«Այո, խնդիր կա, որովհետեւ միջազգային փորձում չկա մի օրինակ, որն ատելության խոսքի հարցը լուծած կլինի: Խնդիրն ավելի է սրվում Հայաստանում՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրողությունները»,-«Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած՝ «Ատելության խոսքը մեդիայում. հայաստանյան իրողություններ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Մեզանում ատելության խոսքը հիմնականում ոչ թե էմոցիոնալ դրսեւորում է, այլ մտադրված գործողություն՝ ուղղված այլ անձի արժանապատվությունը վիրավորելուն»,-նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ատելության խոսքի տարածման ամենամեծ հարթակը «Ֆեյսբուքն» է, որտեղ մեկնաբանություններում եւ անգամ գլխագրերում կարող ենք հանդիպել նման որակումների. «Խնդիր կա նաեւ ԶԼՄ-ների հետ, որոնք կարող են, օրինակ, «ֆեյք» կամ իրական օգտատերերի նման բառամթերքը արտատպել իրենց կայքերում եւ դրա համար պատասխանատվության չենթարկվել, այդ թվում՝ իրենց իսկ կայքերի մեկնաբանություններում առկա ատելության խոսքի համար»:
Պատգամավորը կարծում է, որ թեեւ ատելության խոսքի խնդրի լուծումը բարդ է, բայց առաջնահերթ պետք է կենտրոնանալ լրատվադաշտի օրենսդրական կարգավորումների վրա. «Մեր քաղաքական թիմն էլ պետք է էլ ավելի ուշադիր լինի իր հանրային խոսքի հանդեպ, որպեսզի չվերարտադրվի այն: Մեր ընդդիմախոսներից էլ պետք է պահանջենք նման բառամթերքով չխոսել, ինչը, ցավոք, բարդ է եւ դժվար է ստացվում վերջերս: Ամեն դեպքում, մեր քաղաքական թիմն ամեն ինչ անում է, որ հանրության համար վատ օրինակ չծառայի եւ ատելության խոսք չօգտագործի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից