Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկամուտը կորցրածներին այս վարկով աջակցելո՞ւ եք». փոխնախարարի պարզաբանումը՝ միջազգային վարկի մասին

Հունիս 24,2020 12:13

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020թ.-ի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված՝ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցը: Ինչպես զեկուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, այս համաձայնագրով ՀՀ-ն 280, իսկ աշնանը՝ լրացուցիչ 35 միլիոն դոլարի վարկ ստանալու հնարավորություն կունենա: Նրա խոսքով՝ հիմնադրամից միջոցների ներգրավումը տնտեսական խնդիրների հաղթահարմանն է միտված: «Կորոնավիրուսի պատճառով տնտեսական համաշխարհային շոկեր գրանցվեցին, իսկ ներքին տնտեսություններում՝ սահմանափակումներ, որոնք ազդեցին նաեւ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների վրա. ունենք իրական կանխատեսումից 2%-ով պակաս համախառն ներքին արդյունք»,-արձանագրեց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ նշյալն ազդելու է բյուջեի հարկային եկամուտների վրա. «Կառավարությունը 150 միլիարդ դրամի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման միջոցները կատարելու քայլ արեց, որի արդյունքում ունեցանք լրացուցիչ ֆինանսավորման պահանջ: Ֆինանսական ճեղքը փակելու հնարավորությունն արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրվող հնարավորություններն են: Կարիք եղավ դիմելու հիմնադրամին՝ բյուջեի ֆինանսավորումն ապահովելու նպատակով այդ միջոցները ստանալու համար»: Փոխնախարարի բնորոշմամբ՝ հիմնադրամում ՀՀ-ին վարկավորում տրամադրելու որոշումն արդեն հաստատված է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի պատճառով այս ընթացքում աշխատանքը եւ եկամուտը կորցրած, արտագնա աշխատանքի մեկնել չկարողացած քաղաքացիներին միանվագ ֆինանսական աջակցություն տրվելո՞ւ է այս վարկից. «Ի վերջո, այս վարկը ՀՀ քաղաքացիներն են մարելու»:

Արման Հայրապետյանը պատասխանեց. «Այս վարկային միջոցի ներգրավումը հնարավորություն է տալու կյանքի կոչել կառավարության ներկայացրած եւ ԱԺ-ի արդեն իսկ հաստատած բյուջեի փոփոխությունները: Բյուջեի մասին նախագծում ներառված բոլոր միջոցառումներն իրականացվելու են այս ֆինանսական միջոցներով»:

Մարուքյանը պնդեց, որ փոխնախարարը պարզ բառամթերքով անդրադառնա իր նշած խմբերի մարդկանց: Արման Հայրապետյանն արձագանքեց. «Այս միջոցների ներգրավումը հնարավորություն կտա կայուն ֆինանսական վիճակ ունենալ՝ հաստատված ծրագրերի համար: Թե ապագայում ինչ ծրագրեր կհաստատվեն, ես չեմ կարող ասել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930