Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք մեր առաջարկները. հաջորդ դատական նիստին կանենք». Դավիթ Սանասարյանը՝ Արսեն Թորոսյանին հարցաքննության կանչելու մասին

Հունիս 23,2020 19:01

«Անհիմն պատճառով նիստը չկայացավ, բայց նաև այս միջոցով դատավարության մասնակիցներին կոչ եմ անում, որ ժամանակին գան դատարան»,- լրագրողների հետ զրույցում իր գործով նիստի հետաձգման մասին ասաց Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Բալայան) լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը պաշտպանի ուշանալու պատճառով նախագահող դատավորը որոշեց հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 10:30-ին:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով անցնում են նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Ըստ հեմոդիալիզի գնումների գործով մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով ուշացման հարցին, հիշեցրեց՝ մի քանի անգամ այս հարցը քննարկվել է: Նա դատավարության կողմից հորդորեց մի քանի րոպե շուտ մտնել նիստերի դահլիճ, որ նման խնդիր չառաջանա:

Բայց նաև հայտնեց, որ նիստը հետաձգելու ժամանակ պաշտպանն արդեն նիստերի դահլիճում էր, ուստի դատավորը կարող էր շարունակել նիստը:

Լրագրողների հարցին՝ միտում տեսնո՞ւմ է, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Չեմ ուզում նման միտում տեսնել: Էն, որ դանդաղ է տեղի ունենում նիստը, շատ վատ է»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցաքննության կանչվելո՞ւ է, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Մենք ունենք մեր առաջարկները. հաջորդ դատական նիստին կանենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930