Լրահոս
Օրվա լրահոսը

«450 միլիոն դոլարի շինարարություն է կանգնած». գործադիրը լուծում է առաջարկում

Հունիս 24,2020 12:43

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Օրինագիծը սահմանում է, որ տվյալ փուլում շինարարության կասեցման գործընթացի մասին որոշումը թողնվում է դատարանի որոշմանը: Խնդրի առարկան ներկայացնելով՝ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց՝ շինարարության թույլտվությունների հետ կապված առաջացել է իրավիճակ, երբ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացը:

«Հիմա մոտ 60 շինարարական թույլտվություններ կասեցված են, այսինքն՝ կասեցված է մոտ 450 միլիոն դոլարին համարժեք ներդրում: 125 000 ք/մ մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում միայն Երեւանում: Այս իրավիճակը հանգեցրեց քննարկումների շահագրգիռ մարմինների հետ: Արդյունքում այս օրինագծով առաջարկում ենք՝ երբ վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, կասեցումը չպետք է լինի որպես ավտոմատ կիրառման գործիք, այլ վարչական ակտի կատարումը պետք է կասեցվի միայն դատարանի կողմից միջնորդության բավարարման դեպքում: Միջնորդությունը բավարարելու պայմանները հետեւյալն են՝ առկա է հիմնավոր կասկած, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս, կամ կարող է անհնարին դառնալ դատական ակտը»,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է միջազգային փորձին՝ փոխնախարարն ասաց, որ շինարարական թույլտվությունների դեպքում որոշակի փուլից դատարանում վիճարկումներ հնարավոր չեն: Գրիգորյանի խոսքով՝ նկարագրված խնդիրն առաջինը բարձրաձայնել է Երեւանի քաղաքապետարանը՝ ասելով, որ իր տված շինթույլտվությունների աշխատանքները կասեցվում են՝ երբեմն իրավունքի չարաշահմամբ. «Հայցվորները դատարան են դիմում այն դեպքերում, երբ քաղաքապետարանի կարծիքով՝ իրավունքի խախտում չկա: Այսինքն, քաղաքապետարանից է սկսել այս նախաձեռնությունը»:

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նկատեց՝ երբ որեւէ անձ կառուցապատողի հետ խնդիր ունի եւ բողոք է հղում, միլիոնավոր դոլարների շինարարություններ են կանգ առնում. «Բայց ո՞վ է փոխհատուցելու վնասը, եթե դատարանի վճռով պարզվի, որ կառուցապատումն իսկապես սխալ է եղել»: Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ սխալ վարչարարության դրվագն արդեն իսկ սահմանված է գործող օրենսդրական կարգավորումներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930