«Մարտ ամսից կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք, ապրիլ ամիսն ամբողջությամբ անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ եւ ամենակարեւոր պրոբլեմը, որն այդ ընթացքում ունեցանք, կապված էր տնտեսության հետ: Այն արագ տեմպերով գահավիժում էր: Ապրիլին փակվել է 71 հազար 471 աշխատատեղ»,-ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, եթե ամբողջությամբ կենտրոնանային միայն առողջապահական հատվածի վրա, ոչ թե տնտեսական անկում կունենայինք, այլ տնտեսական փլուզում:
Վարչապետի խոսքով, Պետական եկամուտների կոմիտեի հետ կատարած վերլուծությունից պարզ է դարձել, որ երբ մայիսից դադարեցրել են «լոքդաունը», 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է:
«Խոսքը միայն վճարվող աշխատատեղերի մասին է: Աշխատատեղերի վերականգման գործընթացը շարունակվում է: Սա ամենակարեւոր լուրն է, բայց չի նշանակում, որ մենք այդ տնտեսական բարդությունը հաղթահարել ենք, սա նշանակում է, որ մենք վերականգնման գործընթաց ենք սկսել, որպեսզի կարողանանք նոր տնտեսական ցուցանիշների հասնել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի վստահեցմամբ, իր հրապարակած վիճակագրությունը չի կարելի կասկածելի համարել, քանի որ այն ձեւավորվել է գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների արդյունքում. «Սա այն դեպքը չէ, որ վիճակագրությունը ձեւավորվում է պետական մարմիների կողմից, սա այն դեպքն է, որ վիճակագրությունը ձեւավորվում է բիզնեսի, գործատուների կողմից»:
Կարդացեք նաև
Փաշինյանի խոսքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկիրը չվերադառնա սահմանափակումների. «Առողջապահական առումով թվերի որոշակի նվազում ունենում ենք, բայց տնտեսության առումով հնարավոր է այնպիսի կոլապս ունենաք, որ չկարողանանք նույնիսկ տասնամյակում վերականգնվել: Դրա համար անհրաժեշտ է հակահամաճարակային կանոնները պահել ճշգրիտ, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորություն»:
Ըստ Փաշինյանի, մայիսի տվյալները լավատեսություն են ներշնչում, իսկ ՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ առեւտրի ծավալները նույնպես վերականգնվում են:
Վարչապետը նաեւ ասաց, որ հակահամաճարակային իրավիճակը փոքր ինչ լավացել է, բայց կրկին շարունակում է մնալ լարված. «Եթե Աստված չանի, մենք ստիպված լինենք գնալ «լոքդաունի» այս անգամ ստիպված կլինենք կորցնել ոչ թե 71 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Եվ այս պարագայում տնտեսության վերականգնումը ոչ միայն արագ հնարավոր չէ, այլեւ ընդհանրապես վերականգնել չի լինի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ