Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլի տիրակալը զրոյացել է ամբողջապես եւ զրոյացնում է ամեն ինչ

Հունիս 23,2020 22:00

Այնպես ստացվեց, որ Ղարաբաղյան բանակցությունների եւ ռուսական ընկերություններում քրեական գործերի վերաբերյալ Լավրովի՝ այլեւս հանրահայտ դարձած դժգոհ հայտարարությունները սկիզբ դրեցին մի շատ կարեւոր գործընթացի։

Որքան էլ որ հայկական կողմը հակված չէր «հարաբերություններ պարզել» Մոսկվայի հետ, մանավանդ՝ փչացնել, եւ ձգտում էր ռուսների կողմից բեմականացված բոլոր ոչ ադեկվատ էքսցեսները թողնել «աշխատանքային ռեժիմի» տրամաբանության մեջ, «մեր ռազմավարական դաշնակիցն» իր իսկ շարած բոլոր փոցխերի վրա համառորեն եւ հերթով կանգնում էր, կրելով դրա հայտնի հետեւանքը։

1993-ի ՄԱԿ-ի ԱԽ թաղված բանաձեւեր մեջտեղ բերելով, «սեղանին փուլային տարբերակն է» ասելով՝ ռուսները ստիպեցին պաշտոնական Երեւանին գրեթե ուղիղ տեքստով ասել, որ «ռազմավարական դաշնակիցը» նաեւ ստախոս է, սադրիչ եւ բանսարկու։ Հետո հերթը հասավ հազար անգամ «ծամած» բիոլաբորատորիաների թեմային, եւ ստիպեցին պաշտոնական Երեւանին գրեթե ուղիղ տեքստով «ուղարկել հեռու»։

Իսկ Հայաստանում մասշտաբային հակամաֆիոզ միջոցառումները դինամիկ փուլ մտնելուն պես՝ ռուսական «ազատ մամուլը» սկսեց զբաղվել ստի եւ կեղծիքի զանգվածային տիրաժավորմամբ՝ «քաղաքական հետապնդումներ» թեմաներով, բավական է հետեւել վերնագրերին։ Իսկ ռուսական պրոպագանդայի առավել զազրելի կերպարներն ուղղակիորեն թիրախավորեցին վարչապետ Փաշինյանի անձը։

Ակնհայտ դարձավ, որ Հայաստանում հրամայական դարձած քրեազերծումը եւ դրա շրջանակներում անցկացվող հակամաֆիոզ միջոցառումներն ամենեւին էլ Մոսկվայի սրտով չեն, ավելին. Մոսկվայի որոշ շրջանակներ ձեռնամուխ եղան գործի դնել Հայաստանում անցյալից եկած՝ ռուսական ներկայությամբ պայմանավորված քաղաքական ակտիվների «արգելափակող փաթեթն»՝ իր բոլոր բաղկացուցիչներով։

Դրանցից ամենազորեղը՝ կա եւ կմնա գազը եւ էներգետիկան (սրա համար եւս՝ «շնորհակալություն» Ռոբերտ Քոչարյանին)։ Եվ «ռազմավարական դաշնակիցն» ի ցույց դրեց իր ողջ «բարեկամական» էությունը, եւ ոչ միայն Հայաստանին, այլեւ Բելառուսին եւ Ղրղըզստանին։ Սակայն Հայաստանում գազային «նամեստնիկի» սպառնալից հոխորտանքը մնաց օդում, եւ նրան մնում է իր «Յարոսլավնայի լացը» գազային մարժայի մասին վերահասցեագրել իր վերադաս մայր-ձեռնարկությանը, այլ ոչ թե մեզ վրա ծախել «սահմանի գին» կոչվածը, այլ ուղղակի այն իջեցնի իր դուստր ձեռնարկության համար, եւ ոչ թե փորձի մեր գրպանի հաշվին մարժա ապահովել, երբ առանց այն էլ եռակի բարձր գին ենք վճարում։ Ու դա ոչ այնքան գազի, որքան մեր ինքնիշխանության գինն է։ Նույնը՝ Մեծամորի ատոմակայանի վարկի պատմությունը։ Հայաստանը դա էլ մերժեց։ Լուրջ կասկածներ կան, որ «ռուսական վարկ» առանց «ատկատի»՝ դա ինչպես Ձմեռ պապն առանց մորուքի, եւ հայկական կողմի հրաժարվելը եւս՝ կարող է դիտարկվել բացառապես ինքնիշխանության եւ հակակոռուպցիոն համատեքստում։

Հետո պարզ դարձավ, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պարզապես չկա չորս միլիոն դոլար, եւ «ախպերական շրջանակը» Մոսկվայից հավաքեց այդ փողը։ Եթե Եվտուշենկովի հետ կապված խնդիր գրեթե չկա, ի վերջո Քոչարյանը նրա մոտ է աշխատում, ապա գրեթե թրաֆիքինգի զոհի կարգավիճակում հայտնված ռուսահայ բիզնեսմեններն ուղղակի խղճահարություն են առաջացնում։ Սակայն, մյուս կողմից, սա եւս մի փոցխ էր, որի վրա կանգնեց «ռազմավարական դաշնակիցը»։

Մյուս փոցխը, երեւի թե «ամենահաստ կոթով», իհարկե, այդ մոսկովյան ռազմական շքերթն էր, որն անպատկերացնելի է առողջ բանականության պարագայում։ Ռուսաստանում օրական մինչեւ տասը հազար մարդ է վարակված հայտնաբերվում, միայն Մոսկվայում՝ հազար։ Եվ մայիսի 9-ին միանգամայն ռացիոնալ որոշմամբ չկայացած շքերթը որոշվեց այնուամենայնիվ անցկացնել՝ հունիսի 24-ին։ Իհարկե, ոչ միայն վարչապետ Փաշինյանը պիտի չգնար այդ՝ ժանտախտի ժամանակվա խրախճանքին, այլեւ մեր վաշտը եւս պետք է չգնար. չէ՞ որ Հայաստանում շքերթ չենք անում, շքերթի վիճակ չէ։ Եվ ինչպե՞ս դարձավ, որ համաճարակի համաշխարհային էպիկենտրոն Մոսկվայում է շքերթի վիճակ։ Փաշինյանը միակը չէր, որ մերժեց հրավերը, տեսնում ենք, որ փոխգնդապետի հրավերը մերժեցին բոլորը, բացառությամբ մոսկովյան բավարարման հաշվին ապրող իր մանր-մունր ռազմա-քրեական հաճախորդ-ռեժիմներից, ինչպիսին են Աբխազիա-Հրվ. Օսեթիա-Մերձդնեստր կոնգլոմերատը։ Այդ բոլոր փոցխերը մահացու հարվածներ են հասցնում Հայաստանում ռուսական «արգելափակող փաթեթին», որն ըստ էության այլեւս ոչինչ չի կարողանում արգելափակել։ Բայց նրանք դեռ շարունակում են ապրել զուգահեռ իրականության մեջ։ Ինչպես ռուս քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին է նշում, բոլոր բռնապետերի դժբախտությունն այն է, որ նրանք ինչ-որ մի պահից սկսում են հավատալ սեփական պրոպագանդային։

Իսկ այսօր Կրեմլի տիրակալ փոխգնդապետին հանգիստ չեն տալիս Դժոխքում վառվող սերիական մարդասպան-գեներալիսիմուսի «դափնիները». նա մի «հոդված» է հեղինակում դե-ֆակտո բացահայտված ռուսական ազդեցության ագենտի կողմից «գրաված» ամերիկյան մի պարբերականում, որտեղ երկար ու բարակ բացատրում է, որ Բալթյան երկրների զավթումը եւ բռնակցումը «համապատասխանում էր միջազգային իրավունքին», որ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է ոչ թե նացիստական Գերմանիայի եւ ստալինյան ԽՍՀՄ-ի՝ Լեհաստանի վրա համատեղ ներխուժումից, համաձայն Մոլոտով-Ռիբբենտրոպ, ավելի ճիշտ՝ Ստալին-Հիտլեր պակտի, այլ պարզ չէ, թե ինչից, եւ ընդհանրապես՝ «լեհերը վատն են եւ հակասեմիտ» եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս ամենը՝ միայն այն բանի համար, որ բացի հայտնի երկու փորձանքից (ըստ դասականի՝ ճանապարհներ եւ հիմարներ), նաեւ ջեռուցվող զուգարանի խնդիր ունեցող երկրում այդ օրվանից մեկնարկող մեկշաբաթյա օնլայն-քվեարկությամբ (!!!) պետք է «զրոյացնի» իր ողջ անցած կառավարման ժամկետները եւ ցմահ մնա Կրեմլում։ Անշուշտ, սա մի լուռ «ողջույն» է, ասենք, Կիմ Չեն Ընին կամ Ադրբեջանի առաջնորդին եւ իրենց հանգուցյալ հայրիկներին, որոնք օրինակ են ծառայում ղեկավարին մի երկրի, որն իրեն երեք հարյուր տարի «Եվրոպա» էր համարում, թողել է առնվազն եվրոպական մակարդակի գրականություն եւ երաժշտություն։

Սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ միջնադարյան մոնղոլական հորդան ավելի զորեղ է, քան այդ ողջ ժառանգությունը, եւ փոխգնդապետը առաջին հերթին հենց դա՛ է արդեն իսկ զրոյացրել։ Ռուսաստանի հանրությունն ընդվզման ներուժով հասել է հետխորհրդային դարաշրջանի առավելագույնին, դեմ առ դեմ հայտնվելով հետկորոնավիրուսային աշխարհի անորոշությանը, երբ մեռած է ռուսական հեքիաթի ոսկե ձկնիկի ռեժիմում մինչ այդ աշխատող «խողովակը», երբ մի ահռելի երկիր պարզապես «տոքսիկ» է քաղաքակիրթ աշխարհի համար։

Իսկ մեր պարագայում, այդ «գլոբալ» զրոյացմանը զուգահեռ՝ զրոյանում է քսան տարի պետությունը բռնազավթած, այն հանցագործությունների գործիքի վերածած ռեժիմից ժառանգություն մնացած եւ մինչ օրս չհաղթահարված կապանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պարանոցին։ Հայաստանը հետկորոնավիրուսային աշխարհ է մտնելու առանց դրանց, անկախ նրանից, թե գիտակցում ենք դա, թե ոչ։ Ժամանակն է, որ ռուսահայերը վերադառնան Հայրենիք, նրանք այնտեղ անելիք չունեն այլեւս, նրանց, ստորացումից բացի՝ այլ բան չի սպասվում, նույնիսկ եթե միլիարդատեր ես։

Քարերը հավաքելու ժամանակն է։ Եվ թող օգնի մեզ Աստված։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930