Բիշքեկի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Դատարանը վճռել է նաև առգրավել Աթամբաևի ունեցվածքը՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինական ազատ արձակելու գործով, հաղորդում է Interfax գործակալությունը:
Դատարանն Աթամբաևին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի կազմակերպման համար և դատապարտել է 11 տարի և 2 ամիս ազատազրկման՝ գույքի առգրավմամբ: Բացի այդ՝ դատարանը վճռել է նաև զրկել Աթամբաևին պետական պարգևներից:
Պաշտպանությունը դատավճիռը համարում է անարդար և մտադիր է առաջիկայում բողոքարկել այն ավելի բարձր ատյանում: Քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման համար մեղավոր է ճանաչվել նաև երկրի նախկին գլխավոր դատախազը և մի քանի այլ պաշտոնյա:
Պետության նախկին ղեկավարը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և դատավարությունը քաղաքական հետապնդում է համարում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ