Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Երբ որ մենք կմտնենք դատաքննության փուլ, կտեսնեն՝ ինչն է ջուր եւ ինչն են ջախջախում». Դատախազ Բաղդասարյանը՝ Քոչարյանի պաշտպաններին

Հունիս 23,2020 18:04

«Իրենց շահը դատական նիստը ձգձգելն է, դատաքննության անցնելը բացառելը»,- այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ սահմանադրական կարգի տապալման գործով անցնող մյուս ամբաստանյալների պաշտպանների մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, որ իրենք էլ ձեզ են մեղադրում, ասում են՝ դուք եք ձգձգում, դատավորը չի գալիս, ասում են իրենք պատրաստ են մտնել դատաքննության փուլ, որպեսզի ջախջախեն մեղադրանքն ու ցույց տան, որ հիմքում ջուր է՝ դատախազն արձագանքեց. «Երբ որ մենք կմտնենք դատաքննության փուլ, կտեսնեն՝ ինչն է ջուր եւ ինչն են ջախջախում: Այդպիսի հայտարարությունն ու վարքագիծն իրար չեն համապատասխանում: Եթե իրենք հայտարարում են, որ մեղադրանքի կողմն է ձգձգում, պետք է մատնանշեն գոնե մի գործողություն, որը մեղադրանքի կողմը կատարել է: Չի եղել դատական նիստ, որին մեղադրանքի կողմը չի ներկայացել ու այդ պատճառով դատական նիստը հետաձգվել է: Հակառակ դրան, մենք ունեցել ենք դեպք, երբ կայացած դատական նիստի համատեքստում ներկայացրել են ինքնաբացարկի միջնորդություններ, խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություններ, որոնց կապակցությամբ բազմիցս դատարանը դիրքորոշում ներկայացրած է եղել: Դա իրականացրել են՝ միջնորդությունների հիմքում ձեւական, չնչին փոփոխություն կատարելով»:

Aravot.am-ի հարցին՝ գործում կա՞ն այնպիսի փաստեր, որոնք եթե հանրությանը հայտնի դառնան, անակնկալներ են սպասվում ու դրա համար է, որ պաշտպանական կողմը մարտավարություն է ընտրել ձգձգելու նիստերը ու այդ փաստերը ի հայտ չբերելու՝ դատախազը պատասխանեց. «Կդժվարանամ ասել, թե հասարակությունն ինչից անակնկալի կգա, բայց կարող եմ ասել, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, իսկ մեղադրանքի հիմնավորվածությունը երեւում է ապացույցները հետազոտելուց հետո: Վերացական հայտարարություններ անել, թե իրենք այսքան ժամանակ փորձում էին անցնել դատաքննության, բայց չր ստացվում մեղադրողի եւ դատավորի գործողությունների արդյունքում, իսկ իրենք պատրաստվում են անցնել դատաքննության ու ջախջախել մեղադրանքը եւ դրսեւորել միաժամանակ այդպիսի վարքագիծ թույլատրելի չի: Հայտարարությունն ու վարքագիծը չեն համապատասխանում իրար»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխության հետ կապված դատարանի որոշման մասին՝ դատախազն ասաց, որ որոշումը դեռ չեն ստացել, հենց ստանան՝ կնախապատրաստեն բողոքն ու կներկայացնեն Վճռաբեկ դատարան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930