Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թուրքիայի նախագահի բարձրագույն խորհրդատվական մարմինն անցյալ երեքշաբթի հինգ ժամ տևողությամբ նիստ գումարեց՝ քննարկելու, թե ինչպես արձագանքել 1915 թ․ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «անհիմն և հակաթուրքական մեղադրանքներին»: Խորհրդատվական մարմնում ընդգրկված են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսմայիլ Քահրամանը (խորհրդարանի նախկին նախագահ), Բյուլենթ Արընչը (նախկին փոխվարչապետ), Ջեմիլ Չիչեքը (խորհրդարանի նախկին նախագահ), Քյոքսալ Թոփթանը (խորհրդարանի նախկին նախագահ), Մեհմեթ Ալի Շահինը (խորհրդարանի նախկին նախագահ), Յըլդըրըմ Աքբուլութը (նախկին վարչապետ), նախագահի աշխատակազմի ղեկավար Մեթին Քըրաթլըն և նախագահի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Կարդացեք նաև
Համայն հայությունը շատ գոհ է, որ թուրքական կառավարությունը, մեկ դար շարունակ Հայոց ցեղասպանության մասին ստելուց հետո, գնալով արտակարգ միջոցառումների՝ տնտեսապես և քաղաքականապես շանտաժի ենթարկելու այլ երկրների, հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսելով լոբբիստական ընկերություններ վարձելու և ժխտողական քարոզչություն տարածելու համար, այժմ երկար ժամեր է անցկացնում՝ խորհելով, թե ինչպես հակադարձել «հայկական լոբբիին»:
Սա նշանակում է, որ 105 տարի Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Թուրքիան վատնել է ահռելի միջոցներ և ժամանակ՝ հերքելու անհերքելին․․․ Թուրքիայի կառավարությունը թող կրկին փորձի համոզել աշխարհին, որ նման ցեղասպանություն չի եղել: Ի վերջո, Թուրքիայի ղեկավարները կհրաժարվեն՝ տեսնելով, որ չեն կարող համոզել որևէ մեկին հավատալ իրենց կեղծիքներին: Կգա այն օրը, երբ Թուրքիայի կառավարությունը կխոստովանի, որ շատ ավելի հեշտ է ճշմարտությունն ասել, քան շարունակել հիմնավորված պատմական իրողությունն աղավաղելու անիմաստ ռազմավարությունը: Թուրքիայի շահերից է բխում հաշտվել Հայաստանի կառավարության ու նրա սփյուռքի հետ և բանակցել Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդին պատճառված վնասի դիմաց պատշաճ փոխհատուցման և իրավունքների վերականգնման վերաբերյալ: Հենց որ Թուրքիան ընդունի պատմական փաստերը և փոխհատուցի վնասը, այլևս հարկ չի լինի անհանգստանալ Հայոց ցեղասպանության հարցում աշխարհի արձագանքից: Ընդհակառակը, թուրք ղեկավարը գովասանքի կարժանանա միջազգային հանրության կողմից`փաստերին առերեսվելու և իր անցյալի հանցագործությունների հարցում ազնվորեն վերաբերվելու համար։
Իսկ մինչ այդ, Թուրքիայի կառավարությունը հիմարաբար շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման իր անհույս արշավը։ Անցյալ շաբաթ Բարձրագույն խորհրդատվական մարմնի հինգ ժամ տևած դռնփակ նիստից հետո, Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը փոխանցեց նախագահի հետևյալ հայտարարությունը՝ «թշնամության սերմերը, որոնք փորձել են ցանել աղավաղված պատմական դեպքերի միջոցով, չեն կարողանալու ծլել արդարության հողում»։ Նա «հայկական լոբբիին» մեղադրել է «օսմանյան բոլոր քաղաքացիների վերապրած դժվարին ու ցավոտ դարաշրջանը շահարկելու համար՝ հանուն քաղաքական շահերի՝ տարբեր ուժային խմբերի կողմից հորինված կեղծիքների ու զրպարտությունների օգնությամբ»: Ավելին, նա ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «համապարփակ քայլեր»՝ կանխելու հայկական լոբբիի կողմից 1915-ի իրադարձությունների օգտագործումը` «Թուրքիային և մեր ժողովրդին անարգելու համար, ինչպես նաև այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը»։ Թուրքիայի նախագահական նիստում նաև քննարկվել են մի շարք նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան «լույս սփռել» հարցերի վրա պատմական և իրավական հատկանիշներով, նաև «դրանք փաստերով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը», հավելեց նա։
Ցեղասպանության ժխտման այս նոր ծրագիրը հավանաբար պայմանավորված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերով (405-11 ձայների հարաբերակցությամբ) և ԱՄՆ Սենատի միաձայն քվեարկությամբ:
Հարցն այն է, թե ինչու են Թուրքիայի ղեկավարները ցեղասպանության ժխտման վերաբերյալ հինգ ժամ քննարկում անցկացնում այն ժամանակ, երբ երկրում ուժեղանում է կորոնավիրուսի համավարակը, տնտեսությունը փլուզված է, թուրքական լիրան անկում է ապրում, իսկ Էրդողանը կորցնում է հասարակության աջակցությունը: Ըստ որոշ վերլուծաբանների՝ սա Էրդողանի մարտավարությունն է՝ շեղել թուրք հասարակության ուշադրությունը իր վատ կառավարումից և աղետներից, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Անցած ամիս հեռուստատեսային մի ելույթում Էրդողանը, իր վրդովմունքն արտահայտելով կառավարության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, ի թիվս այլոց, հերթական անգամ հարձակվեց «հայկական լոբբիի» վրա: Նա խոստացավ․ «Մենք չենք նահանջի չար ուժերի դեմ՝ ո՛չ FETO-ի (Գյուլենի շարժումը), ո՛չ PKK-ի («Քրդական աշխատավորական կուսակցություն»), ո՛չ հայկական ու հունական լոբբիների կամ Պարսից ծոցի թշնամական կենտրոնների»։
Հայաստանի կառավարությունն արագ արձագանքեց Հայոց ցեղասպանության մասին նախագահ Էրդողանի կեղծիքներին։ Սա ողջունելի իրադարձություն է, քանի որ Հայաստանի նախորդ կառավարություններն անտեսում էին թուրքական բոլոր նման պոռթկումները: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց․ «Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա․․․․ Ժխտողականությունը ապագա չունի, անկախ նրանից, թե ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը»։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ևս հայտարարություն տարածեց՝ Հայոց ցեղասպանության ժխտման Էրդողանի վերջին ծրագրերն անվանելով «թուրքական իշխանությունների վտանգավոր այլատյաց քաղաքականություն՝ ուղղված Հայ դատի գործիչների դեմ․․․․ Ցավոք, Հայոց ցեղասպանության ժխտումն ու հայերի դեմ ատելության սերմանումը Թուրքիայում պետական քաղաքականություն են»:
Բացի այդ, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, ասորական, հունական և հրեական կազմակերպությունների հետ միասին հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հայոց ցեղասպանությանը հակադրվելու Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունը․ «Գիտակցելով, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է` ուժեղացնելով մարդկության պատմության և տառապանքների ոչնչացումը, կոչ ենք անում բարեխիղճ մարդկանց իրազեկել ցեղասպանության զոհերի անցյալի և ներկայիս ծանր վիճակի մասին, պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ձգտում են խեղաթյուրել պատմական ճշմարտությունը, և հավաստիացնել, որ աշխարհը այլևս երբեք լուռ չի մնա, քանի դեռ ցեղասպանություն է իրականացվում »:
Իմ խորհուրդը նախագահ Էրդողանին և նրա գործակիցներին՝ հրաժարվել Թուրքիայի դարավոր անհաջող ջանքերից Հայոց ցեղասպանության փաստերի ժխտման ուղղությամբ, գիտակցել ճշմարտությունը և նախաձեռնել փոխադարձ համաձայնեցված ծրագիր՝ փոխհատուցելու համար ցեղասպանության պատճառով հայ ժողովրդի կրած կորուստները։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի