Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը. կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ ԱԱԾ-ն շարունակում է միջոցառումներ ձեռնարկել

Հունիս 24,2020 12:19

 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Արարատի մարզի համայնքապատկան հողամասերը պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց դրդմամբ ապօրինի օտարելու, ձևական աճուրդներ կազմակերպելու, համայնքներին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից  հանցագործությունը թաքցնելու դեպքեր: Դրանցում ներգրավված են եղել ինչպես Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների, Արարատի մարզպետարանի, այնպես էլ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք:

Պարզվել է, որ Ա. Հ.-ն, զբաղեցնելով  ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր սանիկի՝ Ա.Ա.-ի կողմից նույն համայնքի սեփականությունը հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0.9 հա մակերեսով հողամասը համայնքից երկարաժամկետ վարձակալումն առանց խոչընդոտների կազմակերպելու շահադիտական դրդումներից ելնելով, իր ենթակայության տակ գտնվող պետական ծառայություն իրականացնող Գ. Ս.-ի  միջոցով, նույն վարչություն է հրավիրել Մխչյան համայնքի ղեկավար Խ.Պ.-ին և վերջինիս կամքի ու գիտակցության վրա ներազդելով՝ դրդել է չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այն է՝ ուղղորդել է առանց խոչընդոտների կազմակերպել և ցածր վարձավճարի դիմաց երկարաժամկետ կարգով հիշյալ հողատարածքը օգտագործման տրամադրել Ա.Ա.-ին կամ ձևական աճուրդի կազմակերպմամբ օտարել այն:

Արդյունքում համայնքի ղեկավարը՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի դրդմամբ, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հակաօրինական գործողություն կատարելու դիտավորությամբ, Ա.Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ համայնքապատկան հողամասի մեկնարկային գինը սահմանել է զգալիորեն ցածր՝ 5.850.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով Ա.Ա.-ին աճուրդային մեկնարկային գնից մեկ քայլ կատարելու միջոցով ճանաչվել հաղթող: Արդյունքում, կայացված ձևական աճուրդի ընթացքում Ա. Ա.-ն, ընդամենը 250.000 ՀՀ դրամի չափով մեկ քայլ կատարելով, ճանաչվել է մրցույթի հաղթող և 6.100.000 ՀՀ դրամով ձեռք է բերել փաստացի 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով համայնքապատկան գույքը և դրա նկատմամբ գրանցել սեփականության իր իրավունքը, որի հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 5.017.800 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք է բերվել նաև բավարար ապացույցների համակցություն առ այն, որ նույն պաշտոնատար անձի դրդմամբ կայացված ձևական աճուրդի արդյունքում օտարվել է նաև Արարատի մարզի Շահումյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա և մոտ 0.4 հա մակերեսներով բնակավայրերի  ու գյուղատնտեսական նշանակության հողամասերը: Արդյունքում է համայնքապատկան գույքը վաճառվել է ընդամենը 1.705.000 ՀՀ դրամ արժեքով  իսկ համայնքը զրկվել է օրինական վաճառքի արդյունքում բարձր եկամուտներ ստանալու հնարավորությունից։

Նույն գործի շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի յուրացման դեպքին ընթացք չեն տվել, առերևույթ կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների ղեկավարները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմնի՝ որոշմամբ Ա.Հ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ Ա. Հ.-ն կալանավորվել է:

Նույն գործի շրջանակներում կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննվել են նաև ՀՀ Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի պետը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետը և նույն բաժնի օպեր լիազորը, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց ներգրավմամբ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ համակարգում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ և Ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ համակարգում առկա արատավոր երևույթները բացառելու և օրենքի առջև հավասարության սկզբունքն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ այլ պաշտոնյաների կողմից հնարավոր նմանատիպ գործողություններից տուժած քաղաքացիներին կոչ ենք անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ միաժամանակ երաշխավորելով դիմող քաղաքացիների անվտանգությունը և անձի գաղտնիությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930