Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահին զրկել են իր իրավունքից». «Լուսավոր Հայաստանը» հրապարակեց ՍԴ հարցով իր որոշումը

Հունիս 24,2020 12:05

Այսօր «Lուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրած ասուլիսում ներկայացրեցին, թե ինչ խախտումներ են եղել՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման օրենսդրական նախաձեռնությունն ընդունելով:

Տարոն Սիմոնյանն ասաց. «Երկուշաբթի իրադարձությունները շատ արագ զարգացան ու միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները,  որոնք կատարվեցին խորհրդարանում, կատարվեցին Սահմանադրության խախտմամբ: Խախտումները տեղի են ունեցել մի քանի ուղղությամբ: Առաջին խախտումն այն է, որ բազմիցս ասվել է, երբ Սահմանադրական փոփոխություններն ընդունվում են ԱԺ-ի կողմից, մինչեւ երկրորդ ընթերցումը, նախագիծն անպայման պետք է ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացության համար: Սա առաջին հերթին կարգավորվում է ՀՀ սահմանադրությամբ՝ 169 հոդվածի 2-րդ մասով: Սա ակնառու խախտում էր, որն ամեն կերպ պետք է դառնա քննարկման առարկա: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից, որի արդյունքում խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը: Մյուս խախտումն այն է, որ ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքների փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու իրավունքից: ԱԺ մեկ խմբակցությունը իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել»:

Թե ինչ են անելու այս խախտումների դեմ, Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս խախտումների հիման վրա Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների մեկ հինգերորդին դիմելու ՍԴ: Թե ինչ հիմքով՝ պատգամավորն ասաց, որ հիմքերից մեկը օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է: Այդ հիմքով վիճարկվելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան որոշումը, որով նախագահին զրկել են իր լիազորություններից. «Մյուս հիմքը, որը կրկին սահմանված է Սահմանադրությամբ, ՍԴ-ի մասին օրենքով, ՍԴ մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Վեճն այստեղ է՝ արդյոք ԱԺ-ն իրավունք ունե՞ր չդիմելու ՍԴ, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը Սահմանադրական դատարանն է, հետեւաբար այս պահանջների հիման վրա մենք պետք է առաջ գնանք: Հանրության կողմից բարձրացվում էր նաեւ մեկ այլ հարց, որ պետք է Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել ՍԴ-ում, մինչդեռ պետք է նշենք, որ Սահմանադրության 168-րդ հոդվածում նշված այդ դրույթը չի կարող պատգամավորի մեկ հինգերորդով վիճարկվել ՍԴ-ում»:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ սա իրավաբանական տարրական գիտելիք է. «Չեմ կարծում, որ շատ խորը գիտելիքներ են պետք՝ այս ամեն ինչը հասկանալու համար: Եթե այս ամենը իշխանական գործընկերներն անտեսում են, ապա հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կամ էլ ամբողջ հասարակությանը ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում՝ իրավաբանական գիտելիքներն իջեցնելով զրոյական մակարդակի, ինչն անթույլատրելի է»:

Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ երբ ԱԺ-ն քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատանքային քննարկում է արել ու որոշում է ընդունել, որ երկրորդ նախագահին առնչվող գործը կքննեն հուլիսի 7-ին. «Դրանից հետո նախագահի փաստաբանները հարցազրույցում ասում են, որ սա արվում է, որ միջամտվի, ազդեցություն լինի ՍԴ-ում քննվող գործի հետ կապված. «Մենք, որպեսզի որեւէ ձեւով չմիջամտենք այս գործընթացին, դա թողել ենք, որ մնա իրավական սահմաններում: Գործը գրավոր ընթացակարգով է քննվում, դա նշանակում է, որ շատ արագ որոշում պետք է ունենա: Մենք ՍԴ-ի դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք ու հենց այդ գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի, ՍԴ կմուտքագրվի այս բոլոր կետերի հետ կապված հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ դիմում: Օրերի խնդիր է: Մենք գործընթացը պահպանելու ենք միայն իրավական տիրույթում ու թույլ չենք տալու, որ հակամարտ կողմերից որեւէ մեկը ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930