Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի պաշտպաններն անցել են բարեխղճության ու հաճախ նաեւ ողջամտության սահմանները». Դատախազը միջնորդեց վերջ տալ դատական նիստերն անհարկի ձգձգելը

Հունիս 23,2020 17:42

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործի քննությունն էր: Հիշեցնենք, որ գործով անցնում են  Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ներկայացրեց միջնորդություն իրավունքի չարաշահման փաստն արձանագրելու եւ դատական վեճի նախապատրաստական մասը սահմանափակելու վերաբերյալ: Նա ասաց, որ դատավարական մասնակիցների կողմից իրավունքի իրացումը ֆորմալ առումով է համապատասխանում օրենքին, բայց իրականում այն դուրս է գալիս իրավաչափ նպատակի շրջանակներից: Օրենսդիրը, անձին այդ իրավունքը վերապահելով, նման նպատակ չի ունեցել: Այն կարող է հանդիսանալ կոնկրետ անձի դատավարական շահի ապահովման միջոց, բայց դատավարական շահն օրենքով սահմանված չէ եւ հանգեցնում է վարույթի կազմալուծմանը, խոչընդոտում դրա ընթացքին, ոտնահարում դատավարության այլ մասնակիցների իրավունքները:

Դատախազը Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներից մեջբերեց, ըստ որոնց, ողջամիտ ժամկետում դատաքննությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Գեւորգ Բաղդասարյանը նաեւ հիշեցրեց՝ ուշացած արդարադատությունը խեղված արդարադատություն է: Տուժողների՝ արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի առնչությամբ նա նշեց, որ տուժողը պետք է ունենա իրեն պատճառած վնասի արագ փոխհատուցման իրավունք, ըստ ՄԱԿ-ի, ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականների:

Նա ասաց, որ դատական նիստերը ձգձգելու նպատակով պաշտպանության կողմը կրկնել է իր միջնորդությունները՝ նույնիսկ չկարողանալով ձեւականորեն փոփոխել դրանց հիմքը: Մասնավորապես, նա նկատի ուներ պարբերաբար դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունները: Ըստ դատախազի, դրանց մեջ կանխակալության մասին որեւէ հիմք չի դրվել. «Ամեն անգամ ներկայացրել են, որ դուք անկողմնակալ չեք, քանի որ մերժել եք իրենց առաջին, հետո՝ երկրորդ, այնուհետեւ երրորդ միջնորդությունները»:

Դատախազը խոսեց «ցուցադրական ակցիայի վերածված» դատական նիստերից, անհարկի այլ ձգձգումներից:

Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ Քոչարյանի պաշտպաններն անցել են բարեխղճության ու հաճախ նաեւ ողջամտության սահմանները՝ իրենց տակտիկայի ու դատավարական շահի համար՝ հանգեցնելով հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռության խախտման: Ուստի հորդորեց Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի փուլն ու միջնորդություններ ներկայացնելը, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը:

Դատավորն ասաց, որ միջնորդությունը կքննի այն ժամանակ, երբ ներկա կլինի Յուրի Խաչատուրովի պաշտպանը: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ եթե դատավարության բոլոր մասնակիցները գան՝ իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Այս հարցը եւս կքննարկվի ավելի ուշ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին, ժամը 13-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930