Հայաստանի Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում ընդունեց սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսվում էր դնել համընդհանուր հանրաքվեի: Այժմ ՀՀ Սահմանադրական դատարանի երեք դատավորները հրաժարական կտան, իսկ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի կարգավիճակը կհավասարեցվի սովորական դատավորի կարգավիճակի: Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դե-ֆակտո չեզոքացնում է ներկայիս իշխող վերնախավում իր գլխավոր հակառակորդին: Պատգամավորներն այնքան էին շտապում ընդունել համապատասխան փոփոխությունները, որ չսպասեցին անգամ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, որն այնքան էլ գոհ չէ նրանց կայացրած որոշումից, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները ընդհանրապես չեն մասնակցել քննարկմանն ու քվեարկությանը և հայտարարել են, որ փոփոխությունների նախագիծը համարում են հակասահմանադրական: Սակայն իշխող խմբակցության և իշխանությանն աջակցող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայները բավական են եղել փոփոխությունները հաստատելու համար: Հոդվածագիրը նաև նշում է, որ իշխող ուժի պատգամավորները հրաժարվել են օրինագիծը ՍԴ ուղարկելուց՝ գնահատելու համար Սահմանադրությանը համապատասխանելու հանգամանքը, բացի այդ ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ է ընդունվել, որոնք թույլ են տալիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու համար:
Պարբերականը հիշեցնում է, որ ՀՀ ում իշխանությունները մտադիր էին սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել ապրիլի 5-ին, սակայն ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պատճառով:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ չի բացառել ՍԴ կազմի փոփոխությունը, սակայն անցումային ժամանակահատվածով և կազմի աստիճանական փոփոխմամբ, որպեսզի վտանգի տակ չդրվի ինստիտուտի անկախությունը:
Կարդացեք նաև
«Իշխանությունների գործողությունները և պատգամավորների կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն իշխանության զավթում և սահմանադրական կարգի տապալում են», – «Կոմերսանտին» հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և հավելել՝ եթե նախագահ Արմեն Սարգսյանը կամ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չդիմեն Սահմանադրական դատարան, ապա քաղաքական պատասխանատվություն կկրեն իշխանությունների այս գործողությունների համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նման քայլն աննպատակ է համարում: «Դեռևս չի եղել այնպիսի նախադեպ, որ դատավորն ինքը որոշի իր պաշտոնավարման հարցը: Եթե նախաձեռնում ենք հարցի դիտարկումը, այն չի կարող օբյեկտիվ համարվել»,- պարբերականին ասել է Մարուքյանը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ