Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՊԵԿ-ից:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՊԵԿ-ում կորոնավիրուսով հիվանդացության մի քանի տասնյակ դեպքեր են հաստատվել, մասնավորապես հարկային տեսուչների շրջանում, վարակակիրների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ կան։
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ին վստահեցրին՝ համակարգում, ընդհանուր առմամբ, թեստի դրական պատասխան է արձանագրվել 49 աշխատակցի մոտ, որոնցից 23-ն արդեն առողջացել են, իսկ 26-ն այս պահին բուժվում են տան պայմաններում:
Ըստ ՊԵԿ-ի, դրական ախտորոշված աշխատակիցներից միայն 2-ն են բուժվել հիվանդանոցային պայմաններում:
Կարդացեք նաև
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող կառույցներից է, ցավոք, հնարավոր չի եղել խուսափել վարակման դեպքերից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ում ամենօրյա ռեժիմով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ անձնակազմի ջերմաչափում օրական 2 անգամ: Բացի այդ, մուտքերում, բոլոր հարկերում եւ ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր: Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են նաեւ ՊԵԿ վարչական բոլոր շենքերը՝ հարակից տարածքներով, ինչպես նաեւ ծառայողական ավտոմեքենաները: Պետական եկամուտների կոմիտեի դրական ախտորոշված աշխատակիցների պարտականությունները բաշխվում են անձնակազմի մյուս անդամների միջեւ՝ ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը չխաթարելու համար»,-վստահեցնում են ՊԵԿ-ից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ