Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանին 6-րդ վարչությունը կանչել է հարցաքննության. Հայկ Մարությանը բացառում է, որ քաղաքական հետապնդում է

Հունիս 24,2020 14:26

Երեկ առավոտյան Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությանը կցված մեքենայի վարորդի տուն են այցելել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանները, որը հանրությանն ավելի հայտնի է, որպես 6-րդ վարչություն եւ տարել են ոստիկանություն՝ բացատրություն տալու: Այսօր այս մասին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում: Նրա խոսքով, վարորդին ուղղված հարցերը նպատակ են ունեցել պարզելու՝ որքանո՞վ է նա իրականացնում իր աշխատանքային պարտականությունները եւ ինչո՞ւ է Դավիթ Խաժակյանն ամիսներ շարունակ վարում խմբակցության ավտոմեքենան: Ըստ Խաժակյանի, ոստիկանները բաժին են հրավիրել նաեւ վարորդի կնոջը, որպեսզի նա հաստատի, որ տեղյակ է, թե ինչ աշխատանք է կատարում նրա ամուսինը. «Իմ քաղաքական գործունեության հետ կապ չունեցող մարդկանց, իմ տեղաշարժի վերաբերյալ 6-րդ վարչությունում հարցեր ուղղելուց առաջ, կարելի էր դիտել Armlur.am կայքի` «Քայլ առ քայլ» հաղորդումը, որտեղ ես իմ աշխատատեղից նստում եմ այդ ավտոմեքենան, վարում այն, գալիս քաղաքապետարան եւ պատմում այդ մասին»:

Ապա Դավիթ Խաժակյանը դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով, որ իր համար շատ նորմալ եւ բնական է այդ երևույթը եւ ինքը քաղաքապետին այդ մասով երբեւէ չի քննադատել: Ի պատասխան, Հայկ Մարությանն ասաց՝ ես գրանցված վարորդ չունեմ:

Խաժակյանի խոսքով` մեկ այլ ծանուցում էլ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնից է ստացել, որով հրավիրվել է հարցաքննության բոլորովին այլ քրեական գործի շրջանակներում: Ապա հայտարարեց՝ սա Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է:

Հայկ Մարությանը դա իրատեսական չհամարեց՝ նշելով՝ վստահեցնում եմ ձեզ, ոչ ոք չի ուզում ոչ ոքի լռեցնել: Մարությանը վստահեցրեց, որ ավագանու ելույթները, հայտարարությունները իրենց միայն օգուտ են, քանի որ հնարավորություն են տալիս խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծում տալու. «Ինչքան մարդիկ շատ խոսեն՝ այնքան այսօրվա իշխանությունների օգուտն է: Եվ, ի վերջո, այս ամենն արված էր հենց դրա համար, խոսքի ազատության, օրենքի գերակայության եւ բոլորի հավասարության համար: Իսկ ինչո՞ւ քաղաքական գործչին պետք է ուրիշ ձեւ վերաբերվել, հասարակ քաղաքացուն՝ ուրիշ: Օրեկան քանի՞ հասարակ քաղաքացի է կանչվում հարցաքննության՝ բազմաթիվ մարդիկ: Ամսվա մեջ հարյուրավոր պետական, համայնքային աշխատողներ են հրավիրվում հարցաքննության, բայց ոչ ոք ելույթներ չի ունենում, որովհետեւ պարզ գիտակցում են, որ բոլորը օրենքի առաջ հավասար են: Եվ, եթե որեւէ մեկը մի քաղաքական գործչի նկատմամբ թույլ տա մի սխալ բան, առաջինը ես եմ կանգնած լինելու այն մարդկանց կողքին՝ ով այդ մարդու շահերը պաշտպանելու է: Բայց թողեք, որ այդ մարդիկ իրենց գործն անեն եւ, եթե մի բան են ներկայացնում, ուրեմն պետք է ապացույցներ ներկայացնեն»:

Դավիթ Խաժակյանն արձագանքեց՝ չեմ հասկանում ինչո՞ւ եք 6-րդ վարչության խոսնակի պարտականությունները ստանձնել. «Եթե քրեական գործերին կամ հնարավոր գործերին այնպիսի մանրախնդրությամբ մոտենային ինչպես իմ նկատմամբ է, ձեզ ոչ թե ծանուցում կտային՝ որ եկեք՝ ներկայացեք, այլ, ձեր այսքան ժամանակվա արդյունքից ելնելով, 6-րդ վարչությունը կմտներ այստեղ եւ սպեցնազով ձեզ այստեղից դուրս կհաներ: Ուստի դուք իմացեք, որ ակնհայտ կա տարբերություն եւ դրա մասին մարդիկ շուտով կիմանան»:

Խաժակյանի խոսքով, գուցե Մարությանն էլ մի օր հայտնվի իր կարգավիճակում եւ գուցե արտերկրից ծանուցումներ ուղարկի, որ նրա նկատմամբ քրեական գործերը քաղաքական են:

Հայկ Մարությանն ասաց, որ դա բացառում է, որովհետեւ իրավապահ մարմինները հաղորդագրությունների, հայտարարությունների հիման վրա հարցաքննության են կանչում նաեւ քաղաքապետարանի պաշտոնյաների, փոխքաղաքապետերին եւ երբեմն հարցերը ժպիտով են տալիս. «Բայց մարդը հաղորդագրություն է ներկայացրել, իրենք էլ պետք է պարզեն՝ այդպե՞ս է թե այդպես չէ»: Մարությանի խոսքով, դա շատ նման է օդանավակայանում լրացման ենթակա այն թղթիկին, երբ գրված է՝ ձեզ հետ թմրանյութեր, զենք զինամթերք ունե՞ք, եւ ամեն անգամ ուղեւորները այդ հարցերից դժգոհեին, ոգեւորվեին թե այդ ի՞նչ հարցեր են. «Ասեին՝ ես քաղաքական գործիչ եմ, ի՞նչ թմրանյութ: Հարց է, գրված է, պատասխանում ես՝ գնում առաջ: Հիմա ի՞նչի եք խառնվել իրար: Ի՞նչ քաղաքական գործիչ, ինչ հետապնդում, լավ էլի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930