Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ խորհրդի նախագահը՝ գործընթացը կասեցնելու, ռեկտորի պաշտոնակատարների ու ընտրությունների մասին

Հունիս 24,2020 13:52

Դեռեւս հունիսի սկզբին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել ու հնչեցրել համալսարանի՝ հիմնադրամի վերակազմավորվելու հարցը: «Մտածում եք, որ այս էժան, պարզունակ քայլով կարողանալու եք օգտվել համավարակի ճգնաժամից և 2-3 հոգով խաբե՞լ բոլորին… Իզուր ժամանակ ենք կորցնում, ոչ ոք ձեզ թույլ չի տալու այս բեմականացումը ավարտին հասցնել, մոռացե’ք դրա մասին: Վերակազմավորե’ք համալսարանը և իրական մրցո’ւյթ հայտարարեք, այլապես պետք է հանրությանը (և՝ ոչ միայն) պատասխան տաք հանրային միջոցները վատնելու և այս՝ ձախողման ենթակա հուսահատ փորձերի համար»,-գրել էր ռեկտորի նախկին պաշտոնակատարը:

Aravot.am-ը ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է գործընթացը կասեցված, եւ մրցույթը, փաստորեն, խորհրդի հին կազմով է հայտարարվում:

«Այդքան էլ հին կազմով չէ, որոշ անդամներ փոխվել են: Ըստ կանոնադրության՝ անդամներն առաջադրվում են հետեւյալ տրամաբանությամբ, բաժանված է չորս հավասար խմբերի՝ 32 հոգի, որոնցից առաջին չորսին նշանակում է հիմնադիրը՝ կառավարությունը, երկրորդին՝ լիազոր մարմինը, այսինքն` նախարարությունը, երրորդին հաստատում է գիտխորհուրդը, չորրորդին՝ ուսանողական խորհուրդը: Առաջին նիստում այդպես է եղել ձեւավորված: Հետո որոշ մարդիկ հրաժարվել-դուրս են եկել, որոշ մարդիկ ավարտել են բուհը, եւ նրանց փոխարեն նոր առաջադրումներ են եղել:

Նախկինում ձեւավորված խորհուրդը դիմել էր, որպեսզի համալսարանը վերակազմավորեն, դիմել էր ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի նախարարությունը կանոնադրությունը եւ համապատասխան առաջարկը դնի քննարկման: Դրանից հետո ամեն օր սպասում էինք, որ ինչ-որ մի պատասխան կունենանք: Այդ պատասխանի հետ կապված տեղեկատվության աղբյուրը հիմնականում լինում էին կամ այն խորհրդի անդամները, որոնք ԿԳՄՍ նախարարությունից էին, կամ ռեկտորը: Մինչեւ վերջերս մենք տեղեկություն ունեինք, որ հարցը քննարկման փուլում է, եւ ոչ մի որոշում չի կայացվել, հետո նաեւ իմացանք, որ նախարարը այն հանել է շրջանառությունից, ժամանակավորապես կամ մշտապես կասեցրել է՝ հավանաբար պայմանավորված ռեկտորի թափուր հաստիքի շուրջ լարվածությամբ: Առաջին օրվանից մինչեւ հիմա ռեկտորի պաշտոնակատարներ են նշանակվում՝ Ռուբեն Հայրապետյանը, հետո Դիանա Գալոյանը: Մի խոսքով, իմացանք, որ դադարեցվել է, եւ ոչ մի հիմնավորում չունենք, թե ինչու»,-ասաց մեր զրուցակիցը:

«Խորհրդի անդամների մտահոգությանը պատասխանել են, որ նախարարությունը մտահոգություն ունի, բայց թե ինչի համար է դա արվել, չեմ կարող ասել: Միայն կարող եմ ենթադրել, որ դա կարող է կապված լինել ընտրության հետ, որովհետեւ այս պարագայում նաեւ առանձին անկախ նամակագրություն է եղել ռեկտորի եւ նախարարության միջեւ: Մի դեպքում առաջարկել են կասեցնել այդ գործընթացը, որովհետեւ առաջիկայում ընտրություններ են, մյուս դեպքում էլ նախարարությունը, միգուցե աննպատակահարմար է համարել:

Այս պահին խորհրդի անդամներով նամակագրության մեջ ենք, փորձում ենք պարզել՝ որն է խնդիրը, բայց քանի որ մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնում նշանակած ընտրությանը, որտեղ պետք է խորհրդի նիստ լինի: Կարծում ենք, որ ցանկացած մեկնաբանություն, թե ինչու է այդպես եղել, ուղղակիորեն ազդելու է խորհրդի հետագա առաջադրվող անդամների հեղինակության վրա: Եվ որպեսզի չբորբոքենք, ես համենայն դեպս բոլորին հորդորում եմ այդ հարցի պատասխանին, որին տարիուկես սպասել ենք, սպասենք եւս մի քսան օր եւ խորհրդի նիստի օրը ուղղակիորեն քննարկենք նաեւ այդ հարցը՝ ընտրություններից առաջ, որպեսզի ազդեցություն չունենանք ընտրության արդյունքների վրա»,-ասաց ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը:

Պարոն Մովսիսյանի ձեւակերպմամբ, իր ներկայացրածն ընդամենը գործընթացի փոքր հատվածն է, եւ այն իրականում ավելի բարդ է. «Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր սեփական մեկնաբանությունն ունի՝ ինչպես իրավական դաշտի, այնպես էլ բարոյահոգեբանական վիճակի հետ կապված: Սրան ավելացնենք նաեւ այն, որ կան մի խումբ ուսանողներ, որոնք ավարտել են բուհը, բայց հետաքրքրված են այս ամենով եւ մշտապես նամակներ են ուղարկում նախարարին, խորհրդին, ռեկտորին, ինձ: Այս բոլորը ստեղծում են ավելի մեծ լարվածություն, ինչը համենայն դեպս բուհում սովորող ուսանողների վրա հաստատ դրական ազդեցություն չի ունենում, եւ ինչի պատճառով հիմա ունենք այն , ինչ ունենք»:

Խորհրդի նախագահը չցանկացավ փակագծեր բացել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկին գովում են, ինչ-որ մեկին քննադատում, ու դրանով ազդում ընտրության արդյունքների վրա:

Aravot.am-ի հարցին՝ իր կարծիքով այս ձգձգման, կասեցման արդյունքում շահեկան վիճակում հայտնվողներ կլինե՞ն, ՀՊՏՀ խորհրդի նախագահը պատասխանեց. «Երեւի թե կլինեն, բայց մենք պետք է հիշենք նաեւ այս ամենի նախապատմությունը: Ամեն ինչ առաջացավ նրանից, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական դիսերտացիայում սխալներ էին գտել, հետո ուսանողները սխալներ գտան նաեւ Դիանա Գալոյանի դիսերտացիայում, հետո եղավ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, երբ նա ասաց, որ կոռուպցիոն տարրեր է տեսել ու հրաժարական է տալիս, դրանից հետո բավականին հեղինակավոր մարդկանց հայտարարություններ եղան այդ մասին:

Այսինքն, այս բոլորը տեղ են գտել գործընթացում. մի կողմից մի թիմը ոգեւորում է մյուսին, որ սա էր լավը, մյուս կողմից ոգեւորում են մյուս թիմին: Սրա վրա մեկ այլ գործընթաց է ավելացել: Երբ դուրս եկան փոփոխված խորհրդի անդամները, որոշ մարդիկ դա մեկնաբանեցին, որ դա հատուկ փոփոխություն է ինչ-որ մեկին օգնելու համար: Մյուսը մեկնաբանում է, որ հակառակը՝ դա այնպիսի փոփոխություն է, որ կապ չունի ընտրության հետ: Սրան ավելացել էր նախարարի հորդորը, որ տիկին Գալոյանը հրաժարական տա ընտրություններից առաջ: Հետո եղավ տիկին Գալոյանի հայտարարությունը, որ հենց ընտրության օրը նշանակվի, ինքը հրաժարական կտա: Հետո եղավ իմ հորդորը տիկին Գալոյանին, որ անմիջապես այդ օրը պետք չէ հրաժարական տալ, սպասենք, որ բուհի ընդունելության քննություններն ավարտվեն, որ գոնե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունենանք, ինչին տիկին Գալոյանն ընդառաջ գնաց եւ, մինչեւ ամսի 15-ը մնաց, որպեսզի բուհում ընդունելության քննությունները նորմալ անցնեն:

Հետո շահարկեցին, որ քննություններն ավարտվել են, բայց էլի գործընթացը չկա, տիկին Գալոյանը շարունակում է պաշտոնավարել եւ կազմակերպել իր ընտրությունները: Ես երեկ խոսել եմ տիկին Գալոյանի հետ, ինքն օր առաջ ուզում է հրաժարական տալ: Ի դեպ, այս խառնաշփոթի մեջ չէի ուզենայի, որ իմ հնչեցրած մեկնաբանությունը լրացուցիչ հրահրման առարկա դառնար»:

Aravot.am-ը մեկնաբանություն է խնդրել նաեւ ԿԳՄՍ նախարարությունից, ինչը ստանալուն պես անպայման կհրապարակենք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930