Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ գործադրվեն գազի գնագոյացման շուկայական կառուցակարգերը. Գագիկ Վարդանյան. «Ժամանակ»

Հունիս 24,2020 11:56

«Ժամանակ»-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշել է գազի միջին սակագինը բարձրացնել 1000 խմ-ի դիմաց 266.7 դոլար, այլ ոչ թե 283 դոլար, ինչպես իրենք են առաջարկում, ապա իրենք ստիպված են լինելու կրճատել 2000 աշխատակցի:

Ձեր կարծիքով՝ սա իրականությունից բխո՞ղ մոտեցում է, թե՞ ինչ-որ ձևով նաև շանտաժի տարրեր է պարունակում:

– Ձեր հարցի առաջին մասին հստակ պատասխանելու համար հարկ կլինի ուսումնասիրել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսատնտեսական ամբողջ գործունեությունը: ՀԾԿՀ-ն հավանաբար տիրապետում է այդպիսի տեղեկատվության: Բացի դրանից, ի՞նչ է նկատի ունեցել ընկերության գլխավոր տնօրենը, երբ հայտարարել է «նախատեսված պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարելու» անհնարինության մասին: Եթե խոսքը վերաբերում է երկրի գազիֆիկացման ծրագիրը շարունակելուն, ապա նախ պետք է ներկայացնել մինչև օրս այդ ծրագրի, ինչպես նաև կատարված ներդրումների արդյունավետության գնահատականը:

Անհասկանալի է՝ ՀԾԿՀ-ն չի՞ կարողացել այդ նկատառմանը պատասխանել, թե՞ չի հասկացել, որ ընկերությանը տրամադրվող մարժան կհանգեցնի ՀՀ կառավարության և ՀԾԿՀ-ի որոշումներով նախատեսված ընկերության պարտավորությունների վիժեցմանը: Եթե ՀԾԿՀ-ն հասկացել է դա, ապա զուգահեռաբար պետք է նախաձեռներ նշված պարտավորություններն ընկերության հնարավորություններին համապատասխանեցնելու գործընթաց: Իսկ եթե չի հասկացել, ապա այդ մարմնի հարցը պետք է դառնա քննարկման առարկա: Ինչո՞ւ ՀԾԿՀ-ն, տիրապետելով ընկերության ֆինանսատնտեսական տվյալներին, չի արել այնպիսի առաջարկություն, որից նրանք չկարողանային հրաժարվել, կամ որը չառաջացներ նրանց տարակուսանքը:

Գազի գնի վերանայման շուրջ առաջացող քննարկումներն ամեն անգամ առաջացնում են կասկածներ, դժգոհություններ: Ի վերջո, ժամանակն է, որպեսզի գործադրվեն գնագոյացման շուկայական կառուցակարգերը: Թեպետ Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը մեր գազասպառողներին զերծ է պահում շուկայական տատանումներից, ինչը կարևոր է բնակչության ցածր կենսամակարդակի և երկրի ոչ ուժեղ տնտեսության տեսանկյունից, այդուհանդերձ հետագայում նման քննարկումներից խուսափելու համար նպատակահարմար կարող է դիտվել գազամատակարարման պայմանագրի կապակցելը նավթի կամ նավթի արտադրանքի զամբյուղի գնի հետ: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել, որ նավթի գնի անկումը կհանգեցնի գազի գնի անկմանը, ինչը վերջերս տեղի է ունեցել Եվրոպայում. «Գազպրոմ»-ի եվրոպական պայմանագրերի 32%-ն ամբողջությամբ կամ մասնակի այդպիսին է: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա աշխատատեղերի կրճատման հարցը շաղկապելը ՀԾԿՀ ներկայացված հայտի քննարկման հետ, մեղմ ասած, վկայում է գործարար հաղորդակցման տարրական մշակույթի բացակայության մասին:

Ի վերջո, ցանկացած ընկերություն, որքան էլ հզոր լինի, չի կարող այդ կերպ հարաբերվել պետական մարմնի հետ: Գազի հարցի վերջնական լուծումը կատարյալ մրցակցային միջավայրի ձևավորումն է: Գները պետք է ձևավորվեն առաջարկի և պահանջարկի ինչ-որ հաշվեկշռի հիման վրա և միաժամանակ արտացոլեն ընդհանուր առմամբ հասարակության համար գազի լրացուցիչ օգտագործման այլընտրանքային ծախսերը: Այս առումով միանգամայն տեղին է հիշատակել աշխարհահռչակ տնտեսագետ Յոզեֆ Ստիգլիցի այն նկատառումը, որ մրցակցային շուկայական միջավայրում առաջանում է հումքի այն նույն գինը, որը սահմանում է «կատարյալ պլանավորման մարմինը», այսինքն՝ ՀԾԿՀ-ն:

– Գազի սակագնի գոյացման խնդրում մի կարևոր բաղադրիչ էլ կա՝ խոսքը համակարգում առկա գազի կորուստների մասին է, որը, ըստ տարբեր հաշվարկների, 11 դոլար կամ մոտ 7 տոկոս է կազմում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, եթե նկատենք, որ միջազգային փորձի համաձայն՝ այն կարող է լավագույն դեպքում հասնել 3 տոկոսի: Սակագնային քաղաքականություն մշակելիս արդյոք այս հանգամանքը նույնպես չպե՞տք է հաշվի առնեն և վերանայեն այս առումով իրենց մոտեցումը:

– Կորուստները հին թեմա են: Ավանդաբար այդ հարցը բարձրացվել է ՀՀ Ազգային ժողովում (նախորդ գումարումների), ստեղծվել են հանձնաժողովներ, կատարվել են «բացահայտումներ», բայց «սայլը մինչ օրս իր տեղում է մնացել»: Կորուստները կարելի է բաժանել արտադրատեխնոլոգիականի և առևտրայինի: Չափից ավելի կորուստների պատճառները կարող են լինել մի քանիսը. սպառողների մոտ ոչ պիտանի հաշվիչ սարքերը, արտահոսքը գազատար խողովակներում, կոմպրեսորային կայաններում և այլն, կորուստների առևտրային մաս (բնակչության սպառման նորմաների անհամապատասխանություն գազի իրական սպառման հետ, ուղղակի հափշտակումներ գազատարից): Այնպես որ, կորուստների մասին խոսելիս պետք է նախ բացահայտել դրանց «կենտրոնները»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կորուստներն արդյոք պե՞տք է հաշվառել սակագնի մեջ, ապա պատասխանը կլինի՝ այո, որովհետև ընկերությունը վճարում է գազի ռեսուրսի սեփականատիրոջը: Հարկ է նկատել, որ գոյություն ունի կորուստների հաշվարկի մեթոդաբանություն, որի հիման վրա ուսումնասիրություն կատարելու դեպքում կարելի է պարզել, թե կորուստների ներկա մակարդակը որքանով է փաստարկված: Ինչ վերաբերում է միջազգային համեմատություններին, ապա այստեղ պետք է նկատի ունենալ, որ տարբեր երկրներ գտնվում են տարբեր բնակլիմայական և այլ պայմաններում, որոնք սովորաբար հաշվի են առնվում կորուստների նորմատիվները հաշվարկելիս:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930