«Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր», պաշտոնական Երեւանի արձանագրումը
Անցյալ շաբաթ պաշտոնական Երեւանն Ադրբեջանի ուղղությամբ մի շարք ուղերձներ հղեց: Հայաստանի իշխանությունների հայտարարությունների հիմքում պաշտոնական Բաքվին՝ բանակցային գործընթացը տապալելու մեղադրանքներ էին, եւ ոչ միայն:
Փաստացի, պաշտոնական Երեւանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, առաջին անգամ բավական կոշտ քննադատեց Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին մասնակցում էր Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովի տեսակոնֆերանսին, որին մասնակցեցին նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:
Կարդացեք նաև
Փաշինյանը տեսակոնֆերանսի ընթացքում արձագանքեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը` որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է եւ պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության: Նա նաեւ կոչ էր արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, եւ ի վերջո, հրապարակային համաձայնել նախկինում առաջ քաշած իր բանաձեւին. այն է՝ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար:
Այսպես, Փաշինյանը կրկին հիշեցրեց իր բանաձեւի մասին, որը, գոնե հրապարակային, Ալիեւը չի ընդունել: Ավելին՝ Փաշինյանի հետ բանակցություններից հետո Ալիեւը, կարելի է ասել, էլ ավելի է կարծրացրել դիրքորոշումը, կարծես, ավելի պահանջկոտ է դարձել եւ տպավորություն է ստեղծվում, որ միակ կողմը, որը պետք է զիջումների գնա՝ դա հենց հայկական կողմն է:
Փաշինյանի նշյալ ելույթից մեկ օր անց Երեւանում կայացավ Հայաստանի եւ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Անվտանգության խորհուրդների հերթական՝ 4-րդ համատեղ նիստում ելույթ ունեցան երկուսն էլ:
Փաշինյանն անդրադարձել էր հարցերի երեք խմբի, որոնք պայմանականորեն սահմանել էր որպես՝ բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ հայկական կողմի մոտեցումների եւ խաղաղ գործընթացի միջավայրի այլ հարցեր:
Նա, մասնավորապես ընդգծեց, որ Արցախի ժողովուրդը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաեւ բանակցային սեղանին: «Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարեւորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման եւ իրացման կարողություն եւ այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է»,- նշեց Փաշինյանը: Նրա փոխանցմամբ՝ Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձգձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը:
Այնուհետեւ նա նկատեց. «Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցքային մի շարք հարցերում եւ եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել»: Ընդհանրացնելով՝ Փաշինյանը նկատեց, որ առաջին խնդիրը՝ Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամությունն է: «Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից եւ դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում եւ չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն եւ համապարփակ լուծումներ: Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձեւը, որի համաձայն՝ Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռեւս հեռու է ձեւավորված լինելուց իմ նշած պատճառներով»:
Ըստ Փաշինյանի՝ չընդունելով իր առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որեւէ փոխզիջման հնարավորություն: «Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով: Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան եւ ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից», հավելեց Փաշինյանը:
Այնուհետեւ նա Բաքվի ռազմատենչ քաղաքականությանը պատասխանեց, փաստելով, որ Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: «Ուժի կիրառումն անհետեւանք չի մնա, եւ դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը եւ ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով»:
Ամփոփելով խոսքը, Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում է մեր ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության մասին. «Այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլեւ մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին եւ լինենք ուժեղ, ամուր, բայց եւ չտրվենք անիմաստ եւ անհեթեթ սադրանքների»:
Ըստ էության, Փաշինյանը չի բացառում պատերազմի բռնկման հնարավորությունը, ավելին՝ անուղղակիորեն մեղադրում է Ադրբեջանին հնարավոր պատերազմ սկսելու մեջ, եւ այդ համատեքստում պնդում, որ հենց Հայաստանն է ստիպված դառնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր:
Հայաստան-Արցախ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի ելույթի որոշ նրբերանգներ, կարելի է արձանագրել, որ նկատելիորեն փոխվել են: Դա, թերեւս, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչները նրա վարած ղարաբաղյան կարգավորման քաղաքականությունը դաժան քննադատության են ենթարկում:
Միաժամանակ, չի կարելի բացառել, որ Փաշինյանը գիտակցել է, որ պաշտոնական Բաքվի համար, առհասարակ, ընկալելի չէ «փոխզիջում» ասածը, քանի որ, իրականում, Ալիեւի համար «զիջման» կետ պարզապես գոյություն չունի: Հետեւաբար, Փաշինյանն արդեն այս փուլում նախընտրեց հրապարակային Ադրբեջանի նախագահին պատասխանել կոշտ քննադատությամբ:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2020