Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակույթի ոլորտին անհրաժեշտ է մեկենասներին շահագրգռող օրենք

Հունիս 24,2020 13:00

Համոզված են մշակույթի ղեկավար տիկնայք

Մոլեգնող համավարակի պայմաններում, որի վերջը դեռեւս չի երեւում, մի հետաքրքիր փաստ ենք արձանագրել. կոնկրետ մեր թատրոնների ֆեյսբուքյան էջերի դիտումների քանակը անցել է մի քանի միլիոնը։

Այս առիթով «Առավոտի» հետ զրույցներում թատերասեր հասարակությունը կատակում է՝ թատրոնները կարծես սպասում էին համավարակին, որպեսզի տրադիցիոն նախագծերից բացի (նկատի ունեն խաղացանկային ներկայացումները), ավելի հաճախ  իրականացնեն մեկը մյուսից հետաքրքիր ձեւաչափերով աշխատանքներ։

Մարիաննա Մխիթարյան

«Առավոտի» զրուցակիցները՝  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը եւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, մեզ հետ զրույցում նշեցին, որ չափազանց դժվար է անվտանգության կանոնները պահպանելով ծավալել ստեղծագործական գործունեություն, հավելելով, որ նախ պարտավոր են հոգ տանել աշխատակիցների առողջության մասին եւ չափազանց կարեւոր է, որ արտիստները պահպանեն իրենց մասնագիտական մակարդակը։ Դիտարկմանը՝ հատկապես մի քանի ստեղծագործական խմբեր (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մեներգիչներ եւ այլն) ունեցող օպերային թատրոնի համար ոչ միայն դժվար է, այլեւ թվում է, թե անիրագործելի է այդ խնդիրը, տիկին Կիրակոսյանն ասաց. «Մաեստրո Օրբելյանի հետ ես ամենօրյա կապի մեջ եմ եւ թույլ տվեք այստեղ մեջբերեմ նրա խոսքը. երբ աշխարհում որեւէ օպերային թատրոն գտնի անվտանգ եւ ապահով աշխատելու եղանակը, մենք կհետեւենք այդ օրինակին։

Իհարկե, մինչեւ համաճարակը թատրոնը մեներգիչների մասնակցությամբ տանիքում անցկացրեց համերգ՝ փոքրաթիվ հանդիսատեսի համար, որից հետո հանդիսատեսի կողմից ստացանք բազմաթիվ արձագանքներ, որոնք ցանկություն էին հայտնում, որ նման միջոցառումները հաճախակի լինեն։ Նույնիսկ մեր մշտական հանդիսատեսներից ոմանք առաջարկում էին վոկալ համերգից բացի, իրականացնել նաեւ բալետային երեկոներ՝ կազմված թեկուզ մեր խաղացանկում տեղ գտած ներկայացումներից համարներ»։

Տիկին Մխիթարյանի խոսքը օնլայն ներկայացումների մասին չտարբերվեց իր պաշտոնակիցների կարծիքից, որոնք համավարակի այս օրերին հայտնել էին, թե ներկայացումը ներկայացում է, երբ միախառնվում է դերասանի եւ հանդիսատեսի շունչը։ «Հույս ունեմ, որ թատրոնից զատ, ընդհանրապես մարդկային շփումը, հոգին, գրկախառնությունը, համբույրը, վերջնականապես չեն դառնա օնլայն՝ ռոբոտային կյանքի նման»,- լավատեսություն հնչեցրեց տնօրենը։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն տիկին Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ աշխատանքներ տարվո՞ւմ են 18-րդ անգամ այդ միջոցառումն անցկացնելու համար։ Նա փաստեց, որ փառատոնը թեեւ ամենամյա է, բայց ընթացքում այլ միջոցառումներ էլ են կազմակերպվում, օրինակ, վերջերս Թումանյանի տուն-թանգարանի հետ համագործակցության արդյունքում փառատոնային մի հրաշալի նախագիծ իրականացվեց՝ 9 երկրի դերասանների մասնակցությամբ. 8 երկրի դերասանները՝ ԱՄՆ, Վրաստան եւ այլն, յուրաքանչյուրն իր լեզվով կարդաց «Ախթամարը»։ Ռեպլիկին՝ ինչո՞ւ միայն ճապոնացի դերասանուհին հանդես եկավ «Սուտլիկ որսկանը» հեքիաթի ընթերցմամբ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ «Ախթամարը» ճապոներեն թարգմանված չէ։

Զրույցի ընթացքում տիկին Մխիթարյանը նշեց, որ մենք նոր իրականության մեջ ենք գտնվում եւ արդեն փոփոխություններ ենք զգում ու հավանաբար էլի պետք է սպասենք դրանց՝ թե մասնագիտական կյանքում եւ թե առհասարակ։ Տեղեկացանք, որ այս պահին ռուսական թատրոնում ընթանում են Իրինա Հարությունյանի (ZOOM-ով), Կարեն Ներսիսյանի, Գոռ Մարգարյանի ու Մանվել Խաչատրյանի ռեժիսուրայով  նոր բեմադրությունների փորձերը։ Հետաքրքրությանը, թե կոնկրետ իրենց թատրոնը հնարավորություն ունի/ հենց բակում ցուցադրել բացօթյա ներկայացումներ, տնօրենն ասաց, որ այդ մասին մտածել են եւ պատրաստվում են դիմել նախարարություն, պարետատուն՝ թույլտվություն ստանալու համար. «Մեր եղանակային պայմանները մինչեւ գոնե հոկտեմբերի վերջ հրաշալի են բացօթյա ներկայացումների համար։ Մտածել ենք  փոքրաթիվ հանդիսատեսի պայմաններում խաղալ դրսում, իհարկե՝ թույլտվություն ստանալուց հետո։ Անդրադառնալով «Արմմոնոյին», նշեմ, որ այս տարի կմասնակցի 10 երկիր, կանցկացվի օգոստոսի 1-12-ը, բացօթյա։ Իսկ փառատոնը նվիրվում է մեր անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 85-ամյակին։ Ծրագրել ենք «դրսի» ներկայացումները ցուցադրել էկրանին, իսկ մեր ներկայացումները՝ խաղալ կենդանի, որը նաեւ ուղիղ կհեռարձակվի, բայց, կրկնում եմ՝ համապատասխան թույլտվությունից հետո»։

Տարբեր երկրներում տարբեր միջոցներ, որոշումներ եւ միջոցառումներ են ձեռնարկվում, մանավանդ ճգնաժամային իրավիճակներում։ Օրինակ՝ քաղաքակիրթ երկրներում պանդեմիայի շրջանում մշակույթին ձեռք են մեկնել  խորհրդարանները. Ֆրանսիան մշակույթի ոլորտին հատկացրել է 22 մլն եվրո, որից 5 մլն-ն՝ թատրոնին, Իտալիան թատրոնին, կինոյին եւ երաժշտարվեստին տրամադրել է 130 մլն եվրո, Լիտվան արվեստագետների աշխատավարձին հավելել է 607 եվրո, Չեխիան՝ 300 մլն կրոն եւ այլն։ Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք՝ գուցե մեր արվեստագետներն էլ նման ուշադրության արժանանային, եթե լիներ Մշակույթի մասին օրենք, հիշեցնենք, որ դեռեւս 2007-ից Ազգային ժողովում է «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը։ Կարինե Կիրակոսյանն ու Մարիաննա Մխիթարյանը խոսքները մեկ արած ընդամենն ասացին, որ մշակույթի ոլորտին անհրաժեշտ է մեկենասներին շահագրգռող օրենք։

Համակարծիք լինելով արտահայտված մտքին՝ մենք էլ հավելենք, որ Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի մշակութային ոլորտը՝ որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն։ Անհրաժեշտ է ոչ միայն նախարարության տրամադրած մինչեւ վերջին լումայի նպատակային օգտագործումը, այլեւ հատուկ ծրագրված միջոցների ներդրումը, նույնիսկ այդ գործը համակարգելու համար հատուկ անձի նշանակումը եւ պատգամավորների անձնապես մասնակցությունը մշակութային կյանքին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Կարինե Կիրակոսյանը

«Առավոտ» օրաթերթ
23.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930