Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյանի արձակի ու աշխարհին՝ նրա աչքերով նայելու մասին

Հունիս 24,2020 12:30

Յուրահատուկ գրող Լեւոն  Ջավախյանը օրերս նշեց ծննդյան 70-ամյակը: Դեռեւս մի քանի ամիս առաջ «Առավոտին» տված հարցազրույցում նա ասել էր, որ գոհ է կյանքից, որն Աստծո պարգեւ է եւ պետք է վայելել, ու իրենց հաջողակ մարդ էր համարել: Նաեւ իրեն բնորոշել էր բացառիկ գրող այն առումով, որ իր փոխարեն ճամփորդում են իր պատմվածքները. «Կամ գրողը պիտի պտտվի աշխարհով մեկ, կամ աշխարհը պտտվի իր շուրջը… Ես ինքս աշխարհի առանցքն եմ, յուրաքանչյուր մարդ տիեզերքի առանցք ա, իրա շուրջ ա աշխարհը պտտվում…Նամանավանդ, որ Վերնիսաժում, որտեղ օրական 1000 տեսակ մարդ ա լինում, հայ ա գալիս, ռուս ա գալիս, ֆրանսիացի ա գալիս, տո հենց չինացի ա գալիս` գրիպը գրկած…»:

Լեւոն Ջավախյանը յուրատեսակ գույն է գրական ներկապնակում: Նրա գրականությունն  իր պարզությամբ հանդերձ՝ խտացված խորություն ունի, նաեւ այնքան մարդկային  է ու  միեւնույն ժամանակ այնքան  հարազատ ամեն մեկին: «Երբ մի բան եմ գրում, սիրտս բացվում ա վարդի նման, Տերյանի պես ուզում եմ սաղին գրկեմ, պաչոտեմ»,- ասում է կենսասեր գրողը, որի հետ կարճ զրույցն իսկ  դրական լիցքեր է հաղորդում:

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը Լեւոն Ջավախյանին բնորոշել է որպես ականավոր գրող, իսկ նրա ստեղծագործությունը՝ նշանակալից երեւույթ 21-րդ դարի նորաոճ գրականության զարգացման հեռանկարում…

Ընդհանրապես Լեւոն Ջավախյանի տեսակի ու գրականության մասին կարելի է անվերջ խոսել, բայց մենք կներկայացնենք գրողի ծննդյան առիթով մի քանի կարծիք ու սրտի խոսք:

Արա Խզմալյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ.- Չկա ավելի թանկ բան, քան կյանքի հանդեպ առողջ հայացքը, երեւույթների պարզ ընկալումը, մարդկայնությունը, բնատուր իմաստնությունը եւ ոչինչ չպահանջելու կամքը։ Ահա այս հատկանիշների միաձուլվածքն է Լեւոն Ջավախյանը։ Անձնապես հանդիպել եմ մեկ-երկու անգամ, բայց հեռահար հետեւել եմ իր զրույցներին, ինքն էլ՝ իմ, ու համակրել ենք մեկս մյուսի խոսքն ու կեցվածքը։ Իսկ նրա խոսքն ունի անկեղծության հմայքը, պարզ է այնքան, որ ամաչում ես այլ կերպ խոսելուց։ Անտագնապ է նրա խոսքը եւ տագնապը չեզոքացնող, ինչպես ամեն ճշմարիտ բան։ Պարզ լինելու համար ասում եմ միայն՝ ղոչաղ կացեք…

Լիլիթ Արզումանյան, Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր.- Լեւոն Ջավախյանը հայ ժամանակակից գրականության այն բացառիկ դեմքերից է, որ հավատարիմ մնաց արմատներին ու հայ տեսակի մտածողությանը: Նրա գրական հերոսները մեր կողքին ապրող անչափ պարզ ու հասարակ մարդիկ են, որոնք,  սակայն, ոչ մի պայմանով իրենց դեմքը չեն կորցնում,  որոնք երբեմն ծանր կյանքի ճիրաններում, իրենց հավատի սահմանը չեն հատում: Գրողի անթաքույց սերը դեպի իր կողքին ապրող, իր հացն ու ցավը կիսող, իրենից խորհուրդ հարցնող ու իրեն մխիթարող մարդը նրա գրականությունը դարձնում է անչափ սրտամոտ:

Ռուզան Խաչատրյան, լրագրող.- Հայոց լեզվի առջեւ խորը խոնարհումով, բայց ասեմ՝ Լեւոն Ջավախյանը ժամանակակից հայ էն արձակագիրներից  է, որին կարդալուց հետո երբեմն մտածել եմ՝ ախր, էս հանճարեղ մարդն ինչո՞ւ պիտի հայ ծնվեր, ինչո՞ւ պիտի մի մեծ ազգի լեզվով չգրեր, որ հիմա իր էս գրածներն աշխարհով մեկ իրար ձեռքից խլխլեին… Բայց չէ՛, էդ դեպքում սենց խշխշան համ ու հոտ չէին ունենա էս գործերը. ախր Լոռվա լեզվի փիլիսոփայության մեջ են թաթախված նրա կերպարները, պատումներն ու մտածողությունը, ինչքան էլ տեղ-տեղ գրական լեզվի շապիկ հագնեն։ Ինքն իր մարդամեծարությամբ Լոռվա էդ փիլիսոփայությունը տանում, դնում է աշխարհի երկինքների տակ։

Թումանյանի՞ աչքերով է նայում Երեւանին (ինքն է ասել)։ Երեւի նաեւ՝ աշխարհին։ Հասկանում եմ։ Կյանքին էլ է այդ աչքերով նայում։ Ինքս եմ տեսել. իրեն շատ կամ քիչ ճանաչող որեւէ մեկը Վերնիսաժի մոտով անցնելիս ճամփան թեքում է դեպի Ջավախյանի անկյունը՝ աշխարհի ու երկրի անցուդարձից կիսվելու, հոգսերը խոսքուզրույցով թեթեւացնելու, ուրիշների հետ հեռակա խմորվելու… Տեսնես գիտի՞, որ տասնամյակներ հետո առնվազն մի նոր հայ արձակագիր հաստատ ասելու է՝ ես աշխարհին նայում եմ Լեւոն Ջավախյանի աչքերով։

Ազատ Եղիազարյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր.- Այսօրվա հայ, եւ ոչ միայն հայ արձակը շատ խայտաբղետ պատկեր է ներկայացնում: Հեղինակներն անվերջ նոր ձեւեր, հնարանքներ են փնտրում իրենց ասելիքն ասելու համար: Մենք արդեն վարժվել ենք դրան: Եվ հանկարծ ձեզ է առաջարկվում մի գրականություն, որ ոչ մի հնարանքի էլ չի դիմում: Պարզ, առօրյա պատմություններ սովորական մարդկանց, նրանց ցավերի, հիվանդությունների, ապրելու ջանքերի մասին: Ինտելեկտուալ երեւալու ոչ մի ջանք: Եվ հենց դա ենք մենք ընկալում իբրեւ նորություն, իբրեւ անսպասելի մի բան: Այդպիսին է, իմ տպավորությամբ, Լեւոն Ջավախյանի արձակը: Բոլորովին հավակնոտ չէ նրա գրականությունը: Բայց հենց այդ պարզ արձակը նվաճեց ընթերցողներին: Ջավախյանը դարձավ այսօրվա հայկական արձակի առաջատարներից մեկը: Ու շարունակում է գրել՝ չհրաժարվելով Վերնիսաժի իր անկյունից, մի տեսակ մարտահրավեր նետելով պրոֆեսիոնալ գրականությանը: Եվ քանի որ շարունակում է ակտիվորեն գրել, ես նրան հաջողություն եւ նոր գրքեր եմ  ցանկանում: Նա շահեց Նախագահի մրցանակը, էլի մրցանակներ կարող է շահել: Բայց, ի վերջո, կարեւորը մրցանակները չեն: Կարեւորը նրա հավատարմությունն է մարդկանց մասին պատմելու իր ձեւին:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930