Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ որ Ալվինա Գյուլումյանին պետք է՝ իր աշխատավարձի, թոշակի հետ կապված պաշտոնը դիտարկում է անընդհատ, երբ ձեռնտու չի՝ դիտարկում է ընդհատված. Վլադիմիր Վարդանյան

Հունիս 24,2020 14:44

«ՍԴ դատավորներից մեկն ասում է՝ ես ավելի քիչ անձեռնմխելի եմ, ինչո՞ւ եմ ավելի քիչ անձեռնմխելի: Անկեղծ ասեմ, նաեւ ՍԴ-ում անցկացված տարիներին բախվում էինք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային էր: Մարդը նշանակվում էր, գալիս էր ՍԴ, ստանձնում պաշտոնը եւ ավելի վաղ էր գնում, քան մյուս դատավորները, որոնք շարունակում էին պաշտոնավարել, որովհետեւ այդ ընթացքում 75 տարեկանն իջավ 65 տարեկանի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ներկայացնելով, թե ինչ խնդիր են լուծել՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելով:

Հակասական կարծիքներ կան ՍԴ դատավորների քանակի հետ կապված, որոնց վրա անդրադառնում է այս նախագիծը: Իշխանություններն ասում են, որ 3 դատավորի լիազորություն է դադարեցվելու, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը պնդում է, որ իր վրա դա չի կարող անդրադառնալ ու դիմելու է ՄԻԵԴ: Այս առնչությամբ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «ՄԻԵԴ դիմելը ՍԴ դատավորների իրավունքն է, որեւիցե մեկը չի կարող սահմանափակել կամ փոփոխել այս իրավունքը: Խնդրեմ, սա տրամաբանական է, բխում է մեր միջազգային պարտավորություններից: Սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, անընդունելի է, խնդրեմ, դիմեք, սպառեք ներպետական պաշտպանության ատյանները, գնացեք ՄԻԵԴ, ստացեք որոշում: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի, որ խախտում է եղել, ՀՀ-ն կպարտավորվի այդ խախտումը վերացնել, եթե չարձանագրի խախտում, ապա հարցը կհամարվի սպառված: Ինձ դուր չի գալիս ամենաշատը, որ սա դիտարկվում է որպես սպառնալիք, խնդրեմ, դիմե՛ք: Ինչ վերաբերում է տիկին Գյուլումյանին, իր նշանակումն ընդհանրապես, լիազորությունների դադարեցումը, դրանից հետո վերստին նշանակումը բավականին հետաքրքիր գործընթաց է: Ճիշտ կլինի տիկին Գյուլումյանի հետ քննարկեք այս հարցը, բայց ես շատ անկեղծ ու բաց կլինեմ: Ես եկել եմ ՍԴ աշխատանքի 2003-ին, երբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարումը դադարեցնում էր ու այդ դադարեցումը շատ հետաքրքիր տեղի ունեցավ: Դա արվում էր նիստով ու տիկին Գյուլումյանը չզլացավ վկայակոչել դեռեւս 1970-ին Խորհրդային Հայաստանի կողմից ընդունված «Աշխատանքային օրենսգիրքը» եւ ասաց՝ քանի որ ինքը գնում է ընտրովի պաշտոնի, պետք է ապահովեն 1970 թվականի այդ օրենքի հիման վրա վերադառնալու պահին նույն պաշտոնը կամ համարժեք պաշտոնը, ինչը իմ խորին համոզմամբ բացարձակապես չի բխում այն տրամաբանությունից, որն առկա է ընտրովի պաշտոններ նշանակելու հարցում եվրոպական երկրներում, բայց, այդուհանդերձ: Երբ որ տիկին Գյուլումյանը վերադարձավ ու նշանակվեց ՍԴ դատավորի պաշտոնում, ինքը անձամբ պնդում էր եւ աշխատավարձի հետ կապված վեճի ժամանակ, որը ներկայացվել էր այն ժամանակ աշխատակազմի ղեկավարի դեմ, փորձում էր հիմնավորել, որ ինքն ունեցել է պաշտոնի անընդհատություն: Այն ժամանակ հարմար էր ասել, որ պաշտոնի անընդհատություն է ունեցել, այս ժամանակ ասում է՝ ոչ, սա նոր մանդատ է ու նոր մանդատով պետք է առաջնորդվեմ»:

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ տիկին Գյուլումյանը, ընդհանուր առմամբ պաշտոնավարում է ավելի քան 12 տարի ՍԴ դատավորի պաշտոնում. «Ես այստեղ լրիվ անկեղծ կգտնվեմ, գիտեք ինչ կա, երբ որ տիկին Գյուլումյանին անհրաժեշտ է, որ պաշտոնն անընդհատ դիտարկվի աշխատավարձի, թոշակի հետ կապված, նա դիտարկում է որպես անընդհատ պաշտոն, երբ որ անհրաժեշտ չի, հարմար չի, ձեռնտու չի՝ դիտարկում է որպես ընդհատված պաշտոն»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այո, ՍԴ դատավորները պետք է ապահովված լինեն սոցիալական երաշխիքներով, բայց դա չի նշանակում, որ տարբեր մանիպուլյացիաների միջոցով պետք է փորձեն իրենց կարգավիճակին ուրույն ձեւակերպում տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930