Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետ տարեք այս նախագիծը, մարդիկ ԱԺ-ի դիմաց ցույց են անելու». ինչո՞ւ է գործադիրը բարձրացնում գույքահարկի շեմը

Հունիս 24,2020 14:37

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է գործադիրի հեղինակած՝ հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որը վերաբերում է անշարժ գույքի հարկմանը եւ ըստ որի՝ տեսանելի հարստությունն ավելի մեծ չափով պետք է հարկվի. գույքահարկի վճարը բարձրացվելու է, հարկվելու է նաեւ 3 միլիոն դրամից նվազ արժողության գույքը:

«Առաջարկվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ: Առաջարկվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը` բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով՝ մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ: Սա կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը»,-զեկուցեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ օրինագծով առաջարկվում է սահմանել, որ 2021թ.-ին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25%-ը, 2022թ.-ին` 50%-ը, 2023թ.-ին` 75%-ը. «Այսինքն, հարկման նոր համակարգը ամբողջությամբ կգործի 2024թ.-ից»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկվող փոփոխությունները քննադատեց: Պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ օրինագիծը մարդակենտրոն չէ, արդար չէ. «Բեռը պետք է համապատասխանի մարդկանց եկամուտներին: Երեւանի կենտրոնում կան մարդիկ, որոնք տնօրինում են բնակարան, բայց չունեն բավարար եկամուտներ՝ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցողներ, միայնակ ապրողներ, այլ խմբեր: Նրանք պարտադիր պետք է օգտվեն արտոնություններից կամ լինեն բացառություն: Առանց խորը քննարկումների նման օրինագիծ ներկայացնելը, այն էլ՝ արտակարգ դրության պայմաններում, անթույլատրելի ենք համարում: Քննարկեք, մյուս տարի բերեք այս օրինագիծը»:

Մանե Թանդիլյանն էլ խայտառակություն որակեց օրինագիծը՝ համոզմունք հայտնելով, որ նման հրատապությամբ այն բերելն ու առանց խորքային քննարկման անցկացնելն անընդունելի է:

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ համավարակի պայմաններում իշխանությունը քաղաքացիների հարկային բեռը ծանրացնում է. «Ինչո՞ւ է սա անում իշխանությունը համավարակի պայմաններում, արտակարգ դրության ժամանակ: Մարդիկ կգան ցույց կանեն ԱԺ-ի առաջ: Աշխարհը չգիտի, թե անշարժ գույքի շուկան ինչպիսին է լինելու, մինչդեռ մեր իշխանությունն ավելացնում է հարկային բեռը: Միակ բանը, որ կարող եք անել, այս օրինագիծը հետ տանելն է, հետ տարեք, այն մեծ հարված է տնտեսությանը: Դուք շատ վատ բան եք անում, մենք դեմ ենք քվեարկելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930