Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ լակոտի կեղծանվան տակ թաքնվածին անպայման գտնելու եմ եւ անձամբ եմ «սամասուդ» անելու». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 24,2020 15:28

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: 

– Տիկին Զոհրաբյան, այսօր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս փուլում չեն միանում ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը`վիճարկելու համար խորհրդարանում ընդունված «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքը`նշելով, որ կսպասեն մինչեւ ՍԴ-ն քննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցը: Այսինքն, ԼՀԿ-ում մտավախություններ ունեն, որ իրենց կկապեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպե՞ս կգնահատեք «Լուսավոր Հայաստանի» այս դիրքորոշումը:

– Այդ կապակցությամբ իմ գործընկերները արդեն նշել են, ավելացնելու շատ բան չունեմ. մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի եւ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը ի գիտություն, սակայն ես շարունակում եմ մնալ իմ վստահ համոզմանը, որ այն, ինչ նախորդ օրը տեղի ունեցավ խորհրդարանում, դա սահմանադրական կարգի տապալում էր, իշխանության բացարձակ ուզուրպացիա է, դա ոտքից գլուխ հակասահմանադրական է: Եվ ինձ համար անձնապես, բացարձակապես նշանակություն չունի, թե ՍԴ-ն վաղը, մյուս օրը կամ հուլիսի 7-ին ո՞ւմ գործն է քննելու: Եթե կա օրենքի կոպտագույն խախտում, իսկ խորհրդարանական մեծամասնությունը նախօրեին գնաց սահմանադրական հեղաշրջման, մեկ օր առաջ, մեկ րոպե առաջ, այն պատգամավորները, այն քաղաքական գործիչները, ովքեր գտնում են, որ խորհրդարանում տեղի ունեցածը սահմանադրական հեղաշրջման փորձ էր՝ պետք է դիմեին ՍԴ: Ցավոք, այս պահին մենք ունենք այն, ինչ ունենք:

– Տիկին Զոհրաբյան, Ձեր վերջն մի քանի հարցազրույցներում պարբերաբար նշում եք, որ այս իշխանությունն իր ընդդիմախոսների հետ պայքարում անցնում է բոլոր հնարավոր կարմիր գծերը, մտնում է ընդհուպ մարդկանց ընտանիքներ: Դուք նշում եք, որ կոնկրետ Ձեր դեմ քաղաքական ռեպրեսիաներ են սկսված. կբացե՞ք փակագծերը, հատկապես ի՞նչը նկատի ունեք:

– Փակագծերը, կարծում եմ, շատ բաց են: Տեսնում եք, թե ինչ է անում իշխանությունը. տարբեր իրավապահ մարմիններ կանչում են ինձ հետ առնչվող կամ ժամանակին առնչություն ունեցած տարբեր մարդկանց, իմ ընկերներին, այդ թվում նաեւ մտավորական մարդկանց, լուրջ մարդկանց` կինոռեժիսորների եւ այլն, եւ տարբեր խաչաձեւ հարցադրումներով փորձում են նրանցից կորզել իրենց համար ցանկալի տեղեկատվություն, որ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ, ասենք, Նաիրա Զոհրաբյանը գումար է տվել իրենց, օրինակ, չուշաթափվեք ծիծաղից, պաստառ բռնելու համար: Եվ դա ասում են լուրջ կինոռեժիսորի:

Բայց դա դեռ ամենաողբերգականն ու ամենաեղկելին չէ, ինչ որ անում է այս իշխանությունը: Սրանք փորձում են քիթը խոթել նաեւ մեր անձնական տիրույթ, անձնական կյանք` ամենաանբարո, ամենաստոր քայլերով: Այսօր առավոտյան, իմ ֆեյսբուքյան մեսենջեր հավելվածի վրա երիտասարդի նկարով մի գրառում եկավ, ոչ թե որպես «սպամ», քանի որ այդ բաժնում հայտնված գրառումները սովորաբար չեմ կարդում, այլ իմ ընկերների համար հատկացված բաժնում: Ես բացեցի այդ երիտասարդի անձնական էջը եւ տեսա, որ այդ անձնավորությունն ինձ ընկեր չէ: Ես ունեմ լեգիտիմ կասկած, որ սա կազմակերպված է եղել տարբեր ծառայությունների կողմից: Այդ գրառման մեջ նշյալ երիտասարդը խուլիգան եւ անբարո առաջարկներ էր գրել ինձ: Բնականաբար, իմ օգնականն անմիջապես ձայնային հաղորդագրություն ուղարկեց, որ դուք ձեր անպարկեշտ հայտարարությունների համար կանչվելու եք քրեական պատասխանատվության: Մենք ուսումնասիրեցինք այդ էջը, այն կեղծ է, ֆեյք էջ էր: Ես ունեմ բոլոր լեգիտիմ կասկածները, որ սա կազմակերպված է եղել իմ դեմ`ինձ վարկաբեկելու համար: Բոլոր սքրինները պահպանված են: Ինչ ասեմ, անկեղծ զարմացած եմ, անկեղծ զարհուրած եմ: Զարհուրած եմ, որ դուք կարող եք իջնել մինչեւ այս աստիճանի, դուք կարող եք ինչ-որ կեղծ պրոֆիլներով մարդկանց ուղղորդել նման անբարոյական քայլերի: Շատ կարճ պատասխանեմ`անբարոյականը դուք եք, անբարոյականը ձեր կանայք են, որոնք լակած`տարբեր տեղերում, տարբեր ժամանակներում շպրտած են եղել:

Այս ամենը ես ուղարկել եմ եվրոպական կառույցներին եւ կրկին ահազանգել եմ, որ հիմա էլ փորձում են ահա այսպիսի անբարո մեթոդներով, իրենց կարծիքով, ինձ վարկաբեկել:

Հարգելի հանրություն, տեղեկացնում եմ ձեզ, որ այս իշխանությունն ամեն ինչի ընդունակ է եւ իմացեք, որ ամենաանբարո քայլերը սրանցից սպասելի են: Դրա համար ուզում եմ, որ իմ բոլոր գործընկեր քաղաքական, հասարակական գործիչները այս մասին իմանան, շատ զգույշ լինեն իրենց օգտահաշիվներից օգտվելուց, քանի որ սրանք ամենաանբարո քայլերից օգտվելու ընդունակ մարդիկ են:

Նորից եմ ասում`ձեր գեղցի, գավառական տրյուկներով ինձ չեք լռեցնելու: Ավելին, դուք ստիպում եք, որ ես ձեր դեմ իմ պայքարում դառնամ ավելի վճռական, դուք ստիպում եք, որ ես ձեր դեմ իմ պայքարում դառնամ ավելի համարձակ, ավելի սկզբունքային: Ես արդեն նշեցի, որ ողջախոհ կասկածներ ունեմ մտածելու եւ համոզված լինելու, որ այս ամենը կազմակերպված է եւ խնդիր է դրված ինձ վարկաբեկելու, ինչը չի ստացվի`վարկաբեկվածը դուք եք, վարկաբեկվածը ձեր կանայք են, որ լակած վայր են ընկնում տարբեր տեղերում: Այս պահին`այսքանը: Մնացածը`հաջորդիվ:

Իսկ այդ լակոտի կեղծանվան տակ թաքնվածին, ես խոստանում եմ`անպայման գտնելու եմ եւ սա այն բացառիկ դեպքերից է լինելու, որ ես կողմ եմ դնելու քաղաքական, մարդկային պոլիտկոռեկտությունը եւ անձամբ եմ «սամասուդ» անելու: Դրանում մեկ րոպե անգամ չկասկածեք:

-Ինչո՞ւ իրավապահներին չեք դիմում:

– Մեր իրավապահ համակարգին դիմելն անիմաստ է, քանի որ իրենք ասում են, հատկապես եթե կեղծ պրոֆիլ է, մենք դիմում ենք ֆեյսբուքին, իրենք տեղեկատվություն չեն տալիս: Քիչ առաջ ես խոսեցի ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ԵԽԽՎ իմ գործընկերները, պատկան պաշտոնյաներն այդ ֆեյքի հետ կապված պաշտոնապես կդիմեն ֆեյսբուքին, նաեւ կից գրությամբ հիմնավորումները կներկայացնեն եւ իրենք վստահ են, որ այդ դեպքում ֆեյսբուքը չի մերժի տալ ողջ տեղեկատվություն այդ կեղծ օգտատիրոջ մասին:

Ավելի շատ հակված եմ կարծելու, որ սա ուղղորդված է կոնկրետ մեկ պատգամավորի կողմից, ով այս ընթացքում շատ ջանադիր կատարում է ամենաբարձր իշխանության ամենակեղտոտ պատվերները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930