Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակաբար աճելու է… սա ողբերգություն է…

Հունիս 24,2020 14:00

21.06.2020թ. դրությամբ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում առկա է կորոնավիրուսով վարակված 20 000-ից ավելի հիվանդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր ԶԼՄ-ներով եւ տարբեր անձանց կողմից հրապարակված թվերը տատանվում են 60 000-ից մինչեւ 200 000-ի արանքում, որն իհարկե սարսափելի մեծ թիվ է Հայաստանի նման փոքրիկ երկրի համար:

Ամեն դեպքում, սույն նյութում մենք կառաջնորդվենք զուտ պաշտոնական վիճակագրությամբ եւ վերլուծությունները կիրականացնենք հիմնվելով պաշտոնական թվերի վրա: Հիշեցնենք, որ արդեն լրանում է վեցերորդ ամիսը, ինչ բարձրաձայնվել է կորոնավիրուսի առկայության մասին, որի ի հայտ գալուց ի վեր՝ մինչեւ այսօր, աշխարհի մասշտաբով օրական կտրվածքով մեծ աճ է արձանագրվում եւ չնայած այդ ուղղությամբ իրականացվող հսկայածավալ ջանքերին, այդ վիրուսի բուժումը դեռեւս գտնված չէ եւ ըստ տարբեր աղբյուրների, այդ հիվանդների թիվն աշխարհում արդեն անցել է 9 000 000-ը, որը շատ բարձր ցուցանիշ է եւ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս ինչպես ոլորտի մասնագետներին, այնպես էլ աշխարհի ողջ բնակչությանը:

Մեր իշխանությունների  կողմից մշակված սահմանափակումների մեջ հիմնական գործողությունները՝ դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն եւ անհրաժեշտ հիգիենա պահպանելու կարեւոր պահանջներն են, որոնց կատարումը ցավոք սրտի վարակի դեմը փաստացի չի առնում եւ վերջին օրերին միջինը 500-ից 600-ով ավելանում է վարակված հիվանդների թիվը: Եղած պատկերը մի բանի մասին է խոսում, որ հավանաբար սրանք անհրաժեշտ, բայց բավարար չեն վարակի տարածման դեմն առնելու համար:

Ստացվում է, որ իրավասու մարմինները պարտադրված պետք է լինեն նոր եւ լրացուցիչ միջոցառումներ առաջարկել, որպեսզի դրանց ներդրմամբ հնարավոր լինի նախ կանխել վարակակիրների հետագա աճը, ապա նաեւ նրանց  թիվն աստիճանաբար նվազեցնել՝ հասցնելով զրոյի եւ սկսել բուժել արդեն վարակված հիվանդներին՝ քայլ առ քայլ մոտենալով վերջին վարակակրի բուժմանը:

Համոզված եմ, որ իշխանություններին օդ ու ջրի պես՝ որպես առաջնային քայլ անհրաժեշտ է, որպեսզի ջանք չխնայեն օր առաջ կանգնեցնելու վարակի տարածումը, քանզի առաջին հերթին՝ բոլոր առումներով դա իրենց է անհրաժեշտ, ավելին՝ դա իրենց սուրբ պարտականությունն է: Սակայն իրավիճակի զարգացումը պարզ վկայում է, որ իրականացվող միջոցառումները փաստացի չեն բավարարում դրան հասնելու համար: Կարծում եմ, այլ բան չի մնում եւ ստեղծված իրավիճակը պետք է աշխարհի ողջ խելահաս մարդկությանը պարտադրի, որպեսզի ամեն մեկն իր հերթին մտածի եւ վիճակից  դուրս գալու իր մոտեցումներն առաջարկի /բնավ բացառված չէ, որ որոշ ոչ մասնագետ մարդկանց կողմից արվի այնպիսի առաջարկություններ, որոնք նույնիսկ մասնագետների մտքով չի անցել/, որպեսզի դրանք համադրելով, ընտրվեն այնպիսիք, որպիսիք մինչ այժմ չեն կիրառվել ու դրանցից հավանական կարեւորներն օգտագործվեն բոլոր երկրների իշխանությունների կողմից: Կարծում եմ նաեւ, որ գոնե վարակի տարածման ինչ-որ պահից սկսած, բոլոր երկրների իրավասու օղակներն իրար հետ մշտապես կապի մեջ են, շարունակաբար խորհրդատվություններ են ստանում միմյանցից եւ հնարավորության սահմաններում փորձում են ամեն ինչով օգտակար լինել իրար: Սակայն ցավալիորեն, այսքանից հետո անգամ եղած պատկերը չափազանց սահմռկեցուցիչ է եւ նվազագույնը նոր օպերատիվ միջոցառումների կարիք է ենթադրում:

Տեղյակ չեմ, գուցե շատերի մտքով է անցել, այնուամենայնիվ առաջարկում եմ, որ հենց մեր իշխանությունների նախաձեռնությամբ առաջարկություն արվի աշխարհի բոլոր երկրներին, ԱՀԿ-ին եւ միջազգային տարբեր ատյաններին, որպեսզի ստեղծվի կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի համաշխարհային կենտրոն /որոշակի քվոտաներով՝ բաղկացած տարաբնույթ մասնագետներից/, որը կկորդինացնի կորոնավիրուսի տարածման դեմ տարվող ու դրա բուժմանը միտված աշխատանքները՝ պարբերաբար կազմակերպելով կոնսուլիումներ գոնե այն երկրների մասով, որտեղ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, այսինքն գնալով վարակակիրների թիվն այդ երկրներում փաստացի աճում է եւ օպերատիվ ու պարտադիր կատարման առաջադրանքներ իջեցվի այդ երկրներին, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացվի դրանց կատարման ուղղությամբ, քանզի եթե այսպես շարունակվի, ապա կգա մի պահ, որ իրավիճակն այլեւս փրկել չի լինի:

Այս առաջարկությունն արվում է, քանի որ կորոնավիրուսի տարածման այս վեց ամիսների ընթացքն ու վիճակագրությունը փաստացի վկայում են, որ սա հավանաբար տեղային լուծման խնդիր չէ /չհաշված իհարկե մի քանի երկիր՝ Վրաստան, Չինաստան եւ էլի մեկ, երկու այլ երկիր, որտեղ հաջողվել է բարվոք վիճակ ստեղծել/ եւ այն կարելի է լուծել միմիայն համաշխարհային ուժերի կոնսոլիդացիայի արդյունքում՝ խիստ կենտոնացված կարգով: Իհարկե, սա միակ առաջարկությունը չէ եւ շատերի կողմից կարող են արվել այլ խելամիտ առաջարկություններ եւս, քանի որ ստեղծված իրավիճակն իսկապես կատաստրոֆիկ է, ժամանակն ի վնաս մարդկության է աշխատում ու մնում է տարաբնույթ նոր մեթոդոլոգիաների մշակում ու ներդնում եւ ուղղակի խոսքից անցում գործի…

Բնական է, չենք կարող բավարարվել նրանով, որ ամեն ինչ արվում է, սակայն ցանկալի արդյունք չենք ստանում: Ի՞նչ է, ձեռքներս ծալենք, նստենք ու սպասենք բախտին… Եթե ուրիշ ոչ մի բան, ապա գոնե առաջնորդվենք հայտնի ժողովրդական ասացվաքով. «Գտնում է նա, ով փնտրում է»…

Ի գործ… Տերը պահապան բոլորիս…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ       

«Առավոտ» օրաթերթ
23.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930