Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պատրաստ եմ ե՛ւ ԱԺ ամբիոնից, ե՛ւ այլ ամբիոնից պաշտպանել դատավորների անփոփոխելիության սկզբունքը, բայց սա սրբազան կով չէ, գիտե՞ք». Վլադիմիր Վարդանյան

Հունիս 24,2020 15:11

«Դատավորների անփոփոխելիությունը չափազանց կարեւոր ինստիտուտ է: Ես պատրաստ եմ ե՛ւ ԱԺ ամբիոնից, ե՛ւ այլ ամբիոնից պաշտպանել դատավորների անփոփոխելիության սկզբունքը: Բայց սա սրբազան կով չէ, գիտե՞ք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու փաթեթի մասին:

Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Երբ 2015-ի Սահմանադրության խմբագրությունն ընդունվեց, ապա դատարանների նախագահների լիազորությունները դադարեցվեցին ու այդ ժամանակ ոչ ոք չբարձրացրեց այդ հարցը, որ իրենք ունեին լեգիտիմ ակնկալիքներ, որ ընտրվել էին որպես նախագահ, պետք է պաշտոնավարեին մինչեւ 65 տարին լրանալը: Մենք գնացինք այն ընդհանուր տրամաբանությամբ, որ դատավորը պետք է պաշտոնավարի մինչեւ թոշակի անցնելը, բայց, օրինակ, դատարանի նախագահի դեպքում բացառություն կա, կա նաեւ այլ պաշտոնների պարագայում, իսկ ՍԴ-ի պարագայում մոդելն ենք փոխել, ընդ որում, մենք չենք փոխել այդ մոդելը, այլ այն անձինք, որոնք այս պահին ՍԴ-ում են»:

Վլադիմիր Վարդանյանը նաեւ բացատրեց, որ եթե սահմանադրական փոփոխություն անեին ու ասեին, որ այս 12 տարվա մոդելը սխալ է, պետք է անցնենք տարիքային մոդելի, մինչեւ 70 տարին լրանալը, էլի նույն ձեւ բողոքելո՞ւ էին, չէ՞ որ մոդելն է փոխվել ու այն պետք է կյանքի կոչվի:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քննադատություն կա, որ այդ փաթեթով դուք սահմանափակել եք նաեւ ՀՀ նախագահի լիազորությունները, զրկել նրան իր իրավունքից, ի՞նչ կասեք այդ մասին՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Եթե Սահմանադրության բոլոր խմբագրությունները նայեք, որեւէ տեղ չկա որեւէ պաշտոնատար անձի ստորագրություն: Սա գուցե պայմանավորված է եղել նրանով, որ սահմանադրությունները մշտապես փոփոխվել են հանրաքվեի միջոցով, իսկ հանրաքվեի միջոցով ընտրված ակտը որեւէ սուբյեկտի կողմից որեւէ եղանակով չպետք է ստորագրվի: Սա առաջին դեպքն է, երբ ԱԺ-ի կողմից է փոփոխվում: Բայց գործող Սահմանադրությունն ասում է, որ նախագահն ունի միայն այնպիսի լիազորություններով, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, այլ իրավական ակտերով նախագահի լիազորություն չես կարող սահմանել: Տվյալ պարագայում «Կանոնակարգ օրենքի» մեջ, որպես ընթացակարգային դրույթ նախատեսված է եղել ընթացքը, թե ինչ է տեղի ունենում փոփոխություններն ընդունելուց հետո: Չգիտես ինչու նախատեսված է եղել, որ փոփոխությունները պետք է գնան նախագահի ստորագրության: Սա խնդրահարույց է, որովհետեւ Սահմանադրության նորմերի միջեւ չկա հիերարխիա եւ ստացվում է, որ այն պարագայում, երբ հանրաքվեով է ակտն ընդունվում, այդ ակտը որեւէ մեկը չի ստորագրում, եթե նույն հոդվածը փոփոխվեր ԱԺ-ի կողմից, պետք է գնար նախագահի մոտ: Ի՞նչ լիազորություններ ունի նախագահը՝ սահմանադրական փոփոխությունները ստորագրելու պարագայում, որեւէ լիազորություն չունի, չի կարող դիմել ո՛չ ՍԴ, չի կարող հրաժարվել ստորագրությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930