի ոստիկանի» դեր է խաղում բանակցությունների հերթական փուլի նախաշեմին, այն դեպքում, երբ նրա քույրը ստանձնել է «չար ոստիկանի» դերը: Բացի այդ պետք է հիշել, որ ռազմական ծրագրերը դադարեցվել են, այլ ոչ թե չեղարկվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ