«Ֆրանսիացի բժիշկներն այնքան նվիրված են իրենց գործին Հայաստանում: Ինձ համար շատ հուզիչ էր այդ լուսանկարը: Այն կարծես ասում է՝ մենք քո հետ ենք, Հայաստան»,-ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով օրերս համացանցում տարածված՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկներից Ալեքսանդր Մինյոնի լուսանկարին:
«Մենք, Հայաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ն, բոլորը միասին են պայքարում կորոնավիրուսի դեմ եւ Հայաստանի կողքին են, որը դժվարությունների է բախվել»,-նշեց դեսպան Լաքոթը: Լուսանկարում հիվանդանոցի նստարանին քնած բժիշկը՝ Ալեքսանդր Մինյոնն էլ ասաց, որ իրենց խումբը պատրաստվում է արդեն մեկնել հայրենիք, սակայն մեծ սիրով մի անգամ էլ կգան Հայաստան՝ օգնելու հիվանդներին. «Մեծ հաճույքով ենք անում մեր աշխատանքը եւ ուզում ենք առավելագույնս օգնել հայերին: Ցավոք, մահվան նոր դեպքեր գրանցվեցին, թեեւ հիվանդների շրջանում կարող ենք վիճակի բարելավում արձանագրել»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբն է ժամանելու, սպասվում է նաեւ իտալացի մասնագետների այցը: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի հայ համայնքից բժիշկների խումբ է ցանկանում գալ Հայաստան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ