Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շրջիկ առեւտրի կետերում չի թույլատրվի դիմահարդարում ու մերսում անել, կաթնամթերք ու ծովամթերք վաճառել

Հունիս 24,2020 12:53

Շրջիկ առեւտուր կարող են իրականացնել առավելագույնը 14 ժամով՝ մինչեւ ժամը 23:00-ն: Շրջիկ առեւտրի կետերը պետք է ապահոված լինեն ապրանքների պահման համապատասխան սարքավորումներով, ջրի եւ կեղտաջրերի պահման հերմետիկ՝ 100 լիտրանոց տարաներով: Շրջիկ առեւտրի կետերում չի թույլատրվում վաճառել գյուղատնտեսական ապրանքներ, ծովամթերք, կաթնամթերք: Այսօր այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Նա ներկայացրեց Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման կարգը: Համաձայն այդ կարգի, շրջիկ առեւտրի կետերում չեն կարող մատուցել վարսահարդարման, դիմահարդարման, ինտերնետ ծառայություններ, բանկային կամ արժութային ծառայություններ, կապի եւ հեռահաղորդակցման, բժշկական ծառայություններ, կացարանի տրամադրման, հյուրանոցային ծառայություններ, ցանկացած տեսակի մերսման ծառայություններ:

Պարոն Սաֆարյանը նաեւ հայտնեց, որ շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երեւանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա:

Նախագծի վերաբերյալ մտահոգություն հայտնեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը: Նա չբացառեց, որ շուկան գրավեն խոշոր տնտեսվարողները, որոնք ֆիզիկական անձանց միջոցով փորձեն շուկան վերցնել իրենց ձեռքը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը փոխանցեց տնտեսվարողներին հուզող հարցերը՝ ի՞նչ նկատի ունեն թունդ ալկոհոլային խմիչքներ ասելով եւ արդյոք գարեջուրը համարվելո՞ւ է թունդ ալկոհոլային խմիչք: Հովիկ Սաֆարյանն ասաց, որ ալկոհոլային խմիչքների դասակարգումը կատարվում է օրենսդրությամբ. «Եթե չեմ սխալվում 40-ից բարձր աստիճանի դեպքում նոր համարվում է ալկոհոլային խմիչք: Եվ ավելի ցածր աստիճանով ալկոհոլային խմիչքի վաճառքը չի արգելվի»:

Նախագիծն անցավ առանց առարկությունների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930