Երեւանի ավագանու այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը անդրադառնալով վերջերս ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցույցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին, այդ թվում՝ ավագանու անդամներին, դիմեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Մանրիկյանը նշեց՝ բողոքի ցույցերի ժամանակ սահմանափակված է եղել քաղաքացիների ազատ տեղաշարժը, եւ նկատեց՝ հույս ունի, որ մի օր քաղաքապետն արդարացի դիտարկում կանի, կխոսի ոստիկանապետի հետ, թե ի՞նչ հիմքով են սահմանափակվում ավագանու անդամների ազատ տեղաշարժը:
«Ճիշտն ասած, ձեզ չեմ զանգել, բայց հետաքրքրվել եմ, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ նորմալ է նաեւ առողջության հետ կապված: Իմ միակ մտահոգությունը, ճիշտը որ ասեմ` այդքան մարդ, որ իրար հետ հավաքվում է, այդ քանակության մարդ, որ մի տեղ հավաքվում է համաճարակի պայմաններում, արդյոք անվտանգ է: Իսկ ես վստահ եմ, որ վտանգավոր է, եւ ահա թե ինչու է ոստիկանությունը հորդորում այդքան մարդ մի տեղ չհավաքվի: Կարծում եմ, պարոն Մանրիկյան, եթե դուք զգում եք, որ ձեր նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել, փառք աստծուն, դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերականգնվեն ձեր իրավունքները, եթե կարծում եք՝ խախտվել են ձեր իրավունքները եւ գործընթացը ցույց կտա՝ խախտվե՞լ են, թե՞ ոչ: Միշտ կարելի է գնալ այս ճանապարհով, եթե ինչ-որ մեկի իրավունքները խախտվել են, ինչ-որ մեկի նկատմամբ ապօրինություն է կատարվել, կապ չունի ես քաղաքապետ եմ, թե ոչ, ես կանգնած եմ նրանց կողքին: Ես մինչեւ քաղաքապետ լինելն էլ կանգնած էի նրանց կողքին: Իմ կյանքի ստատուսը, որպես ՀՀ քաղաքացի, չի փոխվել, ես միշտ կանգնած եմ այն մարդկանց կողքին, ում իրավունքները խախտվել են»,-պատասխանեց Մարությանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ